«Նիկոլից ամեն ինչ սպասելի է, Մեղրի էլ կտա, Տավուշ էլ կտա, Արարատից էլ մի հողաբաժին կտա». ազատամարտիկ

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ազատամարտիկ Շահե Աճեմյանն ասաց, որ ընտրություններից հետո իշխանության և ընդդիմության պայքարն ավելի է սաստկանալու, և դա կանխարգելել կարող է միայն բանակը:

«Եթե նույնիսկ տեղի ունենան ընտրություններ, եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի, ընդդիմությունը չի ընդունելու, պայքարն ավելի սաստկանալու է, եթե ընդդիմությունը հաղթեց, Նիկոլն այդպես հեզ, փափուկ ձևով չի հանձնելու իր իշխանությունը, արյունահեղությունն ու երկու կողմի ավելի լարվածությունն անխուսափելի է: Դեռ հույս ունեմ, ինչպես մոտ անցյալում հավատում էի, որ մեր երկրի փրկությունը ռազմական հեղաշրջումն է, էլի հույս ունեմ, որ մի զինվորական տղամարդ, իսկական սպա, արժանապատիվ սպա այդ քայլին կդիմի և թույլ չի տա արյունահեղություն, կփրկի երկիրը, կհանի այս դժվար իրավիճակից: Նիկոլը հաղթեց՝ ընդդիմությունը չի հանդուրժելու, ընդդիմությունը հաղթեց՝ Նիկոլը հեշտությամբ չի զիջելու»,- ասաց Աճեմյանը:

Անդրադառնալով գերիների խնդրին՝ ազատամարտիկը նշեց, որ այս խնդրի կարգավորման համար հարկավոր է միջազգային հանրության օգնությունը, քանի որ սա հումանիտար հարց է, և  բոլոր այն երկրները, որոնք լավ հարաբերություններ ունեն Հայաստանի և Ադրբեջանի հետ, պետք է ձեռնամուխ լինեն այս խնդրի կարգավորմանը:

«Ուղիղ 3 տարի է՝ Նիկոլը միայն քանդող է, ոչ մի լավ բան մեր երկրի համար չի արել, երկիրը տարել է քաոսային  վիճակի, երկիրը մխրճված է, խեղդվում է ջրի մեջ, մի քիչ էլ որ երկարի, Նիկոլը որ շարունակի իր իշխանությունը, մենք վերջնական խեղդվելու ենք: Մեզ փրկություն չկա: Նիկոլը շատ փոքր մարդ է, ոչնչություն է, սակայն մի բան ներկայացնում է, առաքելություն ունի, և ատամներով պահում են իրեն սև-մութ ուժերը արտաքին, որոնք հատուկ առաքելությամբ բերել են, որ քանդի մեր երկիրը»,- ասաց նա:

Շահե Աճեմյանն անդրադառնալով շրջանառվող այն թեզին, թե գերիների վերադարձի դիմաց Նիկոլ Փաշինյանը կարող է զիջել Մեղրին, ասաց.

«Նիկոլից ամեն ինչ սպասելի է, Մեղրի էլ կտա, Տավուշ էլ կտա, Արարատից էլ մի հողաբաժին կտա: Նիկոլից ամեն բան սպասելի է»:

Աճեմյանի խոսքով՝ այժմ մեր բանակը բաժանված է Արտակ Դավթյանի և Օնիկ Գասպարյանի համակիրների բանակների: Նա հույս հայտնեց, որ բանակն արագ  կինքնամաքրվի և թույլ չի տա, որ Մեղրին կամ որևէ այլ տարածք հանձնվի:

Տեսանյութեր

Լրահոս