«Չգիտեմ՝ Խաչատուր Սուքիասյանն ինձ ինչո՞ւ է դատի տվել. ես բենզինի մասին հարցազրույցներ չեմ տալիս». Սպարտակ Սեյրանյան

Երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը տեղեկություն հրապարակեց, ըստ որի՝ իշխանությունների սրտի խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը դատի է տվել ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանին և թվով  6 լրատվամիջոցների:

Կայքն այս մասին տեղեկացել էր դատական տեղեկատվական համակարգից:

«Սուքիասյանը, բացի Սեյրանյանից, տարբեր հայցադիմումներով դատի է տվել՝ «Փաստինֆո»-ին, «168 ժամ»-ին, «Արմդեյ էյեմ»-ին, «Նյուզ Էյեմ»-ին, «Ասեկոսե»-ին, «Մեդիա պլյուս»-ին: Գործարարը ընդհանուր առմամբ 7 հայցադիմումներում էլ պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաև փոխհատուցում վճարել: Հայցերը ներկայացվել են ապրիլի 19-ին»,- գրել էր կայքը:

Թեպետ «Հայկական ժամանակին» Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցչ Գորիկ Միրզոյանից չէր հաջողվել պարզել հայցի մանրամասները, այնուամենայնիվ, ուսումնասիրելով վերջին շրջանում գործարարի մասին տվյալ լրատվամիջոցների հրապարակումները՝ լրատվամիջոցը «պարզել է», որ հղում անելով տելեգրամյան ալիքներից մեկին՝ գրվել է, թե նրա ձեռք բերած «Ռան Օյլ» բենզալցակայաններում անորակ բենզին է վաճառվում: Բացի այդ, մի այլ հոդված էլ կար այն մասին, թե գործարարը հանդիպել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ է Խաչատուր Սուքիասյանն իրեն դատի տվել, պատասխանեց, որ տեղյակ չէ:

«Քանի որ դատարանը ծանուցումն ուղարկել է Yerkir.am կայքի՝ Հանրապետության 30 հասցեով, ենթադրում եմ, որ ինձ դատի են տվել՝ որպես այդ կայքի խմբագիր, մինչդեռ ես 2008 թվականից կայքի խմբագիրը չեմ: Այլ տրամաբանություն չեմ կարող գտնել, որովհետև ես բենզինի մասին հարցազրույցներ չեմ տալիս»,- ասաց Սպարտակ Սեյրանյանը:

Տեղեկացնենք, որ 168.am-ը դեռևս հայցադիմումը չի ստացել, տեղյակ չենք՝ ինչի մասին է խոսքը, և հստակեցումից հետո, բնականաբար, կանդրադառնանք թեմային:

Տեսանյութեր

Լրահոս