Ինչո՞ւ է Քննչական կոմիտեն փոշմանել կարճել Ամուլսարի վերաբերյալ քրեական գործը. ո՞րն է Աննա Վարդապետյանի դերակատարությունը

168.am-ի տեղեկություններով՝ դեռևս ս.թ. փետրվարի 12-ին ՀՀ քննչական կոմիտեն որոշում է կայացրել կարճելու Ամուլսարի ծրագրի վերաբերյալ արդեն 2,5 տարի տևող քրեական գործը: Այդ նպատակով Քննչական կոմիտեն գործի նյութերը առարկությունների կամ միջնորդության համար ներկայացրել է Գագիկ Համբարձումյանին, ում նամակի հիման վրա 2018թ. հարուցվել էր քրեական գործը:

Գագիկ Համբարձումյանը, 21 օր ծանոթանալով նախաքննության նյութերին, այդպես էլ առարկություններ կամ միջնորդություն չի ներկայացրել, ինչը, ըստ օրենքի, ենթադրում է, որ քրեական գործը պետք է կարճված լիներ դեռևս մարտի 9-ին:

Սակայն ՀՀ քննչական կոմիտեն վերջին րոպեին փոխել է որոշումը և գործը չի կարճել: Ըստ երևույթին, ընտրությունների նախաշեմին կոմիտեում փորձում են ձգձգել գործընթացը և ավելորդ պատասխանատվությունից խուսափել` հաշվի առնելով ընտրությունների անկանխատեսելի արդյունքները:

Ավելին, նույն աղբյուրների պնդմամբ՝ այս քրեական գործում ևս իր ակտիվ մասնակցությունն է ունեցել Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը: Հավանաբար հիմա էլ նա և այդ գործով քննչական խմբի ղեկավար, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը լծված են քրեական գործի նախաքննությունը շարունակելու համար հիմքեր ստեղծելով:

Այս առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք «Լիդիան Արմենիա» ընկերությանը: Ընկերությունից հայտնեցին, որ Քննչական կոմիտեից իրենց տեղեկացրել են, որ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ընկերությունից նաև իրենց դժգոհությունը հայտնեցին քրեական գործի կապակցությամբ:

«Այս քրեական գործն ի սկզբանե եղել է արհեստական և նույն կերպ ձգձգվում է վերջին 2,5 տարիիների ընթացքում: Ընկերությունը շարունակում է տիրապետել Ամուլսարի հանքի շահագործման բոլոր օրինական թույլտվություններին, և այն, ինչ կատարվում է երկրի ամենամեծ ներդրումային ծրագրի շուրջ վերջին երեք տարիների ընթացքում, ամբողջովին անօրինական է: Ցավում ենք, որ նույնիսկ պատերազմից հետո ներդրումների կարևորությունը չի գնահատվում անվտանգության և տնտեսական զարգացման տեսանկյունից»,- ասացին «Լիդիան Արմենիա» ընկերությունից:

Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) այսօր պաշտոնապես արդեն 10-րդ օրն է, որ նյութեր են նախապատրաստվում՝ կապված 168.am-ի՝ մարտի 10-ի այն հրապարակման հետ, ըստ որի՝ վերջինս ուղղակի միջամտություն է ունեցել արդարադատությանը՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին ու նրա որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին առնչվող քրեական գործով:

Նշենք, որ քրեական գործ հարուցելու կամ չհարուցելու վերջնաժամկետն այսօր է:

Արմինե Վարդանյան

Տեսանյութեր

Լրահոս