Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի կողմից հայցի ապահովման միջոցի վերաբերյալ որոշումը գրավոր կերպով կուղարկվի կողմերին. հարցի քննությունն ավարտվեց
Վարչական դատարանում՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի գործով դատական նիստը։
Դատարանում քննվում էր Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդությունը հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին։
Օնիկ Գասպարյանի շահերը դատարանում ներկայացնում էր փաստաբան Արամ Օրբելյանը, ով ներկայացրեց իր առարկությունները միջնորդության վերաբերյալ:
Կողմերի փաստարկները լսելուց դատավորը հայտարարեց, որ որոշումը գրավոր տեսքով կուղարկվի կողմերին:
Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արամ Օրբելյանն ասաց, որ պատասխանող կողմը փոխանակ մտածի՝ ինչպես է ակտը կատարվելու, հայտարարում է, որ չեն կատարելու:
«Մոտավորապես ի՞նչ ասվեց այսօր դատական նիստի ժամանակ: Որ որոշում էլ լինի, միևնույն է, չենք կատարելու: Նման մոտեցման դեպքում ցանկացած իրեն հարգող երկրում վարչապետի ներկայացուցիչը, եթե ինքնագլուխ է արել, գործից կազատվեր, իսկ եթե վարչապետի հրահանգով է արել, նա գործից կազատվեր»,- ասաց Արամ Օրբելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում