«Այդ մարդը ժամանակին հայ տեսնելիս լաց է եղել, իսկ այսօր հայերի վրա մատ է թափ տալիս». Փորձագետ

Ադրբեջանցի իրավապաշտպան Ահմեդ Շահիդովը Twitter-ի իր էջում գրել էր, որ հունիսից Ստեփանակերտը լինելու է Ադրբեջանի զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո՝ լինի դա խաղաղ ճանապարհո՞վ, թե՞ ուժի կիրառմամբ: Ըստ նրա՝ հայերը բավականաչափ տեղեկացված չեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, հետևաբար, եթե իրեն չեն հավատում, կարող են հարցնել Նիկոլ Փաշինյանից:

168.amի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը նախ ընդգծեց՝ Շահիդովն այնքանով է իրավապաշտպան, որքան ինքն օդաչու է:

«Այդ տղան խայտառակ հայատյաց, ռազմատենչ ադրբեջանցի է, որը ժամանակին մի խայտառակ գրառում էր կատարել իր բլոգում, այն մինչև այսօր կա: Նա հայերի մասին մի մեծ էսսե էր գրել, որտեղ հային ռեստորանում տեսնելուց հետո զուգարանում նստել ու լացել է, գլուխը պատին է խփել, անիծել այդ հայ մատուցողին: Այսինքն՝ իր ատելության մոլուցքն այդպես է արտահայտել: Այդ մարդը, փաստորեն, ժամանակին հայ տեսնելիս լաց է եղել, իսկ այսօր հայերի վրա մատ է թափ տալիս»,- նշեց Արմինե Ադիբեկյանը:

Միաժամանակ նա ընդգծեց, որ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այսուհետև չի կառավարում Արցախի հետ կապված որևէ գործողություն:

«Այդ պատճառով էլ հարցնել Նիկոլ Փաշինյանին այս ամենի մասին՝ անիմաստ է, քանի որ նա որոշողն ու կանխողը չէ: Փաշինյանն այս գործընթացում սուբյեկտ չէ, այլ օբյեկտ է, դրա համար նա անելու է այն, ինչ նրան հրահանգելու են: Գուցե մի բան գիտի Արայիկ Հարությունյանը, ես չգիտեմ: Ամեն դեպքում, եթե մարդիկ ասում են, որ հունիսին նման բան է տեղի ունենալու, նշանակում է, որ հայկական կողմը պետք է պատրաստ լինի հակադարձելու կամ կանխելու»,- շեշտեց նա:

Ըստ Արմինե Ադիբեկյանի, վերջին երեք տարվա ընթացքում չի հիշում դեպք, որ ՀՀ իշխանությունները որևէ կերպ հակադարձեն կամ պատասխանեն սեփական ժողովրդին իրենց արածների համար:

«Իշխանությունները սուսուփուս իրենց արածն անում են, հետո մեզ կանգնեցնում փաստի առաջ: Վաղուց եմ ասել, մեկ անգամ էլ կկրկնեմ, որ չեմ զարմանա ոչնչից, այնպիսի տպավորություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը սպիտակ թուղթ է ստորագրել, ու Ալիևը դրա մեջ ամեն օր ինչ-որ նոր կետ է մտցնում: Դրա համար առնվազն կարող են չկասկածել, որ նման բան տեղի կունենա»,- եզրափակեց Արմինե Ադիբեկյանը:

Տեսանյութեր

Լրահոս