«Երևի նախընտրական օրերն են մոտենում, և իրենք դրանից շատ են լարված». Տարոն Սիմոնյանը՝ Հրաչյա Հակոբյանի ելույթի մասին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նիստերի դահլիճում իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի ելույթին, նրա դիտարկումներին և Հրաչյա Հակոբյանի հակադարձումներին:
«Այսօր իշխող խմբակցության շատ պատգամավորներ, գործադիր իշխանության ներկայացուցիչներ առիթը բաց չէին թողնում ընդգծելու թշնամու հետ բարեկամությունը, անգամ խոսքերի մեջ ասել էին, որ հարմար առիթ է հայ-ադրբեջանական բարեկամություն հաստատելու մասին: Սա ուղղակիորեն հակասում էր մեր պետական քաղաքականությանը, որն ըստ էության վեր պետք է բարձրացնել Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը, թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականության շարունակականությանը, որն արտահայտվում էր էթնիկ զտումներով, քաղաքացիական բնակչության սպանություններով, գերիների խեղումներով, խոշտանգումներով ու սպասումներով»,- նշեց Տարոն Սիմոնյանը:
Նրա բնորոշմամբ, այս ամենը մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են, հետևաբար՝ նման գործողություններ իրականացնող պետության հետ բարեկամական հարաբերություններ հաստատել հնարավոր չէ:
«Իմ խոսքն ուղղված էր նրան, որ փաստորեն իշխող խմբակցության որոշ պատգամավորներ այսօր ընդգծված ձևով արտահայտեցին իրենց կարծիքը, որ փաստորեն Ադրբեջանը բոլոր կարմիր գծերն անցել է և շարունակում է իր այդ քաղաքականությունը: Ես էլ նրանց շնորհակալություն հայտնեցի, որ վերադարձել են այս հուն»,- հավելեց պատգամավորը:
Անդրադառնալով իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի խորհուրդներին, թե ԼՀԿ պատգամավորները կարող են գնալ ու ընտրել երրորդ տարբերակը, Տարոն Սիմոնյանը հակադարձեց՝ իշխանության ներկայացուցիչներն են ամեն օր զբաղված պոպուլիզմով:
«Օրինակ, իրենք վստահ են, որ ես մասնակցելու եմ ընտրություններին, որ նախընտրական քարոզարշավ եմ իրականացնում: Մեր պետությունը պետք է հստակ քաղաքական գիծ ունենա և ցեղասպան քաղաքականություն վարող պետության հետ բարեկամության մասին չխոսի, մինչև նրանց ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին չբերի պատասխանատվության դաշտ»,- շեշտեց պատգամավորը:
Թե ինչու իր բնորոշումից բորբոքվեց Հրաչյա Հակոբյանը, Տարոն Սիմոնյանը պատասխանեց. «Երևի արդեն նախընտրական օրերն են մոտենում, և իրենք դրանից շատ են լարված և ուզում են առիթ փնտրեն իրենց հուզականություննն ապահովելու համար՝ ձայներ քաղելու համար»:
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն այսօր խորհրդարանի ամբիոնից անդրադարձավ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը քանդելուն և հայկական հետքը վերացնելուն ուղղված թշնամու ձեռնարկած քայլերին:
Ելույթին արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, նշելով, որ ուրախ է, քանի որ իշխանական պատգամավորը վերադարձավ հայամետ քաղաքականության:
Տարոն Սիմոնյանի այս ելույթից հետո պատասխան ելույթով հանդես եկավ իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, Տարոն Սիմոնյանին կոչ անելով հավաքել իրեն և նման բաներ չխոսել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում