Բաժիններ՝

Գուցե, սկզբի համար անհաղթահարելի թվացող դժվարությունները կփորձեն կոտրել մեզ…

Երբեմն մենք նեղության մեջ դիմում ենք Աստծուն և ասում. «Տե՛ր Աստված, այլևս չեմ կարող, սրանք իմ ուժերից վեր նեղություններ են»: Բայց Տերը, երբեք ոչ ոքի իր ուժերից ավելի ծանր բեռ չի տալիս: Աստված փորձությունների մեջ է մեզ ճանաչում, ուստի, երբ կանգնում ենք որևէ դժվարության առաջ չպետք է հուսահատվենք, այլ պետք է գիտակցենք, որ այս կերպ դառնում ենք ավելի ուժեղ, ինքնավստահ և Տիրոջ հանդեպ հավատով: Այո՛, փորձությունների պահին ամուր հավատն է, որ գալիս է օգնության ու թույլ չի տալիս ընկնել հուսահատության մեջ: Նման իրավիճակներում ավելի ու ավելի ենք զորանում հավատքի մեջ, քանզի Տիրոջ հետ անցած ամեն ճանապարհ արդար ենք համարում:

Ու ամենևին պետք չէ խուսափել դժվարություններից, ավելին՝ պետք է բաց ճակատով կանգնել այդ ամենի առաջ ու ցույց տալ ինքդ քեզ, որ պատրաստ ես անցնել ամեն տեսակ փորձության միջով՝ աղոթքով ու մեծ հավատով: Միայն այս կերպ կկարողանանք ճանաչել մեզ ու ճանաչելի դառնալ նաև Տիրոջ համար:

Եթե ցանկանում ենք «զորանալ» հավատի և առաքինության մեջ, ուրեմն պիտի նաև պատրաստ լինենք մեր ուժերի ամբողջ հնարավորությամբ պայքարել փորձությունների մեջ: Ինչպես, որ սպորտում մարզիկները հաջողություններ են գրանցում միայն այն պարագայում, երբ գտնվում են լավ մարզավիճակում և մշտապես մարզվում են իրենց ուժերի գերլարումով:

Գուցե, սկզբի համար անհաղթահարելի թվացող դժվարությունները կփորձեն կոտրել մեզ, բայց հաջորդ քայլին կդառնանք այնպիսին, ինչպիսին Տերն էր ցանկանում տեսնել մեզ:
Ու երբ ամեն անգամ կգտնվեք դժվար կացության մեջ և կունենաք օգնության կարիք, պարզապես, դիմեք Աստծուն՝ ասելով.

«Օգնիր մեզ, Տե՛ր, օգնիր, Աստված Փրկիչ մեր, Քո մեծ և փառավորյալ անվանդ համար:Տե՛ր, փրկիր մեզ և քավիր մեր մեղքերը քո սուրբ անվան համար:
Սուրբ և պատվական խաչիդ հովանու ներքո խաղաղությամբ պահիր Քեզ ապավինած և Քեզ վրա հույս դրած ժողովրդին:

Փրկիր երևելի և աներևույթ թշնամիներից: Արժանի դարձրու գոհությամբ փառավորելու Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ, հավիտյաններից հավիտյանս։ Ամեն»:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս