Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը 300.1 հոդվածով դադարեցվելու է. Վարդևանյան

Սահմանադրական դատարանն այսօր հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի Սահմանադրությանը համապատասխելու հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումն ու Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին (որոշակիություն և համաչափություն) հակասող և անվավեր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը:

«Ես ցավում եմ, որ այս ամենը տևեց 3 տարի: Ես ցավում եմ, որ այս ամեն ինչն այսքան, կարելի է ասել, իրավական պրոցեսների, տանջանք, դաժան, բարդ ճանապարհի արդյունք էր, բայց, ի վերջո, ճշմարտությունը հաղթեց… Բարձր դատարանը գտնվեց իր բարձունքի վրա:

Սա նշանակում է, որ 300.1 հոդվածով՝ ինչպես ի սկզբանե չէր կարող լինել քրեական հետապնդում, այդպես էլ այս քրեական հետապնդումը 300.1 հոդվածով դադարեցվելու է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը:

Անդրադառնալով որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանի հատուկ կարծիքին՝ Արամ Վարդևանյանը նշեց, որ փաստացի արձանագրվում է, որ ՍԴ այլ դատավորներ հատուկ կարծիք չունեն, ինչից հետևում է, որ ՍԴ-ն մեծամասնությամբ գտել է, որ ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական է:

«Աննա Դանիբեկյանը քրեական հետապնդումը 300.1 հոդվածով դադարեցնելու է… Այստեղ դիմադրելու խնդիր չկա: Քրեական օրենսգրքում այլևս 300.1-րդ հոդված չկա: Եթե չկա հոդված, չկա հանցանք»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս