Բռնապետական քինախնդրություն. Ինչո՞ւ է փոխվել ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության պետը

Իր «Սյունյաց արշավանքին» ընդառաջ՝ Նիկոլ Փաշինյանը փոխեց Սյունիքի ոստիկանության ողջ ղեկավար կազմը:

Ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով պաշտոնից ազատվեցին Սյունիքի մարզի ոստիկանապետը, տեղակալներից մեկը, Գորիսի ոստիկանապետը: Սյունիքի մարզի ոստիկանապետ Ալեքսանդր Հակոբյանն ուղարկվեց կադրերի ռեզերվ, նրան փոխարինեց Ալիկ Մամիկոնյանը: Սյունիքի մարզի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Դավիթ Հովհաննիսյանին էլ փոխարինեց Կապանի բաժնի պետ Զորիկ Վարդանյանը, իսկ Կապանի բաժնի պետ նշանակվեց Արամ Դավթյանը:

Փաշինյանի պատկերացմամբ՝ այս փոփոխությունները սյունեցիներին պիտի կաշկանդեին իր այցի ժամանակ բողոքի ակցիաներ իրականացնելու հարցում, բայց թե ինչ կատարվեց հետո, շատ հուզիչ էր:

Ամբողջովին սահմանամերձ դարձած մարզի՝ հատկապես Մեղրի-Ագարակ հատվածի բնակչությունը, աչքի առջև ունենալով թուրքի առաջ ճանապարհ բացելու ու դրա հետևանքների տխուր հեռանկարը, փողոց դուրս եկավ, ու Նիկոլ Փաշինյանի համար այցը դարձավ դաժան մղձավանջ:

Արդեն հետո Սյունիքի մարզպետարանի շենքում Նիկոլ Փաշինյանն իրավապահ մարմինների ղեկավարությանը հրահանգեց «հանրության համար տեսանելի կերպով», ըստ էության, դաժանորեն պատժել սյունեցիներին, բայց դրան հաջորդած իրադարձություններն ավելի հուզիչ էին: Դատարանները մեկը մյուսի հետևից ոչ իրավաչափ ճանաչեցին նախ՝ սյունեցիների ձերբակալությունները, ապա հրաժարվեցին կալանավորել նրանց՝ հիմնականում հիմնավոր կասկածի բացակայության հիմնավորմամբ:

Սակայն պարզվում է, որ կադրային փոփոխությունները մարզում նաև Սյունիքի հայտնի դեպքերից հետո են շարունակվել՝ թերևս, պայմանավորված արդեն բուն այդ իրադարձություններով:

168.am-ի տեղեկություններով՝ Սյունիքի հայտնի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին հրահանգել է աշխատանքից ազատել ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության պետին՝ պնդելով, որ նաև վերջինիս մեղքով ու թողտվությամբ է այդ ամենը տեղի ունեցել:

Եվ ահա Աբազյանը, անտեսելով իր ենթակա ծառայակցի շահերը պաշտպանելու իր գործառույթը, անհապաղ աշխատանքից ազատում է Սյունիքի մարզային ԱԱԾ պետ Կարեն Ջավարյանին:

Այժմ ԱԱԾ մարզային կառույցը ղեկավարում է բոլորին անհայտ ինչ-որ ժամանակավոր պաշտոնակատար:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի քինախնդրության արդյունքում ՊԵԿ նախագահի տեղակալ, մաքսային ոլորտը համակարգող Շուշանիկ Ներսիսյանի հրահանգով՝ մինչև այս պահը չի գործում Մեղրու մաքսատան պահեստը, և բազմաթիվ բեռնված մեքենաներ շարունակում են կանգնած մնալ սահմանին:

Տեսանյութեր

Լրահոս