«Շնորհավորում ենք աշխատավոր, բայց աշխատանք չունեցող հայ ժողովրդին». մայիսի 1-ը՝ Երևանում
Մուրճ ու մանգաղով դրոշակներ, «Հայրենիք, սոցիալիզմ, աշխատանք, առաջընթաց» գրությամբ պաստառներ, Խորհրդային Միությունը կարոտած մարդիկ. այսօր՝ մայիսի 1-ին, Երևանի փողոցներում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ու քաղաքացիները նշում էին աշխատավորների համերաշխության միջազգային օրը: Մայիսմեկյան երթը Օպերայից հասավ Շահումյան հրապարակ: Այստեղ ՀԿԿ անդամները պատմեցին օրվա խորհրդի մասին:
«1886 թ. մայիսի 1-ին Ամերիկայում Չիկագոյի բանվորները պահանջում էին 8-ժամյա աշխատանքային օր, որը դաժանորեն ճնշվեց, և շատ մարդկանց բանտարկեցին, 5 հոգու կախաղան բարձրացրին, դրանից հետո 1890թ. Փարիզում 2-րդ ինտերնացիոնալի կոնգրեսում ընդունվեց որոշում՝ ի պաշտպանություն և ի համերաշխություն Չիկագոյի բանվորների՝ ամեն տարի մայիսի 1-ը նշել որպես աշխատանքի տոն, աշխատանքի իրավունքի համար պայքարողների տոն»,- պատմեց ՀԿԿ անդամներից մեկը:
«Շնորհավորում ենք աշխատավոր, բայց աշխատանք չունեցող հայ ժողովրդին»,- ասաց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանը:
Հավաքված քաղաքացիները մեզ հետ զրույցում պատմեցին, որ նախկինում մայիսի 1-ը մեծ շուքով էր նշվում:
«Առաջ այսպես չէր նշվում, մենք երևի հարսանիքներին էլ էդ ձևի չէինք գնում, շքերթ, ուրախություն, հպարտ էինք։ Որ դրոշակը ձեռքներս էինք վերցնում, մենք գիտեինք՝ ամբողջ Սովետական Միությունն է մեր ձեռքը: Շատ լավ էր, իսկ հիմա ամբողջ հայ ժողովրդի մեջքը կոտրված է, կարծում եմ՝ բացառություն կազմող չի լինի, եթե լինի, ուրեմն նա դավաճան է: 4 սերունդ գնաց, էս նոր սերունդն ինչքա՞ն պիտի աշխատի, որ նրանց տեղն էլ լրացնի, ու տա Աստված, որ նորից Սովետական Միության կարգերն առաջ գան, նորից սոցիալիստական երկիր լինի, շատ լավ բաներ կտեսնեք: Ունեցել ենք աշխատանքային փառք ու պատիվ: Թասիբ ունեինք, գործ ունեինք, մեկին պատի տակ կանգնած չէիր տեսնի»:
Միջոցառման ավարտին քաղաքացիները գլուխ խոնարհեցին Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի առաջ:
Քիչ հեռու՝ «Մոսկվա» կինոթատրոնի բակում, «Արցախի կորսված կոթողները» խորագրով ցուցահանդես էր: Միջոցառման կազմակերպիչ, «Ժողովրդական համախմբում» կուսակցության խորհրդի անդամ Արթուր Ավետիսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ մարդկանց հետաքրքրությունը շատ մեծ է, անգամ օտարերկրացիներն են մոտենում, դիտում, նկարում, հարցնում, թե ի՞նչ եկեղեցիներ են:
«Նպատակն է հայ հասարակության, մայրաքաղաքի հյուրերի շրջանում բարձրացնել իրազեկվածությունը Արցախի երկրորդ պատերազմի արդյունքում կորսված կոթողների մասին, ինչո՞ւ ոչ, նաև ևս մեկ անգամ վերաիմաստավորել այն մշակութային արժեքները, կոթողները, որոնք մենք կորցրինք: Ներկայացված են 55 կոթողներ: Իրականում մենք ավելի մեծ քանակի կոթողներ ենք կորցրել: Մենք կորցրել ենք անգնահատելի ժառանգություն»,- ասաց Ավետիսյանը:
Ցուցահանդեսը բաց է լինելու այսօր մինչև ժամը 19:00-ն և վաղը: Շավարշ սարկավագը, որը նույնպես ներկա էր ցուցադրությանը, լրագրողների հետ զրույցում պատմեց մեր կորսված եկեղեցիներ այցելելու դժվարությունների մասին:
«Պատերազմի ընթացքում շուրջ 130 միավոր եկեղեցական համալիրներ մնացին Ադրբեջանի կազմում: Վտանգ միշտ կա, լրատվամիջոցներից տեսնում ենք, թե նրանք ինչպես են վերաբերվում մեր հուշարձաններին, ինչպես են ոչնչացնում, այդ վտանգը միշտ տեսնում ենք նրանց կողմից, և Մայր Աթոռն ամեն ջանք ներդնում է, որպեսզի բոլոր հարթակներում, կառույցներում ներկայացնի այս հարցը, և էլ ավելի ուշադրություն դարձվի այդ կառույցներին:
Ադրբեջանին անցած վանքերից Ամարասի վանքում և Դադիվանքում մեր հոգևորականներն իրականացնում են ծառայություն ռուս խաղաղապահների հսկողությամբ: Վտանգը տեսանք նաև վերջերս, երբ քահանայական ձեռնադրություն պետք է տեղի ունենար Դադիվանքում, և ադրբեջանցիները, Քովիդ 19-ի վտանգն առաջ բերելով, թույլ չտվեցին, որ տեղի ունենա ձեռնադրությունը, այս առումով լարվածությունը միշտ զգացնել է տալիս»,- ասաց Շավարշ Սարկավագը: