
Ֆրանսիայում հայտնաբերվել են COVID-19-ի հնդկական շտամով վարակման առաջին դեպքերը

Ֆրանսիայում գրանցել են կորոնավիրուսի հնդկական շտամով հիվանդների: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը:
Ֆրանսիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երեք վարակվածներին հայտնաբերել են երկրի հարավում գտնվող Բուշ-դյու-Ռոն եւ Լո-ի-Գարոնա դեպարտամենտներում: Երեքն էլ վերադարձել են Հնդկաստան ուղեւորությունից:
Հիվանդացածները գտնվում են բժիշկների հսկողության ներքո, եւ այժմ իշխանությունները փորձում են հետեւել նրանց հետ շփման մեջ եղած մարդկանց: Նախարարությունը նաեւ ճշտել է, որ հնդկական շտամ են հայտնաբերել եվրոպական եւս վեց երկրներում: Անցած շաբաթ Ֆրանսիան խստացրել է հսկողությունը Հնդկաստանից եւ ուրիշ երկրներից ժամանողների համար, որտեղ հայտնաբերվել է հնդկական շտամը:
Երկրում վարակումների մեծամասնությունն այժմ կապված է կորոնավիրուսի ավելի վարակիչ շտամի հետ, որը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում: Ֆրանսիան աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում COVID-19-ից մահվան թվաքանակով. համավարակի ողջ ժամանակաշրջանում հիվանդությունը խլել է երկրի ավելի քան 104 հազար քաղաքացու կյանք:
Կորոնավիրուսի փոփոխակումը Ֆրանսիայում գրանցվել է համավարակի պատճառով մտցված սահմանափակումներն աստիճանաբար հանելու պլանի մասին երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարելուց հետո: Հիվանդացության մակարդակը Ֆրանսիայում նվազել է երրորդ լոքդաունը սահմանելուց հետո, բայց առանձին շրջաններում այն դեռեւս բարձր է մնում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: