Բաժիններ՝

Աբու Դաբի չհասած հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները դեռ Երևան էլ չեն հասել

168.am-ի հավաստի տեղեկություններով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները դեռ չեն հասել Հայաստան՝ Երևան, այդ ուղղությամբ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը դեռ աշխատանքներ է տանում:

Ավելի վաղ գրել էինք, որ դրանք մնացել են Մոսկվայում և չեն տեղափոխվել Աբու Դաբի:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-25-ը Հայաստանը ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում մասնակցում էր IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին, սակայն ռազմական տեխնիկայի ցուցանմուշների փոխարեն՝ հայկական տաղավարում միայն բուկլետներ էին:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե «հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները Աբու Դաբի չեն հասել առաջացած լոգիստիկ խնդիրների պատճառով, և, որ տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն»։

Միաժամանակ հայտնել էին, որ ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որ սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի:

ԲՏԱ նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մովսիսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց. «Ծառայողական քննությունը դեռ ընթանում է, որևէ նորություն չկա: Նախարարի հրաման կա, որ մեկ ամսվա ընթացքում ամեն ինչը պետք է պարզվի»:

Հավելենք, որ օրերս մեկ տարով հետաձգվեց մարտի 25-27-ը Երևանում նախապես հայտարարված Սպառազինության ու պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային «ArmHiTec-2021» ցուցահանդեսը:

Այն կանցկացվի 2022 թվականի մարտի 31-ից ապրիլի 2-ը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նման որոշում է կայացրել Հայաստանում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման և զանգվածային միջոցառումների անցկացման սահմանափակումներով պայմանավորված:

Մյուս կողմից, ինչպես արդեն նշեցինք, ունենք ռազմական տեխնիկայի ցուցանմուշների Հայաստան տեղափոխելու հետ կապված խնդիրներ, որոնք դժվար թե մեկ շաբաթում լուծվեին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս