«Դատական նիստերն անհիմն ձգձգվում են, գործերը քննվում են տարիներով. այս հիմնարար խնդրով դիմել էի ՍԴ․․․»․ Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դատական նիստերն անհիմն ձգձգվում են, գործերը քննվում են տարիներով. այս հիմնարար խնդրով դիմել էի Սահմանադրական դատարան։

Սահմանադրական դատարանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա 2021թ. մարտի 16-ի ՍԴՈ-1585 որոշմամբ արձանագրել է, որ Ազգային ժողովը պետք է նախատեսի դատարաններում ողջամիտ ժամկետում գործի քննությունն ապահովող արդյունավետ ընթացակարգեր։

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից վիճարկվող դրույթը վերաբերում էր «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածին, որով միայն սահմանվել են դատարանում գործի քննության տևողության ողջամտությունը որոշելիս հաշվի առնվող հանգամանքները:

Պաշտպանի դիրքորոշմամբ՝ հոդվածով ամրագրված չէ ողջամիտ ժամկետում գործի դատական քննության խախտված իրավունքի վերականգնման օրենսդրական հնարավորությունը: Ստացվում է, որ օրենսդրական գործող կարգավորումների պայմաններում դատարանում գործի քննությունը կարող է տարիներով ձգձգվել և անհետևանք մնալ դատարանի համար։

Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացրել էր Պաշտպանին ուղղված բողոքների ամփոփում, որոնք վերաբերում էին ողջամիտ ժամկետում գործի քննությանը դատարաններում, և Պաշտպանը հրապարակել էր նաև արտահերթ զեկույց խնդրի վերաբերյալ: Արտահերթ զեկույցը վեր էր հանել լրջագույն խնդիրներ:

Օրինակ` մի դեպքում քրեական գործի առնչությամբ ամբաստանյալը տեղեկացրել է, որ դատական նիստերը շարունակ անհիմն հետաձգվում են, ընդհանուր առմամբ շուրջ 50 դատական նիստ չի կայացվել: Մեկ այլ դեպքում դատարանում գործը քննվում է 8 տարուց ավելի, և տվյալ գործով վերջնական դատական ակտ դեռևս չի կայացվել: Մեկ այլ բողոքի համաձայն՝ դատական նիստերը նշանակվում են 2-3 կամ 3-6 ամիսը մեկ անգամ հաճախականությամբ, իսկ նշանակված նիստերն էլ, ըստ բողոք ներկայացրած անձանց, անհիմն հետաձգվում են (եղել է դեպք, երբ միմյանց հաջորդող 5 նիստեր հետաձգվել են) և այլն:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ պետությունն ինքը պետք է կազմակերպի իր իրավական համակարգն այնպես, որ դատարանները կարողանան երաշխավորել, որպեսզի յուրաքանչյուր ոք ողջամիտ ժամկետում ձեռք բերի իր իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ վեճերի մասին վերջնական որոշում: Նշված պահանջը կատարելու համար պետությունը կարող է նախատեսել տարբեր մեխանիզմներ՝ դատավորների թվաքանակի ավելացում, գործի քննության որոշակի ժամկետի առավելագույն շեմի սահմանում կամ այլ միջոցներ, որոնք հենց պետությունն էլ իրավասու է ընտրել: Սակայն եթե պետությունը թույլ է տալիս, որ գործի քննությունը դուրս գա արդար դատաքննության իրավունքի պահանջներով նախատեսված ողջամիտ ժամկետի սահմաններից՝ առանց որևէ քայլ ձեռնարկելու վերը նշված մեխանիզմները զարգացնելու համար, ապա վերջնարդյունքի հետաձգման համար պատասխանատու է հենց պետությունը:

Նույնիսկ եթե առաջնորդվենք այն սկզբունքով, որ ողջամիտ ժամկետի վրա ազդող ընթացակարգերի ապահովումը կախված է վարույթի կողմերից, նրանց վերաբերմունքը և վարքագիծը չի ազատում դատարանին գործը ողջամիտ ժամկետում քննելու պարտականությունից: Դա է պահանջում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը և, հետևաբար, նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:

Հետևաբար, դատական քննությանը մասնակցող մարդու իրավունքների տեսանկյունից դատարանների գերծանրաբեռնվածությունը չի կարող արդարացնել վարույթի երկար տևողությունն ու ողջամիտ ժամկետի պահանջի խախտումը:

Ցանկացած մարդ պետք է ունենա այդ իրավունքի վերականգնման արդյունավետ միջոցներ, իսկ պետությունը պարտավոր է ստեղծել դրա համար բոլոր անհրաժեշտ իրավական պայմանները:

Այսպիսով, նշված որոշման պատճառաբանական մասում Սահմանադրական դատարանը Ազգային ժողովի ուշադրությունն է հրավիրել գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի կենսագործման ընդհանուր խնդրի վրա՝ հանձնարարելով նախատեսել գործի քննության ողջամիտ ժամկետի խախտման հետևանքով արդար դատաքննության իրավունքի բուն էության խաթարումը կանխող անհրաժեշտ և բավարար երաշխիքներ:

Որոշման եզրափակիչ մասում Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՀՀ դատական օրենսգրքի վիճարկվող դրույթներն ինքնին համարել է Սահմանադրությանը համապատասխանող»:

Տեսանյութեր

Լրահոս