ԱՄՆ-ն իր նպատակը համարում է ԿԺԴՀ-ի միջուկազերծման հարցի լուծումը գտնելը
ԿԺԴՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը թշնամական չէ, այն ուղղված է Կորեական թերակղզու միջուկազերծման խնդրի լուծմանը: Այդ մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Հյուսիսային Կորեայի նկատմամբ մեր քաղաքականությունը թշնամական բնույթ չի կրում: Այն նպատակաուղղված է` վերջին հաշվով հասնելու Կորեական թերակղզու լիակատար միջուկազերծմանը»,-ասել է Սալիվանին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նա նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է փոխգործակցել Հյուսիսային Կորեայի հետ՝ միջուկազերծման բնագավառում գործնական քայլերը քննարկելու համար, բայց, նրա խոսքով, «հարկ է աշխատել գործնական միջոցներով, որոնք կարող են օգնել՝ առաջընթացի հասնել դեպի այդ նպատակը տանող ճանապարհին»:
Ապրիլի 30-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին հայտարարել է, որ Ջո Բայդենը եւ նրա թիմը Փհենյանի հարցում չեն ընթանա ԱՄՆ-ի նախկին վարչակազմերի քաղաքականության հունով, որն իրական արդյունքների չի հանգեցրել միջուկազերծման բնագավառում: ԿԺԴՀ-ի նկատմամբ Վաշինգտոնի նոր քաղաքականությունը «ուղղված չի լինելու մեծ գործարքի ձեռքբերմանը», այն «պահանջում է կշռադատված, գործնական մոտեցում», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: