
Խցանվել է Ստեփանակերտին ջուր մատակարարող խողովակաշարը․ ջուրը պղտորված է. ջրի ծավալները կկրճատվեն

Ստեփանակերտի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ սելավների պատճառով խցանվել է Ստեփանակերտին ջուր մատակարարող խողովակաշարը, ինչի հետևանքով քաղաքի զտիչ կայան հասնող ջրի ծավալները զգալիորեն նվազել են: Բացի այդ, ջուրը պղտորված է, և այն մաքրելու համար սովորականից ավելի երկար ժամանակ է պահանջվում: Ուստի բաժանորդներին մատակարարվող ջրի ծավալները նույնպես կկրճատվեն, իսկ որոշ դեպքերում՝ նաև ժամանակավոր անջատումներ կլինեն:
«Ջրմուղ-կոյուղի» ընկերության բրիգադները աշխատանքներ են տանում վթարի վերացման ուղղությամբ:
«Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը և, ի պատասխան շրջանառվող լուրերի, հավաստիացնում ենք՝ ջրամատակարարման համակարգի խնդիրները պայմանավորված են բացառապես եղանակային պայմաններով»,-ասվում է հայտարարության մեջ: