Բաժիններ՝

«Ափսոս է մեր դպրոցը, ինչո՞ւ եք հիմնահատակ քանդում»․ Աբովյանի դպրոցի նախկին աշխատակիցը՝ Ռոմանոս Պետրոսյանին

Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում, շուրջ 2 ամիս է, դասապրոցեսը խաթարված է, աշակերտներն ու ուսուցիչները շարունակում են պահանջել նորանշանակ տնօրենի՝ Քարմիլե Առաքելյանի հրաժարականը։ Դպրոցի նախկին տնտեսվար Նունե Քամալյանը, որին աշխատանքից ազատել է նորանշանակ տնօրենը, 168.amի հետ զրույցում ասաց, որ այլևս չեն կարողանում դպրոցում նկարահանում կատարել, որպեսզի իրական պատկերը ցույց տան։

«Ոստիկանությունը թույլ չի տալիս, որ մենք դպրոց մտնենք, ոչ պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանն իրավունք ունի դպրոց մտնել, ոչ ես, ոչ էլ նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը․․․ Իրավիճակը նույնն է, նորանշանակ տնօրենը երեկ էլի 6-7 ուսուցչի վրա ոստիկանություն հաղորդում է տվել, որ մի քանի օր առաջ իբր դպրոցում դաս է եղել, ուսուցիչներն էլ նկարել էին, որ ապացուցեն՝ դաս չի լինում, ուղղակի այդպես հայտարարված է»։

Քամալյանը հայտնեց, որ բազմաթիվ ծնողներ իրենց երեխաներին դպրոցից հանում են, այլ դպրոց են տեղափոխում, և այն, որ իբր դպրոցում դասապրոցեսը վերականգնված է՝ մեղմ ասած, իրականության հետ որևէ աղերս չունի․

«Մեր ուսուցիչներից մեկը, ով աշխատում է, երեկ ասաց՝ դասարան եմ մտել, 4 հոգի են եղել, մի դասարանում 3 հոգի են եղել, 3-րդ ժամից հետո ոչ մեկը դպրոցում չի եղել, ինքը դաս չի պարապել․․․»։

Նախկին տնտեսվարը տեղեկացրեց, որ իրեն աշխատանքից հեռացնելու համար դատարան է դիմել․

«Նորանշանակ տնօրենն ում անօրինական ազատել է, բոլորս էլ դատարան ենք տվել, դատարանի վճռով արդեն հետ կգանք»։

Նունե Քամալյանը նաև հիշեցրեց, որ, ինչպես արդեն  նախկինում ասել էին, հիմա էլ դպրոցի բակում մեքենաներով հերթապահություն են իրականացնում Աբովյան քաղաքի ՔՊ–ականները․

«Երեկ չէ առաջին օրը ինձ կանչել էին դպրոց՝ ընդունում-հանձնում անելու, այդ մեքենաներն էլի դպրոցի բակում էին։ Նրանք բոլորն էլ այդտեղ են գալիս այն մարդկանց հրահանգով, ում որ հրամայվել է այդ կնոջը նշանակել դպրոցի տնօրեն, նրա բարեկամներն ու ծանոթներն են, բնականաբար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի։ Այդ եկողներն էլ Աբովյանի ՔՊ-ի շտաբի, ինչ-որ Ցուգունյան կա, դրա տեղակալն է, կոնկրետ ՔՊ-ի շտաբի անդամներն են»։

Դպրոցի նախկին աշխատակիցը կոչով դիմեց Կոտայքի նախկին մարզպետ, ներկայում՝ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին․

«Ափսոս է մեր երկիրը, ափսոս է մեր դպրոցը, ինչո՞ւ եք հիմնահատակ քանդում։ Ես վստահ եմ, որ այս դպրոցը հիմնահատակ քանդվեց․․․»։

Հիշեցնենք, որ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում փետրվարի 3-ից դասադուլ և գործադուլ է՝ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի հրաժարականի պահանջով։ Ուսուցչական կոլեկտիվի և աշակերտների ծնողների խոսքով՝ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանը Կոտայքի նախկին մարզպետ, ներկայում՝ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է և նրա հովանավորությամբ է նշանակվել տնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանը հերքել է իր ընտանիքի կապը նորանշանակ տնօրենի հետ։ Դպրոցի անձնակազմը և աշակերտները ցանկանում են որպես տնօրեն տեսնել նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին, որը, ի դեպ, նույն ընտրություններում հավաքել էր 4 ձայն, այնքան, որքան հավաքել էր Քարմիլե Առաքելյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս