«Մեր ամսական առևտուրը 30-35 հազար դրամից դարձել է 47.000 դրամ». քաղաքացիները՝ թանկացումների և ապագայի մասին

168.am-ն այսօր հարցում է անցկացրել Երևանում՝ պարզելու, թե մեր համաքաղաքացիները թանկացումներ նկատե՞լ են, թե՞ ոչ, մասնավորապես ո՞ր ապրանքներն են թանկացել և որքանո՞վ:

«Ես խանութից չեմ օգտվում, առնում-բերում են տուն, էլի, բայց գիտեմ, որ թանկացել է: Առաջ 10.000 դրամով ավելի շատ առևտուր էինք անում, քան հիմա: Ամեն ինչը թանկացել է»,- ասաց քաղաքացիներից մեկը:

«Թանկացումներ շատ եմ նկատել, ամեն ինչ թանկացել է»,- ասաց մեկ ուրիշ կին:

«Թանկացումներ նկատել եմ, բայց վերջին մեկ շաբաթվա մեջ որոշակի անկում էլ եմ նկատել: Հիմնականում թանկացել է ձուն, կաթնամթերքը՝ 10-20 տոկոսով, նկատվում է: Կարծում եմ՝ հիմա 10.000 դրամը հավասար է առաջվա 1000 դրամին: 5000 դրամը հազիվ է հերիքում օրվա սնունդին»,- ասաց անցորդներից մեկը:

«Նկատել եմ, յուղն է թանկացել, շատ բաներ, էլի: Չեմ կարող նախորդ տարիների հետ համեմատել, որովհետև տեղացի չեմ, յուղի մասին էլ մարդիկ խոսում էին, դրանից իմացա, որ թանկացել է»,- ասաց քաղաքացիներից մեկը:

«Ոչ թե նկատել եմ, այլ ամեն օր տեսնում եմ, որ թանկացել է: Ես սննդամթերք եմ առնում  հիմնականում, և սննդամթերքը թանկացել է: Ես մեծահասակ եմ, շատ առաջ, եթե ես 5000 դրամ ունենայի՝ 1 տարի կապրեի, հիմա չգիտես՝ ինչ ես առնում, մի քանի բան վերցնում ես, արդեն 5000 դրամը գնացել ա, բայց ընդամենը հաց ես առել, մի կտոր պանիր ու ինչ-որ բան»,- ասաց մի տղամարդ:

«Հա, ո՞նց չեմ նկատել: Հիմնականում ձեթը, շաքարավազն ու ալյուրն են թանկացել: Ամեն ամսվա մեր առևտուրը ընդհանրապես կազմում էր 30-35 հազար դրամ, իսկ նախորդ ամիս այդ նույն առևտուրը դարձել է 47.000 դրամ»,- ասաց անցորդներից մեկը:

«Ոչ, չեմ նկատել, ես Երևանում հաճախ չեմ լինում, հիմնականում Արարատի մարզում եմ բնակվում, չեմ հանդիպել շատ թանկացումների»,- ասաց մի կին:

«Լրիվ թանկացել ա, տենց բան չկա, որ թանկացած չլինի՝ սկսած կաթնամթերքից, որ խանութը, սուպերմարկետը, կրպակը մտնես՝ նույնն է, էդ խեղճ կրպակներն արդեն երևի վերանան, որովհետև շատ թանկ է, ամեն ինչն է թանկ: Կար ժամանակ՝ 1000 դրամով ապրում էինք, բայց հիմա բացառվում է, 2-3000 դրամ գոնե պետք է լինի, երկու հոգի ենք՝ ես ու կինս, մի կերպ յոլա ենք գնում: Կոմունալները գցում ենք երեխեքի վրա, չենք կարող, էլի, 30-35 հազար դրամ թոշակ ենք ստանում: Պարոն Նիկոլն ասեց՝ 50.000 դրամից ցածր պիտի թոշակ չստանանք, «նաղդի» չենք ստանում հլը»,- ասաց մի տղամարդ:

«Թանկացումներ նկատել եմ, հացն է թանկացել, ձեթը: Պարզ է, որ հիմա ավելի քիչ բան ենք կարողանում գնել, քան մեկ տարի առաջ, բայց ամբողջ աշխարհում է թանկացումներ՝ կապված Քովիդի հետ»,- ասաց մեկ այլ քաղաքացի:

«Իհարկե, ամեն ինչն է թանկացել, սննդամթերքն ամբողջովին՝ և՛ կաթնամթերքը, և՛ հացը: Չեմ կարող համեմատել»,- ասաց մի կին:

«Թանկացումներ, այո, նկատել եմ: Ամեն ինչն է թանկացել: Չենք կարող 5000 դրամով գնել այնքան մթերք, ինչքան մեկ տարի առաջ»,- ասաց անցորդներից մեկը:

Մեր համաքաղաքացիներից նաև հետաքրքրվեցինք, թե Հայաստանում ապագա կա՞, եթե կա, ապա ո՞ր քաղաքական գործչի առաջնորդությամբ:

«Ներկա պահին չեմ տեսնում ապագան: Չկա քաղաքական ուժ, որի հետ ես ապագա տեսնում եմ»,- ասաց մի տղամարդ:

«Հայաստանում միանշանակ ապագա կա, հատկապես՝ երիտասարդությունը, իմ կարծիքով՝ և՛ գրագետ է, և՛ պահանջատեր է, ձգտումներով լի են: Չեմ ուզենա նշել, թե որ քաղաքական գործչի հետ եմ տեսնում Հայաստանի ապագան, հիասթափությունները մեծ են, բայց յուրաքանչյուրի մեջ էլ լավ գծեր տեսել եմ, չեմ կարող ժխտել, սպասենք, հուսանք»,- ասաց անցորդներից մեկը:

«Շատ եմ ուզում հուսալ, որ Հայաստանում ապագա կլինի: Սկզբից երևի մարդիկ պետք է բլոկադան իրենց գլխից հանեն, ու նոր մատրիցա Հայաստանի համար լինի, որ պետությունը զարգանա, առանց պետության զարգացման՝ ապագա չի լինում ոչ մի երկրում, ոչ միայն Հայաստանում: Ես էդքան չեմ հետևում, բայց չեմ նկատել նման քաղաքական գործիչ»,- ասաց քաղաքացիներից մեկը:

«Ո՞նց չկա, Նիկոլ Փաշինյանի հետ միայն»,- ասաց մի կին:

«Ես լավատես եմ, Հայաստանն ավելի ծանր օրեր է տեսել, եթե մենք խելամիտ լինենք, հայերին խելամտությունն է պակասում, բայց մենք անհամբեր ենք, ուզում ենք վաղը, էսօր շատ լավ լինի, մեր ապագան լավ է լինելու, ուղղակի պետք է պայքարող լինենք ու համբերատար: Ճիշտն ասած, հիմա չեմ տեսնում այն քաղաքական գործչին, ում հետ ապագա ունի Հայաստանը: Եթե լիներ Կարեն Դեմիրճյանը մեր երկրի ղեկավարը… երկրի ղեկավարը պետք է լինի փորձ ունեցող, պատրաստված, նույնիսկ ամենաազնիվ մարդը, եթե փորձ չունի, չի կարող երկիր ղեկավարել»,- ասաց մի տղամարդ:

«Ապագա անպայման կա: Էս պահին չեմ տեսնում այն քաղաքական գործչին, որի հետ կլինի այդ ապագան»,- ասաց անցորդներից մեկը:

«Հայաստանում, իհարկե, ապագա կա: Հայ ժողովուրդն ամեն ինչ անող է, հայի համ ամենալավն է լավ, համ ամենավատը: 2018-ին գնացել Նիկոլին եմ ընտրել, հիմա չեմ գնալու, թող իմ ժողովուրդն ընտրի, ում կընտրի՝ կընտրի: Ասե՞մ՝ ում կուզեմ տեսնել վարչապետի պաշտոնում, ինձ թվում է՝ մենակ… լավ է, չեմ ասի անուն»,- ասաց մի տղամարդ:

«Հայաստանում ապագա՞… մեզանից է կախված՝ Հայաստանում ապագա կա՞, թե՞ չկա, բոլորիցս: Այս պահին չկա քաղաքական գործիչ, որի հետ ես Հայաստանի ապագան տեսնում եմ»,- ասաց անցորդներից մեկը:

«Ցավ եմ ապրում, չեմ ուզում պատասխանել էդ հարցին»,- ասաց մի կին:

Տեսանյութեր

Լրահոս