Այսօր դատարանը պիտի հրատապ նիստ հրավիրի և ՔՕ 300.1 հոդվածով Քոչարյանի և մյուսների նկատմամբ դադարեցնի քրեական հետապնդումը. Հայկ Ալումյան

Սահմանադրական դատարանը մարտի 26-ին հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը համապատասխանելու հարցով  որոշման եզրափակիչ մասը: Ըստ այդմ  Ռոբերտ Քոչարյանին առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին (որոշակիություն և համաչափություն) հակասող և անվավեր ճանաչեց:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանի խոսքով՝ այս որոշմանը պետք է հաջորդեր Ռոբերտ Քոչարյանի և Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով մյուս մեղադրյալների նկատմամբ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդման դադարեցումը:

«Օրենքով դատարանը ոչ թե վաղը, հենց այսօր պիտի նիստ հրավիրի հրատապ, որովհետև այսօր մտնում է ուժի մեջ ՍԴ որոշումը՝ հրապարակմամբ մտնում է ուժի մեջ, իսկ այսօր պետք է հրապարակվի, այսինքն՝ այսօր դատարանը պիտի հրատապ նիստ հրավիրի և հենց այսօր քրեական հետապնդումը դադարեցնի և՛ պարոն Քոչարյանի նկատմամբ, և՛ մյուս երեք մեղադրյալների նկատմամբ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով և 300.1 հոդվածով քրեական գործով վարույթը պիտի կարճվի: Համապատասխան միջնորդությունները արդեն ներկայացված են: Թեև միջնորդություններն էլ եթե ներկայացված չլինեին, միևնույն է՝ դատարանը պիտի աներ: Ու եթե դատարանն էլ չէր շտապում դա անել, ապա հենց մեղադրանքի կողմը պարտավոր է միջնորդել, որպեսզի դատական նիստը հրատապ կայանա, և պիտի հրաժարվի մեղադրանքից…

Նաև օրենքը նախատեսում է, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինը, տվյալ դեպքում՝ մենք ունեցել ենք քրեական հետապնդում իրականացնող երկու մարմին՝ ՀՔԾ-ն և Դատախազությունը, պարտավոր է գրավոր հայցել ներողություն այն անձից, ում անհիմն հետապնդել է»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը հայտնեց, որ բացի ՔՕ 300.1  հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունից, մուտքագրել են նաև մեկ այլ միջնորդություն, որը վերաբերում է  Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցին: Ալումյանի փոխանցմամբ՝ միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոց չկիրառելու մասին, այդուհանդերձ, հաշվի առնելով հնարավորությունը, որ դատարանը կարող է նշել, թե դեռևս պետք է շարունակի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառել խափանման միջոց՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանին մեղսագրված կաշառքի գործը, ապա միջնորդությամբ դատարանից խնդրել են նվազեցնել գրավի չափը:

Հայկ Ալումյանը նաև տեղեկացրեց, որ մարտի 26-ի ՍԴ որոշումից հետո հանդիպել են ՀՀ երկրորդ նախագահի հետ, քննարկել որոշումներն ու դրանից բխող գործողությունները, որոնց մասին կտեղեկացնեն առաջիկայում:

Հիշեցնենք նաև, որ Սահմանադրական դատարանը որոշումներն իր պաշտոնական կայքում տեղադրում է դրանց եզրափակիչ մասի հրապարակումից հետո եռօրյա ժամկետում, ուստի  հավանաբար բարձր դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ մինչև  աշխատանքային օրվա ավարտը:

Տեսանյութեր

Լրահոս