Շուրջ 200 մարմին և մասունք՝ Մեծամորի դիահերձարանի բակում՝ սառնարան-մեքենաների մեջ
Մեծամորի դիահերձարանի բակում, արդեն 6-րդ ամիսն է, կանգնած են «Սպայկայի» սառնարան-մեքենաները, ներսում Արցախյան վերջին պատերազմում զոհված տղանների մարմիններն են ու մասունքները։
Նկարահանումն իրականացրել ենք նախորդ շաբաթ՝ ապրիլի 3-ին։ Դիահերձարանի բակում մեզ դիմավորեց երիտասարդ մի տղա, ներկայացավ Բժշկական համալսարանի ուսանող, որը, արդեն 6-րդ ամիսն է, մի քանի կամավորի հետ՝ օգտագործելով իրենց մասնագիտական գիտելիքները, փորձում են մարդկանց օգնել՝ գտնել իրենց որդիներին։
Նա հրաժարվեց տեսախցիկի առաջ խոսել, չուզեց անգամ, որ տեսանյութում ձայնը լսվի։ Այդուամենայնիվ, առանց ձայնագրության մեզ որոշ տեղեկություն փոխանցեց, բայց մինչև այդ դժգոհեց համացանցում տարածվող լուրերից, թե Մեծամորում հազարավոր դիակներ կան, և, որ դրանք ոչ պատշաճ պայմաններում են պահվում, ապա ներկայացրեց իրական պատկերը։
Հատուկ շեշտեց, որ իրենք ծնողներին այնտեղից մարմին են տալիս միայն ԴՆԹ-ի պատասխանը ներկայացնելուց հետո, երբ գենետիկայով հաստատվում է, որ դա իրենց որդին է։ Պարզաբանեց, որ իրենց մոտ դիահերձում չեն իրականացնում, մարմիններն ու մասունքներն իրենց մոտ են տեղափոխվում արդեն դիահերձումից, ապա նաև մարմնից համապատասխան նմուշառում վերցնելուց հետո: ԴՆԹ-ն փորձաքննության համար հանձնում են Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում, արդեն դրա համընկնումով պայմանավորված՝ նոր հարազատներին տեղեկացնում են, թե որտեղից կարող են վերցնել իրենց հարազատների մարմինները։
Տղաները ամենայն պատասխանատվությամբ են կատարում իրենց աշխատանքը, լինում են դեպքեր, երբ զոհվածների ատամնաշարերն են ստուգում, համեմատում մարմնի դաջվածքները։
Ինչպես մեզ փոխանցեցին Մեծամորի դիահերձարանում, պատերազմի օրերից մինչև հիմա զոհվածների մարմիններն ու մասունքները չեն գերազանցել 1000-ը։
Ասացին, որ այս պահին շուրջ 200 մարմին և մասունք է պահվում սառնարան մեքենաներում, այդ թվում՝ դեռ հոկտեմբեր ամսից։
Դիահերձարանի բակում 5 մեքենա-սառնարան էր կանգնած, 2-ը՝ արդեն դատարկ։ Կամավորականը մեզ տեղեկացրեց, որ դրանք մոտ 10-20 օր առաջ են դատարկվել, իսկ ահա մյուս 3-ում տղաների մարմիններն են, որոնցից վերցված նմուշների պատասխանները քիչ-քիչ ստանում են, ծնողներն էլ գալիս են մարմինների ետևից։ Մեծ սառնարան-մեքենաներից մի փոքր այն կողմ էլ կանգնած էր մի քիչ ավելի փոքր չափի սառնարան-մեքենա, պարզվեց՝ այնտեղ էլ միայն տղաների մասունքներն են, որոնցից ևս փորձանմուշներ են վերցրել։
Դիահերձարանի բակում՝ շենքերից մեկի առաջին հարկում փոքր սենյակ կա, պատերից մեկին տասնյակ տղաների լուսանկարներ են փակցված, ծնողներն են փակցրել։ Լուսանկարներում հիմնականում տղաների դաջվածքներն են և հարազատների հեռախոսահամարները, որ եթե նոր մարմիններ բերեն՝ դաջվածքով նույնականացնեն։
Ցավով տեղեկացանք, որ մարմիններ կան, որոնց ԴՆԹ-ն համընկել է ծնողների հետ, սակայն վերջինները հրաժարվել են այն վերցնել, կրկնակի, եռակի ԴՆԹ են պահանջել կամ էլ չեն ուզում հավատալ, ասում են՝ մեր տղերքը գերիների մեջ են։