Գիտության կոմիտեն հայտարարում է մրցույթ նոր գիտական խմբերի կամ լաբորատորիաների ստեղծման համար

ՀՀ գիտության կոմիտեն հայտարարում է Գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդման աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ։

Այն կազմակերպվում է ս.թ. ապրիլի 8-ի ՀՀ կառավարության որոշմամբ 2021 թ. ՀՀ պետական բյուջեով գիտության ոլորտին տրամադրված միջոցների շրջանակում:

Մրցույթի նպատակն է աջակցել նոր գիտական խմբերի և լաբորատորիաների ստեղծմանը, ինչպես նաև նպաստել արդեն գործող գիտական լաբորատորիաների կամ բաժինների ամրապնդմանը:

Դրամաշնորհները կտրամադրվեն 36 ամիս տևողությամբ, 4-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի ղեկավարների նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված հավակնոտ, բեկումնային և իրագործելի թեմաներին, որոնք կարող են վերաբերել գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններին:

Խմբի ղեկավար կարող է լինել 1981 թ. հունվարի 1-ից հետո ծնված և մինչև 2019 թվականի հունվարի 1-ը գիտական աստիճան ստացած, ինչպես նաև վերջին հինգ տարիների ընթացքում մրցույթի հրավերի պահանջներին համապատասխանող և բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում գիտական հոդվածներ հրապարակած անձը:

Խմբում պետք է ընդգրկվի թեմային առնչվող մասնագիտությամբ առնվազն երկու` մինչև 35 տարեկան կատարող (առնվազն մագիստրատուրայի ուսանող կամ դիպլոմավորված մասնագետ), որոնց տարիքային շեմը կարող է ավելանալ՝ ՀՀ զինված ուժերում ծառայած լինելու դեպքում՝ հավելյալ 2 տարով, երեխայի խնամքի արձակուրդի դեպքում՝ յուրաքանչյուր երեխայի համար հավելյալ 1 տարով:

Խումբը պետք է ունենա գիտական աստիճան և մրցույթի հրավերի պահանջներին համապատասխանող Հիրշի ինդեքս (h-index) ունեցող օտարերկրյա գործընկեր, որը թեմայի իրականացման ժամանակահատվածում պետք է առնվազն 15 օր գտնվի ՀՀ-ում և առնվազն 15 օր իր ներկայացրած գիտական կազմակերպությունում ընդունի խմբի անդամներից մեկին կամ մի քանիսին:

Թեմայի կատարման առնվազն երկրորդ տարում կազմակերպությունում պետք է ձևավորվի նոր գիտական խումբ կա՛մ լաբորատորիա, կա՛մ բաժին՝ խմբի ղեկավարի գլխավորությամբ և խմբի անդամների ընդգրկմամբ։ Եթե հայտ ներկայացնելու պահին կազմակերպությունում արդեն գործում է գիտական խումբ, ապա նշված ժամանակահատվածում պետք է ձևավորվի գիտական լաբորատորիա կամ բաժին։

Թեմայի կատարման արդյունքում խմբերի առջև դրված պարտադիր պայմաններից են բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում գիտական հրապարակումների առկայությունը, այդ թվում` օտարերկրյա գործընկերոջ համահեղինակությամբ, ինչպես նաև 15 մլն ՀՀ դրամը գերազանցող միջազգային գիտական դրամաշնորհի առնվազն մեկ դիմումի ներկայացումը, գիտահանրամատչելի նյութերի ստեղծումը և տարածումը:

Մրցույթին մասնակցելու հայտը մինչև 2021 թվականի հունիսի 25-ը՝ ժամը 18:00-ն ներառյալ, պետք է ներկայացնել առցանց` գրանցվելով https://grants.scs.am/ հասցեում` (մրցույթի հրավերը հետևյալ հղմամբ՝ http://scs.am/files/hraver-620%D0%B02-27.04.2021.docx):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Գիտության կոմիտեից` աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-13:00 և 14:00-17:00, հեռ.` 21-01-40 (122):

Տեսանյութեր

Լրահոս