Ցուգցվանգ՝ գլխավոր դատախազի մասնակցությամբ. Արթուր Դավթյանը՝ սեփական անսկզբունքայնության ծուղակում

Ապրիլի 30-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ազգային ժողովում էր: Նա ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնում էր ՀՀ դատախազության 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը:

Հատկանշական է, որ ընդդիմադիր որևէ պատգամավոր չօգտվեց գլխավոր դատախազին հրապարակային հարցեր տալու իր իրավունքից, ու չմասնակցեցին պետաիրավականի նիստին: Հավանաբար նաև դրանից ոգևորված՝ Արթուր Դավթյանն ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում այնպիսի մտքեր էր արտահայտում, որ կողմնակի դիտորդի մոտ մերթ ժպիտ, մերթ զայրույթ էր հարուցում:

Գլխավոր դատախազը նախ ասաց, որ Կապանի մարզպետարանում Սյունիք այցի հետ կապված Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հրահանգներն ամենևին էլ հրահանգներ չեն եղել, և գործընթացն ամբողջությամբ իրավական է։

«Ինձ նման հրահանգ չի իջեցվել, ձեր թվարկած պաշտոնատար անձինք համարվում են վարչապետին առընթեր պետական մարմինների ղեկավարներ, և տեղի ունեցած իրադարձություններին կառավարության ղեկավարը, կարծում եմ, իր ենթակաների հետ կարող է կիսվել»,- հայտարարեց գլխավոր դատախազը:

Ինչ խոսք, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի կարծիք ունենալ որևէ երևույթի վերաբերյալ, բայց հետաքրքիր է, գլխավոր դատախազի միջավայրում բոլո՞րն են նման կերպ «կիսվում», «կանգնիր-նստիր 2» տրամաբանության մեջ «շեֆի» հարցերին պատասխանում խեղճացած, կամ, ասենք, երբ դեռ քրեական գործերը չհարուցված՝ Քննչական կոմիտեի ներկայացուցչին հարցնում է՝ ի՞նչ եք արել մինչև հիմա, դա է՞լ է «կիսվել» կոչվում:

Հետո Արթուր Դավթյանը հայտարարում է, թե  փնտրում է այն մարդուն, ով իրեն է մեղադրում 2008 թվականի մարտյան դեպքերին առնչվող գործը տապալելու մեջ, ապա հույս հայտնում, որ ՍԴ-ում իր դիմումը կբավարարվի:

«Եթե մեզ հաջողվում է հասնել մեր դիմումի բավարարմանը Սահմանադրական դատարանում, մենք հնարավորություն ենք ստանում այդ գործով ամբաստանյալների արարքները վերաորակելու և ըստ էության գործի քննությունը շարունակելու, ապացույցները հետազոտելու: Իսկ եթե մեր դիմումը չի բավարարվում, այսինքն՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերաորակման հնարավորություն մեզ չի տալու, ուրեմն ստացվում է, որ մենք իմ ասած իրավական ճանապարհով չենք կարողանալու գնալ»,- նշեց Արթուր Դավթյանը:

Հաջորդիվ գլխավոր դատախազը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ դատախազությունում 1650 գործ է հարուցվել, և, որ այդ գործերն առնչվում են թե՛ ադրբեջանցիներին, թե՛ Հայաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներին։ Այլ մանրամասներ Դավթյանը չփոխանցեց, չհերքեց՝ իրավական ընթացակարգի մեջ են մտել նաև Փաշինյանի դեմ ուղղված դավաճանության մեղադրանքները կոնկրետ զինվորականների կողմից։ Հարցաքննվե՞լ է վարչապետը, թե՞ ոչ, չմանրամասնեց:

Այսինքն՝ երբ սեփական PR-ի համար Քննչական կոմիտեում քննիչի սենյակից լայվ էր անում, դա նորմալ էր, գաղտնիք չկար, բայց կոնկրետ պետական դավաճանության մեջ մեղադրվելու մասին հարցաքննության վերաբերյալ տեղեկատվությունը պետական կամ նախաքննական գաղտնիք է:

Բայց վերոբերյալը ոչինչ էր այն դարակազմիկ մտքի համեմատ, որը գլխավոր դատախազը երկնեց Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանի հետ կապված խայտառակ դեպքի առնչությամբ:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին 168.am-ի էլեկտրոնային հասցեին սկանդալային տեսանյութեր էին ստացվել, որոնցում հստակ երևում էր, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին։

Նույն քննիչ Արթուր Այվազյանը, ըստ մեր ներկայացրած տեսանյութերի, էլեկտրոնային նամակագրությամբ Աննա Վարդապետյանին է փոխանցում բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ: Տեսանյութերում նաև կան տարբեր մարդկանց անուններով word (և այլ) փաստաթղթեր, որոնք, ինչպես պարզեցինք, այդ գործով վկաների անուններն են ներառել: Այդ մարդկանց անուններով փաստաթղթերի առկայությունը նախաքննական մարմնի և Նիկոլ Փաշինյանի՝ իրավական գծով խորհրդականի նամակագրության մեջ ողջամիտ հիմք է տալիս ենթադրել, որ պետական պաշտոնատար անձինք համագործակցված կերպով, փաստորեն, «աշխատել են» նաև վկաների հետ:

Քննիչը նաև էլեկտրոնային նամակագրությամբ Ռուբեն Հայրապետյանի՝ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններն էր փոխանցել Աննա Վարդապետյանին:

Մեծ աղմուկ բարձրացավ, դատախազությունը ստիպված, փոխանակ ինքն անմիջապես գործ հարուցեր, նյութերը փոխանցեց ԱԱԾ-ին, ուր, ինչպես և ենթադրվում էր, քրեական գործի հարուցումը մերժվեց, ի դեպ, մեր տեղեկություններով՝ հենց Նիկոլ Փաշինյանի հրահանգով, հենց այն օրը, երբ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց 300.1 հոդվածի՝ հակասահամանադրական լինելու վերաբերյալ:

Ըստ տեղեկությունների՝ ԱԱԾ-ում բավական նյութեր են հավաքվել, փաստական հանգամանքների համակցություն, որոնք բավարար են եղել քրեական գործ հարուցելու համար, սակայն վարչապետի աթոռը զբաղեցրած անձի անմիջական ցուցումով նյութերի ուսումնասիրության 11-րդ օրը մեկ զանգով թեման փակվել է:

Երբ Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների պաշտպան Ամրամ Մակինյանը հրապարակեց քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի որոշման տեքստը, «պարզ դարձավ», որ Աննա Վարդապետյանը, փաստորեն, երկրի իրավական մտքի թիվ մեկ գուրուն է, բայց բարի գուրու է, և բարի կամք դրսևորելով է «օգնել» քննիչին:

Հիմա տեսնենք՝ ինչ է ասում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը թեմայի առնչությամբ:

«Այն մասով, որով  կայացվել է որոշում, մենք գտել ենք, որ այնտեղ հանցագործության դեպք չկա։ Փաստն այն է, ինչ վարույթի ընթացքում արձանագրվել է, որ խոսքը վերաբերել է կոնկրետ մասնագիտական քննարկումների։ Ըստ այդ փաստական տվյալների՝ նա որպես վարչապետի խորհրդական չի գործել։ Հիմա եթե այստեղից քայլենք, ու դուք մոտենաք ասեք՝ ես այսպիսի իրավական խնդիր ունեմ, կարող է ես չզլանամ ու Ձեզ իրավական խորհրդատվություն տամ»,- ասաց Արթուր Դավթյանը։

Հարցին՝ այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը բարի կամքի դրսևորո՞ւմ է ցուցաբերել, Արթուր Դավթյանը պատասխանեց.

«Այո։ Դուք թեման նաև անլրջացնում եք, դրանով նաև դատական պրոցես է գնում, հետևեք, գնացեք կարդացեք այդ որոշումը, և այդ որոշման մեջ դուք գնահատականներ կտեսնեք։ Ես հետևել եմ կայացրած որոշման դատախազական հսկողությանը և եկել եմ այն եզրակացության, որ այդ փաստով կայացրած որոշումն օրինական է»։

Հանրապետության գլխավոր դատախազը նաև շեշտեց, որ Աննա Վարդապետյանի կարգավիճակը չի խոչընդոտում, որպեսզի վերջինս այս կամ այն քրեական գործի վերաբերյալ խորհրդատվություն ներկայացնի։

Ամեն դեպքում, Արթուր Դավթյանը լավ կանի՝ կողմնորոշվի. հիմա Աննա Վարդապետյանը որպես խորհրդակա՞ն չի «օգնել» քննիչին, թե՞ նրա կարգավիճակը չի խոչընդոտում, որպեսզի վերջինս այս կամ այն քրեական գործի վերաբերյալ խորհրդատվություն ներկայացնի:

Ի դեպ, ապրիլի 6-ին  հերթական սկանդալային ձայնագրությունը հայտնվեց համացանցում, որը կրկին վերաբերում էր Փաշինյանի նշյալ օգնականին և ապացուցում, որ քրեական գործերով դատավարական «վերահսկողություն» ՀՀ-ում իրականացնում է ոչ թե դատախազությունը, այլ՝ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը։ Համաձայն ձայնագրության՝ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի պետ Արմեն Մարգարյանի տեղակալ Արման Աբրահամյանը ձայնային հաղորդագրություն է ուղարկել նախկին պաշտոնյաների գործերը քննող քննիչներին՝ նրանց տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանը կրկին գնալու է քննչական մարմին։

«Բարի լույս բոլորին. մի րոպե ուշադրություն։

Էն գործերով, որով վարչապետի խորհրդական Աննան էն անգամ եկել էր ստեղ ու քննարկումներ ա եղել, երեքշաբթի նորից քննարկում ա լինելու, ինքը գալու ա՝ ժամը 10-ին։ Ու նենց չլինի, որ էդ գործերով հանկարծ որևէ բան արված չլինի»,- ձայնագրության մեջ ասում է ՔԿ ծանր հանցագործությունների բաժնի պետի տեղակալի օգնականը։

Հիմա ինչպե՞ս հասկանանք՝ ժամը 10:00-ին Աննա Վարդապետյանը խորհրդակա՞ն է, թե՞ ոչ…Ենթադրաբար՝ խորհրդական է, որովհետև աշխատանքային ժամ է, բայց քանի որ քրեական, քրեադատավարական ու բանկային իրավունքի միակ ու բացառիկ մասնագետը Աննա Վարդապետյանն էր, իրեն են դիմել… Հո Ռաֆիկ Հայրապետյանն առանց մեղադրանքի չէ՞ր մնալու, կամ Ռուբեն Հայրապետյանի բանկային գաղտնիք հանդիսացող տվյալները երևի ինչ-որ մեկին շատ էին պետք գուցե…

Հետաքրքիր է միայն՝ այս հեքիաթի հեղինակն անձամբ Արթուր Դավթյա՞նն է, թե՞ համահեղինակ ունի, ասենք, ի դեմս ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի:

Ապրիլի 21-ին փաստաբան Ամրամ Մակինյանն ԱԱԾ էր հրավիրվել Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից արդարադատության իրականացմանը համակարգված ձևով խոչընդոտելու գործով բացահայտված երկրորդ դրվագով բացատրություն տալու:

«Խնդիր չկա, կգնամ ԱԱԾ և երկրորդ անգամ՝ մանրամասն ու փաստարկված կբացատրեմ, թե Աննան ինչպես և ում հրամանով է ուղղորդում քննիչներին…»,- գրել էր Ամրամ Մակինյանը:

Վստահաբար այս գործը ևս այս իշխանության օրոք կկոծկվի, բայց հետաքրքիր կլիներ՝ եթե մի հրաշքով հաջորդ իշխանության օրոք Արթուր Դավթյանը կրկին լիներ գլխավոր դատախազ, ի՞նչ կասեր իր վերոբերյալ մտքերի մասին, կրկի՞ն կպնդեր, թե նորմալ է, որ Աննա Վարդապետյանը մեղադրանքի տեքստ է գրում կամ խմբագրում:

Ինչ-որ մեկն ինչ-որ ժամանակ ասում էր՝ քուանշ, պարոն գլխավոր դատախազ….

Տեսանյութեր

Լրահոս