
Սիրիայում Ռուսաստանի աջակցությամբ շուրջ 1000 դպրոց է վերականգնվել

Սիրիայի իշխանությունները Ռուսաստանի զինվորականների աջակցությամբ ենթակառուցվածքների հետպատերազմյան վերականգնում են իրականացնում 345 բնակավայրերում. 2018 թվականին Ռուսաստանի միջգերատեսչական կոորդինացիոն շտաբի աշխատանքն սկսելվուց ի վեր վերականգնվել է շուրջ հազար ուսումնական հաստատություն եւ ավելի քան 250 հիվանդանոց: Այդ մասին մայիսի 5-ին լրագրողներին հաղորդել են Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնում (ՀԿՀԿ): «Ընդամենը 2018 թվականի հուլիսի 18-ից ի վեր Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում վերականգնվել է 983 ուսումնական եւ 253 բժշկական հաստատություն, մեկ մարզադպրոց, 4927 բնակելի տուն, 24,5 կիլոմետր ջրմուղային ցանց, խմելաջրի չորս ջրհոր, երեք մշակութա-ժամանցային օբյեկտ, երկու վարչական շենք, 0,1 կիլոմետր մայթեր»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ճշտվում է, որ գրեթե երեք տարվա ընթացքում անցկացրել են 1457,32 կիլոմետր էլեկտրահաղորդման գծեր, շահագործման է հանձնվել 264 ջրամատակարարման օբյեկտ, 323 հացի փուռ, 820 էլեկտրաենթակայան, չորս ավտոլցակայան, 14 հազար 453 արդյունաբերական ձեռնարկություններ: Սիրիայի իշխանություններն իրականացնում են այն ենթակառուցվածքների վերականգնման ծրագիրը, որոնք տուժել են Հալեպի, Դամասկոսի եւ Խամայի նահանգների տարածքներում անցկացված մարտական գործողությունների ընթացքում, որպեսզի փախստականները վերադառնալուց հետո կարողանան ապրել նորմալ պայմաններում: Ռուսաստանի ՀԿՀԿ-ն իր հերթին օգնություն է ցուցաբերում այս աշխատանքում, ինչպես նաեւ փախստականների տեղափոխման գործում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: