«Եթե նախարարն ինձ չընդունի, փաստեր կհրապարակեմ, որ իրենք փոշմանեն». անհետ կորած զինծառայողի մայր
Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր առավոտյան գնացել են Առողջապահության նախարարություն և հանդիպում պահանջել նախարարի հետ՝ ստանալու իրենց անհանգստացնող հարցի պատասխանը՝ ո՞րն է պատճառը, որ ԴՆԹ-ների պատասխանները սխալ են լինում։
Անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը, 168.am–ի հետ զրույցում դժգոհեց նախարարության աշխատաոճից, ապա ասաց, որ 10։20-ից նախարարության շենքում են, բայց նախարարը չի բարեհաճել իրենց ընդունել, ընդունարանից փոխանցել էին, որ նախարարն այդ պահին հանդիպման էր, իսկ ահա դրանից հետո կառավարության նիստն է, պետք է գնա։
«Հիմա զանգում ենք, որ Առողջապահության նախարարը մեզ ընդունի, բայց չգիտես ինչու՝ ինքը հանդիպում ունի, ու այդ հանդիպումն ավելի կարևոր է, քան մեր զոհված, անհետ կորած տղերքը։ Հիմա փորձում ենք կապ հաստատել, բայց տեսեք՝ ոչ մեկը չի վերցնում, կոֆեի ժամ է , ո՞նց վեկալեն։ Հենց առողջապահության նախարարը պետք է մեզ ընդունի այս պահին, եթե չէ՝ հաստատ ես լիքը վատ բաներ կանեմ, որն իրենց վրա վատ կանդրադառնա»,- ասաց տիկին Անահիտը։
Հետաքրքրվեցինք, թե ո՞րն է վրդովմունքի պատճառը, քանի որ բոլորովին վերջերս հանդիպել էին նախարարի հետ, կարծես համաձայնության էին եկել․
«Իրենք պետք է մասունքներն ամբողջացնեին ու մեզ տային կոդեր, բայց քանի որ արդեն անցել է 20 օր, ու ոչ մի բան չի արվել, մենք ոչ մի կոդ չենք ստացել որ մենք տեղեկացել ենք, որ լինելու է արտաշիրմում, հլը չասենք, որ եղել է արտաշիրմում։ Հիմա մենք ուզում ենք հասկանալ, այդ մեր տղերքի մարմինը, որ մեր ԴՆԹ-ով հանձնեցին այլ ծնողների ու հուղարկավորեցին, հետո էլ գիշերով արտաշիրմում արեցին, ի՞նչն էր պատճառը, վրիպո՞ւմը։ Ոնց որ Էջմիածնի քիմիկներին, վրիպումով 40 հոգու ավտոբուսներով տարան բոյի մեջ, այդպես էլ ԴՆԹ-ներն են վրիպո՞ւմ։ Ինձ պետք է Առողջապահության նախարարն ընդունի, եթե չէ՝ իմ քայլերի համար պատասխանատու չեմ։ Ես կանեմ ամենավատը, այն փաստերը կհրապարակեմ, որ իրենք կփոշմանեն, որ հիմա ինձ չեն ընդունել․․․»։
Ավելի ուշ՝ ժամը 11։00-ի սահմաններում, անհետ կորած զինծառայողների հարազատներին մոտեցավ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը, տեղեկացրեց, որ նախարարն արդեն գնացել է կառավարություն՝ նիստին մասնակցելու, հեռախոսահամար վերցրեց, որ երբ նախարարը վերադառնա, կապ հաստատեն ծնողների հետ․
«Փաստորեն, արհամարհեցին այս հերոս տղերքին ու իրենք գնացին հանդիպմա՞ն։ Ես կսպասեմ մինչև ժամը 1-ը, 2-ը, նրանից հետո ես ունեմ գործողություն, ես ի վիճակի չեմ համբերելու, որովհետև արվել է այն, ինչ որ արվել է»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայողների հարազատները պարզել էին, որ իրենց իսկ ձեռքերով Զանգելանի փոսից բերված մասունքներից մի քանի ոսկոր հանձնել էին այլ ծնողների, որոնց որդին զոհվել էր Շուշիում, նրանք էլ փետրվարին հուղարկավորել էին։ Իսկ օրեր առաջ պարզվել էր, որ այդ նույն ծնողները Մեծամորի դիահերձարանում գտել էին իրենց որդու ամբողջական մարմինը։
Իսկ այսօր նախարարություն եկած ծնողները վստահեցնում էին, որ արտաշիրմում պետք է անեն, բայց դա փորձելու են գաղտնի անել, որպեսզի թերությունները թաքցնեն։