Ո՞ր ձևաչափի շրջանակում և ո՞ր հարցերի շուրջ կբանակցվի գերիների վերադարձի հարցը
Կազանում նախօրեին ավարտվեց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքը։ Նիստի ավարտին ԵՏՀ-ի և Ուզբեկստանի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց, իսկ դրա շրջանակում քննարկվեցին ԵԱՏՄ արդիական խնդիրներն ու հարցերը։ Նախատեսվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Ղրղըզստանի Հանրապետությունում՝ Իսիկ-Կուլում։
Կազանում տեղի ունեցած նիստի գլխավոր ինտրիգը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդին Ադրբեջանի մասնակցության հարցն էր: Եվ կարող ենք արձանագրել, որ ԵԱՏՄ աշխատանքներին որևէ կարգավիճակով չմասնակցեց Ադրբեջանը, այն դեպքում, երբ սրանից մեկ ամիս առաջ բելառուսական, ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին ակտիվորեն գրել այն մասին, որ ԵԱՏՄ երկրները քննարկում են Ադրբեջանի պատվիրակության հնարավոր մասնակցության հարցը միության կառավարման մարմնի նիստին, բայց դեռևս դրան խոչընդոտում են Բաքվի և Երևանի միջև առկա տարաձայնությունները, իսկ առանց Երևանի համաձայնության՝ Ադրբեջանը չի կարող ոչ ԵԱՏՄ դիտորդ լինել, ոչ էլ, առավել ևս, անդամ: «Իրոք, կար այդ գաղափարը (Բաքվին հրավիրելու): Մենք այնպես չէ, որ սկզբունքորեն դեմ ենք, մենք ասում ենք, որ կան չլուծված խնդիրներ, այդ թվում՝ ռազմագերիների հարցը»,- ասել էին հայկական կողմից РБК-ի դիվանագիտական աղբյուրը: Մեր տեղեկություններով՝ քննարկվում էր Ադրբեջանի դեռ դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը: Օրերս իր լիտվացի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ասել էր, որ որևէ կոնսենսուս չկա Ադրբեջանին որևէ կարգավիճակով հրավիրելու նման միջոցառմանը: Սակայն Արա Այվազյանը չէր բացառել, որ այդ հարցը քննարկվում է:
Ըստ որոշ տեղեկությունների՝ պաշտոնական Երևանն ամենևին դեմ չէ Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ում կարգավիճակ ստանալուն, ուստի բանակցություններն այս հարցի շուրջ ծավալվում են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու պայմանով: Սակայն կոնսենսուսի բացակայությունն իր հերթին՝ ակնհայտ է դարձնում, որ ռազմագերիներին ՀՀ-ին փոխանցել Ադրբեջանը դեռ չի ցանկանում, և ԵԱՏՄ-ն Ադրբեջանի համար այն կարևորության հարցը չէ, որպեսզի Ադրբեջանն իրեն զրկի Հայաստանի հետ հետագա բանակցություններում այդ «խաղաքարտից»:
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ Ադրբեջանի հրապարակային դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանում ռազմագերիներ չկան, քանի որ ներկայումս պահվող անձինք կարծես այնտեղ են հայտնվել նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, և Ադրբեջանը նաև ցանկանում էր ցույց տալ, որ հայտարարության խախտումը կարող է հետևանքներ ունենալ: Սակայն, ըստ նրա, ակնհայտ է, որ կուլիսային բանակցություններում այդ հարցը պետք է որ քննարկվի, և Ադրբեջանի համար դա լուրջ հարց է: Նրա կարծիքով, Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության հարցին, բացի ՀՀ-ից, որևէ մեկը դեմ չէ, ավելին, կողմ է, սակայն դա հրատապ չէ ոչ Ռուսաստանի, ոչ Ադրբեջանի համար, քանի որ Ղարաբաղյան հակամարտության բոլոր հարցերի շուրջ լիարժեք համաձայնության ձեռքբերումը ժամանակի ընթացքում կարող է այս հարցը ևս լուծել:
«Հաշվի առնելով, թե կառույցի հիմնադրման հենց սկզբից ինչպես են Ադրբեջանին փորձել միացնել կառույցին Ղազախստանն ու Բելառուսը, Ադրբեջանը շտապելու որևէ տեղ չունի: Ադրբեջանը նաև սիրում է մանևրել և Ռուսաստանի հետ հարաբերությունները մինչ այս պահը կառուցել է՝ պահպանելով որոշակի հնարավորություններ: Երկու ուղղությամբ ծանր հարցեր են ծառացած Ադրբեջանի և Հայաստանի առջև, որոնցից մեկը՝ բանակցությունները, որոնք, ամենայն հավանականությամբ, կծավալվեն ԵԱՀԿ Մինսկի խմբում, և բանակցությունները, որոնք ուղղված են տարածաշրջանում փակ հաղորդակցությունների բացմանը: Առաջին ուղղությամբ տարաձայնություններ կան միջանցք-ճանապարհ ձևաչափերի և որոշ ուղղությունների հարցում, իսկ երկրորդի դեպքում՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցում: Վերջին ամիսների ընթացքում նկատվում է, որ չկա առաջընթաց այս հարցերի ուղղությամբ: Իսկ գերիների հարցը պատերազմների ընթացքում և դրանցից հետո լուծվում է, ի վերջո, հատկապես ժամանակակից աշխարհում, պարզապես այդ հարցը կօգտագործվի որպես ճնշման լծակ՝ իրենց ընկալմամբ՝ կարևոր հարցերի շուրջ բանակցություններում»,- ասաց վերլուծաբանը:
Սակայն այս փուլում, նրա խոսքով, երբ Հայաստանը թևակոխում է ներքաղաքական ընտրական փուլ, դժվար է ակնկալել առաջընթաց այս բոլոր հարցերում:
«Կարծում եմ՝ հետո կորոշվեն բոլոր հարցերը»,- ասաց վերլուծաբանը:
Իր հերթին՝ եվրոպացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ չի տեսնում մեծ հետաքրքրություն Ադրբեջանի կողմից՝ միանալ այդ կառույցին: Ըստ նրա, դա ցանկանում են ԵԱՏՄ անդամ երկրները, մասնավորապես՝ Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը: Եվրասիական կառույցները, նրա կարծիքով, լուրջ փորձություն են անցնում՝ ինչպես Ղարաբաղյան պատերազմի ընթացքում, այնպես էլ՝ ՀԱՊԿ երկու անդամ երկրների միջև տեղի ունեցող զարգացումներով:
«Այնուամենայնիվ, գերիների հարցով բանակցությունները, կարծում եմ, կընթանան այլ ձևաչափով, որի ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի նկատմամբ ճնշումների համար: Ընդհանրապես գերիները վերադարձվում են մինչև կարգավորման ավարտ, դա կարող է տարիներ ձգվել, կամ մի առանցքային պայմանավորվածության շնորհիվ տեղի ունենալ միանգամից: Տեսանելի է, որ այս ուղղությամբ շատ կառույցներ են աշխատում: Եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը սկսի գործել, կարող է հաջողել այս ուղղությամբ: Սակայն խնդրահարույցն այն է, որ բոլոր խնդրահարույց հարցերում կրկին բախվում ենք կարծր դիրքորոշումների, բանակցային հնարավորությունները չափազանց նեղ են, փոխզիջումների հավանականությունը չափազանց փոքր է: Սակայն դա, ըստ իս, ԵԱՏՄ-ն չէ, քանի որ այն առաջնահերթություն չէ Ադրբեջանի համար: Այս պահին առավել ամուր և գործուն է ՀՀ-ՌԴ-Ադրբեջան ձևաչափը, ու Հայաստանը պետք է դրա շրջանակում բանակցի, ինչպես նաև համագործակցի Արևմուտքի հետ, որն այս հարցով աջակցություն է ցույց տալիս Երևանին»,- ասաց նա: