«Նախորդ 3 նախագահների օրոք սրա արածի 10 %-ը որևէ մեկն իրեն թույլ տար, փողոցները լցված կլինեին բազմություններով». Բագրատ Եսայան

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանին չի զարմացնում այն հանգամանքը, որ երեկ Բաքու-Երևան չվերթը ժամանել է՝ առանց հայ գերիների: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Եսայանն ասաց՝ կանխատեսելի էր, որ թշնամի երկրի ղեկավարն իրեն հենց այդպես պետք է պահեր:

«Խնդիրն Ալիևը չէ, բնական է, որ թշնամի երկրի ղեկավարը, որի առաջ կապիտուլյացիա է ստորագրել այս ապաշնորհը, իրեն այդպես էլ պետք է պահեր, ես դրանից բոլորովին զարմացած չեմ, ես զարմացած եմ մեր ժողովրդի համբերության վրա, որը 3 տարի բերանը բաց, ինչպես այդ ծնողներն իրենց երեխաներին էին սպասում, այդպես սպասում էին այս իշխանության կողմից ինչ-որ մի դրական տեղաշարժի, այն խոստումների իրականացմանը, որով Նիկոլ Փաշինյան կոչվող այդ անձնավորությունը 15 տարի շարունակ կերակրել էր մեր ժողովրդին, տվել էր խոստումներ, ստերով մանիպուլյացրել էր ժողովրդին, և այս խոստումներին ժողովուրդը 3 տարի շարունակ հավատում է, և ամեն անգամ նման «դատարկ ինքնաթիռներ» են գալիս, խոստումները դրժվում են, խոստումներին հակառակ քայլեր են արվում: Նույնիսկ լկտիորեն այդ անձնավորությունն ասում է՝ լավ, այն ժամանակ մի բան էի ասել, հիմա իրավիճակն այսպիսին է, ես իշխանություն եմ, դա չեմ անում, սա եմ անում, և ժողովրդի մի որոշակի հատված շարունակում է հավատալ այդ ստախոսին, դավաճանին, հողատուին, ավելի շատ դրանից եմ զարմացած»,- ասաց Եսայանը:

ՀՅԴ անդամին զարմացնում է նաև այն, որ նոյեմբերի 9-ից հետո ժողովուրդը գործող իշխանությանը չի ասել՝ «վեր կաց և գնա տուն»:

«Նախորդ 3 նախագահների օրոք սրա արածի 10 %-ը որևէ մեկն իրեն թույլ տար, փողոցները լցված կլինեին բազմություններով»,- ասաց նա:

Անդրադառնալով լրագրողական հարցումներին, որտեղ մարդիկ հաճախ բողոքում են երկրում տիրող իրավիճակից, սակայն վերջում ասում են, որ ընտրություններին ընտրելու են Փաշինյանին՝ Բագրատ Եսայանն ասաց.

«Այս ժողովրդի մի հատված կա՝ խեղճ, անճար, բացարձակապես տգետ ու ապաշնորհ, որն ի դեմս այդ անձնավորության՝ իր հայելային արտացոլումն է տեսնում, և Նիկոլ Փաշինյան վարչապետն այդ զանգվածի վրեժն է բոլոր հաջողակ, կրթված, աշխատող մարդկանցից»:

ՀՅԴ անդամի պնդմամբ՝ կա նաև առողջ զանգված, որի օրակարգը, ինչպես ընդդիմությանը, Նիկոլ Փաշինյանի հեռացումն է: Բագրատ Եսայանը վստահ է, որ «նախկինների թալանի և կոռուպցիայի» մասին թեզերով իշխող ուժին չի հաջողվելու հաղթել արտահերթ խորհրդարանական ընտրություններում:

«Ես կարծում եմ, որ այդ ուղղությամբ պոտենցիալ այլևս չկա: Այն խեղկատակային ելույթները, որ նա ունեցավ մի քանի այցելությունների ընթացքում՝ Արագածոտնի և Արմավիրի մարզ, ուղղակի ծիծաղելի էր հնչում, երբ նա խոսում էր նախկինների թալանի և կոռուպցիայի մասին: Խոսում է մի մարդ, որի եղբոր տղան պատգամավոր է, որի աներձագը պատգամավոր է, որի քավորը նշանակվեց Տավուշի մարզպետ, որի մոտ ընկերները ստանում են նախարարի պորտֆել: Կոռուպցիա ասածի մարմնավորումն այլևս Նիկոլ Փաշինյանն է: Այս մարդիկ, իշխանության գալով, ոչ միայն կոռուպցիայի դրսևորումը հասցրին հիպերաստիճանի, երկու տարվա ընթացքում մոտ 200 մլն դոլարին համարժեք դրամ իրենք իրենց պրեմիա գրեցին, թալանեցին պետական բյուջեն, գողացան «Հայաստան» համահայկական հիմնադրամի փողերը, թալանեցին պատերազմի ժամանակ դրսից եկող օգնությունը, տարան  իրենց տներն  ու նկուղները, եթե այս բոլորի ֆոնի վրա հիմա նրանք համարձակվելու են նորից գնալ նախընտրական քարոզարշավի՝ «թալան, կոռուպցիա, նախկիններ» լոզունգն օգտագործելով, ապա սա ուղղակի ապուշության գագաթնակետն է: Ուրիշ բան չունի ասելու նա, բայց նրան հավատալու է չնչին տոկոս»:

Եսայանը վստահ է՝ Փաշինյանն օգտագործելու է վարչական ռեսուրսը, նաև փորձելու է մարդկանց կաշառել, սակայն չի հաջողելու:

«Մտեք ցանկացած պետական հիմնարկ և կտեսնեք, թե ինչ զզվանքով են նրանք խոսում իրենց ղեկավարի մասին: Պետական գերատեսչությունների ղեկավարները, նախարարներն ընդհուպ նստած Ֆեյսբուքը քրքրում են, որ տեսնեն, թե իրենց ապարատում ո՞վ է մի հատ լայք դրել ընդդիմադիր գործչի ելույթի: Նախարարի հիմնական զբաղմունքը դարձել է Ֆեյսբուքի մոնիտորինգը, որ աշխատակիցներին սարսափի մթնոլորտում պահեն, և զզվանքից բացի՝ ուրիշ որևէ զգացողություն սրանց գործելակերպը չի առաջացնում: Սա՝ վարչական ռեսուրսի առումով: Փողի առումով, ես համաձայն եմ, որ հսկայական այն գումարները, որ նրանք տարբեր միջոցներով կուտակել են նաև հայտնի տիկնոջ հիմնադրամներում, փորձելու են օգտագործել՝ գնելու համար ձայներ, այդ զանգվածը, որը իբր կուրորեն հավատում է Նիկոլ Փաշինյանին, առանց փողի ընտրության չի գնալու, այդ զանգվածը սովոր է ցանկացած մեկից փող վերցնելուն, ինչքան էլ ասեն՝ «Նիկոլ Փաշինյանը իմ կուռքն ա, ես նրան եմ հավատում միայն», միևնույն է, սպասելու են էդ փողին»,- ասաց ՀՅԴ անդամը:

Բագրատ Եսայանը պնդեց, որ ընդդիմության համար մեկ օրակարգային հարցը շարունակում է մնալ այս իշխանության հեռացումը, և նրանք բոլորը միակամ են այդ հարցում, և Փաշինյանի իշխանությունը վերարտադրման շանս չունի:

«Վստահ եմ, որ «Կոնսենսուս-1» բանաձևը կայանալու է ընտրությունների ժամանակ»,- ասաց նա:

Թուրքերի և ադրբեջանցիների հետ սահմանները բացելու, նրանց հետ առևտուր և բարեկամություն անելու իշխանության թեզերին ի պատասխան՝ Եսայանը հիշեցրեց, որ մեր թշնամիների նպատակը Հայաստանի պետականության վերացումն է.

«Արարատյան դաշտավայրի մեր գյուղացիներին, որոնք հիացած են Նիկոլով, ուզում եմ ուղղակի ասել, որ նրանց տնտեսությունն ուղղակի ոչնչանալու է թուրքական ապրանքի ներխուժումից»:

Եսայանի պնդմամբ՝ երկրում ստեղծված իրավիճակի միակ  մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, որքան էլ նա փորձի ժխտել դա:

«Բոլորի համար ակնհայտ է, որ երկրի այս աստիճան կործանման, ամեն իմաստով կործանման՝ պետականաշինության, տնտեսության, մեր հողային ամբողջականության առումով՝ այս աստիճան կատաստրոֆայի հասցնելու միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է և նրան սատարող քաղաքական ուժը, նաև հիմա նրանց ձայն տալու պատրաստ այդ անուղեղ զանգվածը, չեմ վարանում անուղեղ անվանել նրանց: Երբեք չեմ փորձի սիրաշահել, շողոքորթել մարդկանց, ովքեր այս ամենից հետո իմ հայրենիքի 25 տոկոսը հանձնողին պատրաստ են նորից ընտրել, իմ ժողովրդի մի հրաշալի, մի ամբողջ սերնդի ոչնչացումից հետո պատրաստ են նրան աջակցել և քվեարկել, սա ոչ միայն անուղեղ, այլև հանցավոր զանգված է»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս