«Որևէ մեկն այդքան չի խանգարում ժողովրդավարության զարգացմանը , որքան ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը»․ Դանիել Իոաննիսյան
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մի «հիանալի» նորություն ունեմ.
Հունիսի 20-ի ընտրությունները լինելու են հին ընտրական օրենսգրքով: Բացի ռեյտինգային ընտրակարգից որևէ այլ կարգավորում չի փոխվելու առաջիկա ընտրությունների համար:
Այո, «Իմ քայլը» խմբակցությունն ու ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը շարունակում են զարմացնել՝ նույնիսկ պատրաստի ռեֆորմները տապալելու իրենց բացառիկ կարողությամբ:
Մարդիկ են, որոնք 2 տարուց ավել, ունենալով աննախադեպ մեծամասնություն Ազգային ժողովում, չկարողացան (իսկ ոմանք՝ չուզեցին) բարեփոխել ընտրական օրենսգիրքը:
Երևի կարող եմ չհիշացնել ընտրական բարեփոխումներ անելու Նիկոլ Փաշինյանի բոլոր խոստումները՝ սկսած 2018-ի ապրիլից, կառավարության ծրագրից և վերջացրած 2020-ի նոյեմբերի 18-ի ճանապարհային քարտեզով:
Ու այս տապալման միակ մեղավորը հենց «Իմ քայլն» է. ոչ հանրապետության նախագահը, ոչ դատարանները, ոչ նախկինները, ոչ ադրբեջանցիք և ոչ էլ ընդդիմությունը:
Հստակեցնեմ՝ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովն այսօր որոշեց, որ հետաձգում է ընտրական օրենսգրքի քննարկումը, ինչը նշանակում է, որ ԱԺ-ն այն չի ընդունի նախքան ընտրությունների նշանակումը: Իսկ նշանակումից հետո, բնականաբար, կանոնները չեն փոխվելու:
Հ.Գ. Առհասարակ, որևէ մեկն այս երկրում այդքան չի խանգարում ժողովրդավարության զարգացմանը (կամ չնահանջմանը), որքան ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը (և, իհարկե, դրա «հոգևոր հայր» Արարատ Միրզոյանը)»: