ԿԺԴՀ ԱԳՆ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին` չշարունակել «հետամնաց» քաղաքականությունը
Կորեական թերակղզու իրական սպառնալիքը ԱՄՆ-ն է, և այն շուտով ճգնաժամ կապրի, եթե շարունակի իր «հին ու հետամնաց» քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է ԿԺԴՀ արտաքին գործերի նախարար Կվոն Չժոն Գինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» -ն` հղում տալով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությանը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերը «լուրջ սպառնալիք են ներկայացնում Ամերիկայի և ամբողջ աշխարհի անվտանգության համար»: Նա խոստացել էր հակադարձել Իրանի և ԿԺԴՀ-ի սպառնալիքներին «դիվանագիտությամբ և ուժեղ զսպմամբ»:
Ըստ ԿԺԴՀ արտգործնախարարի՝ «իր լեզվին ազատություն տալով»՝ Բայդենը «շատ մեծ սխալ է թույլ տվել», և այժմ, երբ Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ նոր քաղաքականության ուղղությունը պարզ է, Փհենյանը «հարկադրված կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել»: Նախարարը նշել է, որ ԱՄՆ «դիվանագիտությունը» միայն միջոց է թշնամական գործողությունները քողարկելու համար, իսկ «զսպումը» սպառնալիքների գործիք է:
Կվոն Չժոն Գինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խախտում է Հյուսիսային Կորեայի ինքնիշխանությունը՝ քննադատելով նրա պաշտպանական զսպման ուժը, մինչդեռ ինքն անընդհատ Հյուսիսային Կորեային սպառնում է միջուկային զենքով:
«Եթե ԱՄՆ-ն դեռ մտադիր է սառը պատերազմի տեսանկյունից զբաղվել ամերիկա-կորեական հարաբերություններով և վարել հին և հետամնաց քաղաքականությունը, ապա մոտ ապագայում այն ճգնաժամ կապրի, որն աստիճանաբար ավելի դժվար կլինի հաղթահարել»,-ասել է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարը: