Նոր ավազամրրիկը հասել է Պեկին
Այս տարի թվով հինգերորդ ավազամրրիկը մայիսի 5-ի ցերեկը հասել է Պեկին, օդում սաստիկ զգալի են փոշին ու ավազը: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Այս տարի առաջին եւ վերջին 10 տարվա ընթացքում ամենաուժեղ ավազամրրիկը մարտի 15-ին տեղի է ունեցել Պեկինում, երբ օդի որակը կտրուկ վատացել է եւ աղտոտվածությունը հասել առողջության համար վտանգավոր մակարդակի, երկրորդը տեղի է ունեցել մարտի 28-ին, երրորդը՝ ապրիլի 15-ին, իսկ չորրորդը՝ ապրիլի 26-ին: Պեկինի ժամանակով մոտավորապես 13:40-ին (Երեւանի ժամանակով 08:40-ին), Պեկինի օդերեւութաբանական ծառայության տվյալներով, քամին նկատելիորեն սաստկացել է քաղաքում, Չինաստանի մայրաքաղաքի արեւմուտքում քամու պոռթկումները հասնում են 7-8 բալի, ճանապարհներին տեսանելիությանը կազմում է 3-5 կիլոմետր:
Օդում զգացվում է փոշու ուժեղ հոտ: Պեկինի օդերեւութաբանական ծառայությունն ավելի վաղ հրապարակել է նախազգուշացման «կապույտ» մակարդակ՝ կապված վերահաս ավազամրրիկի եւ ուժեղ քամու հետ: Իշխանությունները բնակիչներին հանձնարարում են տանից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, ավտոմեքենաները չկայանել մեծ ծառերի եւ բարձր շենքերի մերձակայքում, մանկապարտեզներին եւ դպրոցներին հանձնարարվել է դադարեցնել բոլոր պարապմունքներն ու միջոցառումները բաց օդում: Փորձագետները Պեկինում ավազամրրիկների բարձր հաճախականությունը բացատրում են եղանակային պայմաններով. ավազուտային շրջաններում այս տարվա մարտին համեմատաբար տաք է եղել, իսկ տեղումները՝ քիչ, որն էլ դարձել է ավազամրրիկների առաջացման հիմնական պատճառը: Դիտարկումները ցույց են տալիս, որ այս տարի ավազուտներում ձնածածկույթը շատ քիչ է եղել, քան սովորաբար լինում է ընթացիկ տարեշրջանում: