ԱՄՆ-ի նախկին պաշտոնյաները նշել են Պուտինի և Բայդենի հանդիպման հնարավոր վայրերը
ԱՄՆ-ի նախկին պաշտոնյաները և վերլուծաբանները ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի միջև գագաթնաժողովի անցկացման համար հնարավոր վայրերի թվում նշում են Ռեյկյավիկը, Պրահան, Լյուբլյանան և Բաքուն: Այդ մասին հաղորդել է Politico-ն:
«Այն ժամանակ երբ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կպատրաստվեն հնարավոր անհատական հանդիպման, նրանց օգնականները կփորձեն որոշել լավագույն վայրը…»,-գրում է հրատարակությունը:
ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, առանձին երկրներ արդեն առաջարկել են իրենց գլխավոր քաղաքները՝ որպես հնարավոր հարթակ միջոցառումների անցկացման համար: Դրանց թվում են՝ Շվեյցարիան, Ֆինլանդիան և Ավստրիան:
Մինչդեռ, ամերիկացի նախկին պաշտոնյաները և վերլուծաբանները թերթին հայտնել են, որ չարժե բացառել նաև այլ քաղաքներ՝ որպես հանդիպման հնարավոր վայր:
Մայիսի 4-ին Բայդենը հայտարարել է, որ ինքը «հուսով է և սպասում է» Պուտինի հետ հանդիպման, երբ հունիսի կեսերին Եվրոպա կուղևորվի ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ հանդիպելու համար, G7-ի գագաթնաժողովին և ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովին:
Ամերիկացի նախկին պաշտոնյաները և վերլուծաբանները կարծում են՝ լավ է, որ ԱՄՆ-ի նախագահը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպի մոտ գտնվող երկրներից մեկի մայրաքաղաքում:
Հնարավոր տարբերակներից նրանք նշել են Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկը, Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահան, Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանան և Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն:
Ապրիլի վերջին ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Բայդենը կարևոր է համարում Պուտինի հետ շփվել ուղղակիորեն՝ նպատակ ունենալով փորձել երկու երկրների միջև հարաբերություններն ավելի կանխատեսելի դարձնել:
Սալիվանն ընդգծել է, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն ներկայում «ակտիվորեն քննարկում են» նման հանդիպում կազմակերպել «այս ամռանը երրորդ երկրում, Եվրոպայում»,-հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: