ԵԱՀԿ ՄԽ հետագա գործունեությունը պահանջված է՝ առաջին հերթին ուղղված վստահության մթնոլորտի ձևավորմանը. Լավրով

«Հայ-ռուսական հարաբերությունները կարևոր գործոն է խաղաղության և կայունության համար Հարավային Կովկասում»,- այս մասին այսօր Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական այցի շրջանակում տեղի ունեցող մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարարը՝ անդրադառնալով երկկողմ հարաբերություններին:

Նա նշեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը ժամանակով փորձված դաշնակիցներ ու ռազմավարական գործընկերներ են:

Լավրովն առիթից օգտվելով՝ շնորհավորեց հայ ժողովրդին, բոլոր հայ ընկերներին գալիք Հաղթանակի օրվա կապակցությամբ Հայրենական պատերազմում, որը նա որակեց՝ որպես սուրբ օր, ասելով, որ այդ հաղթանակը հայ և ռուս ժողովուրդների, ԽՍՀՄ ժողովուրդների ընդհանուր սեփականությունն է:

«Միասին զգուշությամբ պահպանում ենք Կարմիր բանակի մասին մեր հիշողությունը, որն աշխարհը փրկեց ժանտախտից»,- ասաց նա:

Լավրովն ասաց, որ բանակցությունների ընթացքում արձանագրեցին, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ակտիվորեն զարգանում է քաղաքական երկխոսությունը՝ առաջին հերթին բարձր և բարձրաստիճան մակարդակում:

«Մեր ղեկավարները միայն այս տարի երկու լիարժեք ուղիղ հանդիպում են ունեցել, 8 հեռախոսազրույց, երկու անգամ հանդիպել են կառավարությունների ղեկավարները, կա լավ համագործակցություն նաև գերատեսչությունների և նախարարությունների մակարդակով»,- ասաց Լավրովը:

Ռուս նախարարը նաև տեղեկացրեց, որ այսօր ստորագրել են «Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով» փոխըմբռնման միջկառավարական հուշագիրը, որի իրագործումը կոչված է էական ներդրում ունենալ համագործակցության հետագա զարգացման հարցում այս նրբազգաց և ակտուալ ոլորտում, կօգնի ամրապնդել բիոլոգիական անվտանգությունը մեր ընդհանուր տարածքի:

Սերգեյ Լավրովը տեղեկացրեց նաև, որ քննարկել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համատեղ ջանքերը:

Նրա փոխանցմամբ, Ռուսաստանը Հայաստան է մատակարարել մի քանի տասնյակ հազար «Սպուտնիկ V» պատվաստանյութ և ներկայումս մշակվում է Երևանի կողմից ևս 1 միլիոն չափաբաժնի ձեռքբերումը, ինչպես նաև պատվաստանյութի արտադրության կազմակերպումը ՀՀ տարածքում:

«Մանրամասնորեն անդրադարձել ենք ԼՂ շուրջ իրավիճակին, նշեցինք ձեռք բերված առաջընթացը և իրավիճակի կայունացումը: Մենք չենք նվազեցնում ջանքերը՝ տուն վերադարձնելու համար բոլոր պահվող անձանց, ականազերծումը, ապահովելու համար մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը»,- ասաց նա: Ըստ նրա, իրավիճակի կարգավորման հարցում կարևոր ներդրում է ունենում եռակողմ աշխատանքային խումբը փոխվարչապետների գլխավորությամբ, որոնք քննարկում են տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը:

Լավրովի որակմամբ, այս աշխատանքի հաջողությունը որոշիչ նշանակություն է ունենալու՝ հետհակամարտային փուլում ընդհանուր մթնոլորտի կարգավորման և ստեղծարար համագործակցություն ձևավորելուն ուղղված անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար։

«ԵԱՀԿ ՄԽ հետագա գործունեությունը պահանջված է՝ առաջին հերթին ուղղված վստահության մթնոլորտի ձևավորմանը»,- ասաց Լավրովը:

Նա նաև ասաց, որ հայ-ռուսական հարաբերությունները համարում է կարևոր գործոն խաղաղության և կայունության համար Հարավային Կովկասում:

Տեսանյութեր

Լրահոս