Արցախում ադրբեջանցիները քարեր են նետել հայկական պետհամարանիշով ավտոմեքենաների ուղղությամբ
Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի տարածքում՝ դեպի Կարմիր շուկա տանող ճանապարհին, ադրբեջանցիները քարեր են նետել հայկական պետհամարանիշով ավտոմեքենաների ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը, դեպքը տեղի է ունեցել մարտի 25-ի կեսօրին: Խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոմեքենաներից սկսել են քարերով հարվածել հայկական մեքենաներին:
«Այդ պահին ճանապարհով գնացող ավտոմեքենաներից մեկը կարողացել է խուսափել, իսկ դրա հետևի մեքենան՝ ոչ: Միջադեպից հետո տեղի բնակավայրի քաղաքացիներն անմիջապես փակել են ավտոշարասյան ճանապարհը, ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների հրամանատարները դուրս են եկել, ներողություն են խնդրել: Ռուս հրամանատարը վարորդի տվյալները վերցրել է և խոստացել փոխհատուցում»,-ասաց Հունան Թադևոսյանը՝ նշելով, որ վարորդը վնասվածք չի ստացել, վնասվել է միայն ավտոմեքենան:
Ներքին գործերի նախարարությունը դեպքի վերաբերյալ մանրամասներ կներկայացնի ավելի ուշ: