Ամուսինս որպես կամավոր էր մեկնել ռազմաճակատ, սակայն չեն օգնում՝ պատճառաբանելով, որ այդ օրը վիրավորների անունները չեն գրանցել․ ընտանիքն օգնության կարիք ունի
Երիտասարդ ամուսիններ Ամալյան և Գրիշան մի քանի տարի առաջ Ռուսաստանից վերադարձան ու մեկնեցին Արցախ, Մեծ Շեն գյուղ՝ բնակվելու, սակայն 2020թ․ սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի պատճառով նրանք լքեցին այն ու հիմա մի շարք սոցիալական խնդիրներ ունեն։
«Այնտեղ զբաղվել ենք հողագործությամբ, անասնապահությամբ, փորձում էինք քիչ-քիչ ոտքի կանգնել։ Գնել էինք 10 ցուլ, սակայն հիմա չգիտենք, թե ումից ինչ պահանջենք, երբ ամեն ինչ կորցրել ենք։ Մեկ ասում են՝ կենդանիներ պահող մարդը գերի է, մեկ ասում են՝ մահացել է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ամալյան, ով ունի նաև երկու անչափահաս երեխա՝ 10 տարեկան և 10 ամսական, որոնց անհրաժեշտ է հագուստ, սնունդ։
«Արցախում դեռևս գրանցում չունեինք, դրա համար պատերազմից հետո չենք կարողացել օգտվել կառավարության կողմից հատկացվող սոցիալական աջակցության ծրագրերից, իսկ երբ ամուսնուս Մարտակերտի հոսպիտալի ռմբակոծությունից հետո բերել են Երևան, պարզվել է՝ այնտեղ այդ խառնաշփոթի ժամանակ անունը չեն գրանցել։ Նա որպես կամավոր էր մեկնել ռազմաճակատ, սակայն չեն օգնում՝ պատճառաբանելով, որ այդ օրը վիրավորների անունները չեն գրանցել։ Վիրահատությունն էլ լավ չի եղել, որի համար, ի դեպ, վճարել ենք 450․000 դրամ, ուստի տեղափոխել ենք Մոսկվա՝ ընկերների ու բարեկամների օգնությամբ»,- նշեց Ամալյան։