Ինֆորմատիկայի վիճակի մասին
Մեր նախորդ հոդվածում ներկայացրել էինք դպրոցականների հանրապետական օլիմպիադայի արդյունքները։ Հատկապես մտահոգիչ էին Ինֆորմատիկա առարկայի արդյունքները։ 6-12-րդ դասարանների ընդամենը 24 աշակերտ էր իրավունք ստացել մասնակցել հանրապետական փուլին։ Նրանցից մեկը չէր ներկայացել հանրապետական փուլին։ Այսպիսով, ամբողջ երկրից Ինֆորմատիկայի հանրապետական օլիմպիադային մասնակցել է 23 աշակերտ, որոնցից 21-ը Երևանից են, 2-ը՝ Գյումրու «Ֆոտոն» վարժարանից։ Երևանի 21 մասնակիցներից 20-ը Ֆիզմաթ դպրոցից են և «Քվանտ» վարժարանից։ Կարելի է ասել, որ Հայաստանի շուրջ 1400 դպրոցներից Ինֆորմատիկա առարկայի հանրապետական փուլին մասնակցել է 3 դպրոց։ 23 մասնակիցներից 2-ը ստացել են 0 միավոր։ Մասնակիցներից 17-ն ավագ դպրոցից են, 6-ը՝ միջին դպրոցից։ Միջին դպրոցի աշակերտներից ոչ ոք չի ստացել առաջին կարգի դիպլոմ։
Օlymp.am կայքում ուսումնասիրեցինք նախորդ տարիների արդյունքները։ Պարզվեց, որ 2020թ.-ին ունեցել ենք մոտավորապես նույն ցուցանիշը։ Սակայն նախորդող տարիներին մասնակիցների թիվն ավելի շատ է եղել։ Օրինակ՝ 2019թ.-ին ավագ դպրոցից մասնակցել է 26 աշակերտ, 2018-ին՝ 35, 2017-ին՝ 37։ Այսպիսով, այս տարի ավագ դպրոցի մասնակիցների թիվը կիսով չափ նվազել է՝ դառնալով 17։
Տխուր են նաև մարզային փուլի արդյունքները։ Օրինակ՝ Երևանում մարզային փուլին մասնակցածները նորից Ֆիզմաթի և Քվանտի աշակերտներն են։ Մի քանի հոգի Շիրակացու ճեմարանից են։ Երևանի սովորական ավագ դպրոցներից մարզային փուլին մասնակցել է 1 աշակերտ՝ Երևանի թիվ 142 ավագ դպրոցից։ Մնացած մարզերի արդյունքները կայքում տեղադրված չեն։ Ենթադրաբար՝ դրանք շատ ցածր են եղել։
Հասկանալի է, որ օլիմպիադան չի կարող արտացոլել հանրակրթության վիճակը։ Բայց մյուս կողմից էլ, օլիմպիադան լավագույն հարթակներից մեկն է ապագա տաղանդավոր գիտնականներ ձևավորելու առումով։ Հատկապես, Ինֆորմատիկայի ասպարեզում Հայաստանին անհրաժեշտ են տաղանդներ։ Եվ ինչքան գիտեմ, Հայաստանում հենց բարձրորակ ծրագրավորողների պահանջարկ կա։ Փորձենք վերլուծել, թե ինչո՞ւ է Ինֆորմատիկա առարկայի վիճակն այսքան վատ։
Հայաստանում լուրջ խնդիր կա Ինֆորմատիկա առարկայի ուսուցիչների հետ։ Շատ քիչ դպրոցներում ունենք որակյալ ուսուցիչներ։ Ցանկացած մասնագետ, որը Ինֆորմատիկայի ոլորտում ձեռք է բերում միջին մակարդակի գիտելիքներ, հեշտությամբ աշխատանք է գտնում տարբեր ՏՀՏ ընկերություններում։ Ամսական 60-70 հազար դրամով Ինֆորմատիկայի ուսուցիչ աշխատելու փոխարեն, կարելի է առնվազն 200 հազար դրամով շարքային աշխատող լինել որևէ ՏՀՏ ընկերությունում։ Շատ դպրոցներում Ինֆորմատիկա առարկան դասավանդում են գործավարները, օպերատորները։
Այսինքն՝ այն մարդիկ, որոնք համակարգչով որոշակի բազային աշխատանքներ են կատարում։ Ինչպե՞ս կարող է նման ուսուցիչը օլիմպիադայի կադր պատրաստել։ Դպրոցների տնօրեններն ասում են, որ երբեմն իրենց դիմում են լավ մասնագետներ՝ ցանկանալով դպրոցում Ինֆորմատիկա դասավանդել։ Բայց նրանց չեն կարողանում աշխատանքի վերցնել, քանի որ չունեն մանկավարժի որակավորում։
Այս ամենի մյուս երեսն այն է, որ Հայաստանում գործող մի քանի միջազգային կազմակերպություններ, հիմնադրամներ, բիզնես ընկերություններ Երևանում և մարզերում տարբեր նախաձեռնություններ են իրականացնում ծրագրավորման հետ կապված։ Ի վերջո, ունենք ԹՈՒՄՈ կենտրոն, որն այսօր գործում է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի մի շարք քաղաքներում։
Վերոնշյալ կազմակերպությունների ջանքերով Հայաստանում կան դպրոցականներ, որոնք մեծ գումարներ են վաստակում՝ աշխատելով ՏՀՏ ոլորտում։ Ունենք երեխաներ, որոնք օգտագործելով Ինտերնետի հնարավորությունները, լուրջ հմտությունների են տիրապետում։ Հասկանալի է, որ եթե դպրոցի ուսուցիչն Ինֆորմատիկայի լավ մասնագետ չէ, ապա նա կարող է նույնիսկ տեղյակ էլ չլինել այս երեխաների ձեռքբերումների, հմտությունների մասին։
Ամեն դեպքում ունենք խնդիր։ Հայաստանի համար կարևորագույն ոլորտներից մեկում օլիմպիադաներին մասնակցում են 3 դպրոցների աշակերտներ։ Անհրաժեշտ է այս 3 դպրոցների հաջողությունը հասանելի դարձնել նաև այլ դպրոցների համար։ Հայաստանի մի քանի մարզերում կարելի է բացել օլիմպիական խմբակներ, որոնք հեռավար ձևով կվարեն Երևանի լավագույն մասնագետները։ Շատ լավ է, որ մարզերում ունենք դպրոցականներ, որոնք աշխատում են որպես ծրագրավորողներ և գումար վաստակում։ Բայց շատ ավելի լավ կլինի՝ այդ երեխաները մասնակցեն օլիմպիական խմբակների և ապագայում դառնան ոլորտի առաջատար մասնագետներ, ոչ թե միջին մակարդակի ծրագրավորողներ։
Նախարարությունը պետք է օգտագործի նաև Երևանում, Գյումրիում, Վանաձորում, այլ քաղաքներում գործող ՏՀՏ ընկերությունների ներուժը։ Պետք է թույլ տալ, որպեսզի այդ ընկերությունների մասնագետները դասավանդեն դպրոցներում, գոնե՝ արտադպրոցական խմբակի ձևաչափով։ Վստահ եմ, որ շատ ընկերություններ պատրաստ են այդ աշխատանքն անել՝ առանց նախարարությունից գումար ուզելու։
Ժամանակն է, որպեսզի Հայաստանի դպրոցներն ավելի բաց աշխատեն։ Եթե դպրոցները չբացվեն համագործակցության համար, ՏՀՏ ընկերությունները ստեղծելու են իրենց դպրոցները՝ դրանով էլ ավելի արժեզրկելով հանրակրթական դպրոցների դերը, մասնավորաբար՝ Ինֆորմատիկա առարկայի դասավանդումը։ Հաշվի առնելով Ինֆորմատիկայի մասնագետների պահանջարկն աշխատաշուկայում, պետք է մտածել նաև դպրոցներում աշխատող լավագույն մասնագետներին խրախուսելու մասին։ Այլապես որակյալ երիտասարդ կադրերը չեն ցանկանա ուսուցիչ աշխատել։