
Արցախի մի շարք քաղաքների հարակից տարածքներում նախատեսվում են ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ

Արցախի Հանրապետության Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի և Ասկերան քաղաքների հարակից տարածքներում նախատեսվում են ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ: Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The halo trust»ոչ կառավարական կազմակերպությունն այսօր ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի և Ասկերան քաղաքների հարակից տարածքներում»,- ասված է հաղորդագրությունում:
ԱԻՊԾ-ն հայտնում է, որ չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման նպատակով, հանրապետության ամբողջ տարածքում՝ գյուղատնտեսական և զբոսաշրջային վայրերում, իրականացվում են իննժեներահետախուզական աշխատանքներ։
«Որպես կանոն, հայտնաբերված զինատեսակները սակրավորական ջոկատները պայթեցնում են տեղում, հնարավորության դեպքում՝ տեղափոխում անվտանգ վայր։ Պայթյունների ձայներ լսելու դեպքում՝ խնդրում ենք չանհանգստանալ»,- նշված է գրառման մեջ: