Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել
Ապրիլի 27-ին ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին։
Ժամը 2.30-ի սահմաններում քրեական հետախույզները Վայք քաղաքի Ջերմուկի խճուղուց, «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին Երևան քաղաքի 23-ամյա մի բնակչի՝ Չարենցավանում բնակվող 18-ամյա ուղևորի հետ:
23-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակով չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով կանեփանման զանգված և գորշ գույնի զանգվածով կաթուցիչ:
Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեցին թղթե փաթեթներով կանեփանման բուսական զանգված և փայլաթիթեղյա փաթեթներով՝ շագանակագույն, շոկոլադի սուր հոտով զանգված: Մեքենայում հայտնաբերվածը 18-ամյա ուղևորինն էր: Պարզվեց, որ շագանակագույն զանգվածը նա ձեռք էր բերել բջջային հեռախոսի «Տելեգրամ» հավելվածի միջոցով։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Նշանակվել են փորձաքննություններ: