
Ապօրինաբար բացել են կապարակնքված աշխատասենյակը. դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն ասելիք չունի՞

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ ներխուժել է Ռուբեն Վարդազարյանի աշխատասենյակ։
«Մեզ հայտնի դարձավ, որ նա կոտրել է կապարակնիքը, դուռը բացելու համար կանչել է ընթերականերին, հայտարարել, թե «ինձ չի հետաքրքրում, դուռը բացեք ոնց ուզում եք» և մեխանիկական ուժ կիրառելով՝ բացել է տվել դուռը»,- գրել է կայքը:
Առավոտյան, ի դեպ, նույն կայքին Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն ասել էր, որ Վարդազարյանին սպասարկող մեքենան հանձնվել է Ջհանգիրյանին, բայց աշխատասենյակը կապարակնքված է ու փակ։
«Աշխատասենյակը նույն ձև մնացել է, իսկ մեքենան հանձնվել է խորհրդի նախագահի պաշտոնակատարին, մնացել է հաշվեկշռում, պարզապես տնօրինող անձը փոխվել է»,- ասել էր Փոլադյանը՝ առանց հստակեցնելու, թե ինչո՞ւ է, այնուամենայնիվ, փոխվել տնօրինող անձը:
Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ որպես ԲԴԽ նախագահ, ընդամենը կասեցված են, իսկ կապարակնքված աշխատասենյակի դուռը կոտրելն ու այնտեղ ներխուժելն առնվազն հանցակազմ պարունակող արարք է, և Կարեն Փոլադյանը, ում տնօրինությանը հանձնված է աշխատասենյակը, ինքը պետք է շահագրգիռ լիներ հանդես գալ բացատրություններով, մինչդեռ մեր բազմաթիվ հեռախոսազանգերը մնացին անպատասխան. Դատական դեպարտամենտի ղեկավարը որոշեց առաջնորդվել «իջիր ջրի հատակը, մինչև անցնի վտանգը» սկզբունքով:
Ակնհայտ է, որ Հատուկ քննչական ծառայությունը, որը Ռուբեն Վարդազարյանին մեղադրանքն առաջադրել է, քննչական գործողություններ չի կատարել ԲԴԽ-ում, Ռուբեն Վարդազարյանի կապարակնքված աշխատասենյակում, այսինքն՝ օրինական ճանապարհով այդ դուռը չի բացվել, ուրեմն ո՞վ ուներ իրավունք ներխուժել այնտեղ, և ի՞նչ քրեաիրավական գնահատականի դա պետք է արժանանա:
ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանին թեմայի առնչությամբ 168.am-ը հարցրեց, թե ի՞նչ շեքսպիրյան կրքեր են եռում ԲԴԽ-ում:
«Ես չեմ մեկնաբանի»,- ասաց Գրիգոր Բեքմեզյանը, ով ԲԴԽ այն եզակի անդամն է, ով միշտ պատրաստակամորեն է պատասխանում ԶԼՄ-ների հարցերին:
Մեր դիտարկմանը՝ բայց չէ՞ որ դա հանցակազմ է, Գրիգոր Բեքմեզյանը պատասխանեց՝ «Էլի չեմ մեկնաբանի»:
168.am-ն աշխատանքային օրվա ավարտի հետ կապված՝ չկաողացավ ներկայացնել գլխավոր դատախազության դիրքորոշումը տեղի ունեցածի վերաբերյալ, ինչը կփորձենք անել առաջիկայում: