«Գեներալն իր որոշումը պետք է կյանքի կոչի, եթե չես կարողանում կյանքի կոչել, ապա քո տեղը բանակում չի, պետք է գնաս ձեր տուն». Մովսես Հակոբյան
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ասաց, որ, երբ քաղաքականությունը բերում են բանակ, բանակը պարտադրված սկսում է զբաղվել քաղաքականությամբ: Նա հիշեցրեց, որ Զինված ուժերի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարությանը նախորդել է այդ ժամանակ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին աշխատանքից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը:
«Այն, որ Սահմանադրությամբ սահմանափակվում է զինվորականների քաղաքականությամբ զբաղվելը, և բանակը քաղաքական հարցերում պետք է պահպանի չեզոքություն, դա վերաբերում է նաև բանակի հրամանատարին, այսինքն՝ երկրի վարչապետին: Երկրի վարչապետը չպետք է, քաղաքական նկրտումներից ելնելով, պաշտոնյաներին ազատի պաշտոնից: Մի քիչ պետք է հետ վերադառնանք և տեսնենք, թե ինչի՞ց է սա սկսվել: Խնդիրներ եղել են, եփվել են, բանակը զուսպ, ատամները կրճտացնելով՝ այդ բոլորը կատարել է, և որևէ հայտարարություն չի արել, բայց այս հայտարարությանը նախորդել է ԳՇ պետի առաջին տեղակալի
ազատումը: Հարց եմ տալիս, ԳՇ պետի առաջին տեղակալին ինչի՞ համար են ազատել, հանցագործությո՞ւն է կատարել, հայրենիք է դավաճանե՞լ, պարտականությունները թերի է կատարե՞լ, որովհետև Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը սահմանում է, թե զինվորականներին ինչ պատճառով կարող ես պաշտոնից ազատել, դրան գումարվում է նաև կարգապահականը, այսինքն, եթե մարդն իր պարտականությունները թերի է կատարում, նաև կարգապահական կանոնագիրքն է լրացնում: Հիմա այդ բոլոր կետերով եթե գնում եք, Տիրան Վազգենիչը որևէ խախտում չի կատարել, որևէ հիմք չկար իրեն ազատելու պաշտոնից: Ասում են՝ ինքը ծիծաղել է, այսինքն՝ մեր երկրում արգելվա՞ծ է ծիծաղելը, մարդ անեկդոտ է պատմում, կամ անհեթեթություն է դուրս տալիս, դրա վրա ես իրավունք չունե՞մ ծիծաղելու: Մարդը ծիծաղել է տեղին: Տիրան Վազգենիչի ազատումը քաղաքական է, երբ բանակը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, քաղաքականությունը չպետք է բերես բանակ»,- ասաց Հակոբյանը:
Անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելուն՝ գեներալ-գնդապետն ասաց, որ այդ որոշմանը պետք է նախորդեին մի շարք ընթացակարգեր:
«Օնիկ Վիկտորիչի ազատման հիմքերը ո՞րն են: Սահմանադրությունը, կամ Զինվորական ծառայության մասին օրենքը սահմանում է, որ վարչապետը, ով իրավունք ունի նշանակել պաշտոնի, նա էլ իրավունք ունի ազատելու, շատ իրավաբաններ ասում են, որ իրավունք չունի, այդպես չէ, վարչապետն իրավունք ունի ազատելու, հարց է առաջանում՝ հիմքերն ի՞նչն է ազատման: Եթե Օնիկ Վիկտորիչը հանցագործ է, քրեական գործ հարուցեք, վա՞տ է աշխատում, ապացուցեք, եթե Օնիկ Վիկտորիչի արածը քաղաքական հայտարարություն է, ապա քրեական գործ հարուցեք դրա վերաբերյալ, այս ամենը չեք կատարում ու իրեն հանում եք պաշտոնից: Օնիկ Վիկտորիչին կարող էին հանել կարգապահական կանոնագրքի պահանջների համաձայն, և որպեսզի նրան պաշտոնից հանեին՝ որպես կարգապահական տույժ, պետք է ծառայողական քննություն անցկացնեին, չի անցկացվել, պետք է էդ մարդուն ասես, թե դու ինչի՞ համար ես մեղավոր: Ես գիտեմ, որ Օնիկ Գասպարյանը չգիտի, թե ինքն ինչի՞ համար է մեղավոր, ինչի՞ համար են իրեն հանել»,- ասաց Հակոբյանը և ավելացրեց, որ պաշտոնից, որպես կարգապահական տույժ, ազատելուն պետք է նախորդեն մի քանի այլ տույժեր, որոնք, սակայն, չէին կարող եղած լինել, քանի որ Գասպարյանը վերջերս է գեներալ-գնդապետի կոչում ստացել:
ԳՇ նախկին պետը նաև նշեց, որ դատարանի որոշումը, որի համաձայն՝ Օնիկ Գասպարյանը պետք է շարունակեր պաշտոնավարել՝ որպես ԳՇ պետ, ռազմական դրության պայմաններում չի կարող կիրառելի լինել, քանի որ այժմ գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է, որի որոշումը քննարկման ենթակա չէ, պարտադիր է կատարման համար: Հանուն արդարության՝ հարկ է նշել և մեջբերել ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածի 4-րդ կետը, որտեղ սևով սպիտակի վրա ամրագրված է. «Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է», և ոչ ռազմական դրության պայմաններում: Իսկ մեր երկրի Մայր օրենքի 119 հոդվածի 1-ին կետի համաձայն էլ՝ «Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում Կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն»:
ԳՇ նախկին պետի մեկ այլ մեկնաբանությամբ.
«Զինվորական ծառայությունը հենց նրանով է սահմանափակվում, որ զինվորականը հրամանը կատարում է, նոր բողոքարկում, եթե գտնում է, որ իր հանդեպ անարդարություն է եղել, բայց այստեղ ևս զինվորական ծառայությունը տարբերվում է քաղաքացիականից, հարաբերությունները կարգավորվում են Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքով: Եթե այսօր-վաղը կգտնեն, որ Օնիկ Գասպարյանի նկատմամբ օրենքը կիրառել են անօրինական, ինքը հետադարձ ուժ չունի, որևէ մեկը չի կարող իրեն վերականգնել այդ պաշտոնում, օրենքը պահանջում է հետևյալը՝ այն անձը, որը տվել է անօրեն հրաման, նա կարող է ենթարկվել պատասխանատվության»,- ասաց Հակոբյանը:
Նա նաև նշեց, որ, եթե օրենքները միմյանց հակասում են, ապա գերակա է Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը, բացառություն է միայն Սահմանադրությունը, որը, ի դեպ, ԶՈւ ԳՇ պետին ազատելու մասին որևէ հոդված չունի: Անդրադառնալով նախկին ԳՇ պետ Արտակ Դավթյանին նորից այդ պաշտոնում նշանակելուն՝ Մովսես Հակոբյանն ասաց, որ նա ամենալավ թեկնածուն չէր այդ տեղի համար:
«Արտակ Դավթյանին նշանակել են, որ բանակն ամբողջությամբ քանդի»,- ասաց Հակոբյանը:
Վերադառնալով գեներալների՝ Նիկոլ Փաշինյանի և իր հրաժարականի պահանջով հայտարարությանը և այն հանգամանքին, որ ԳՇ-ում Փաշինյանին դիմավորում են հոտընկայս՝ Մովսես Հակոբյանը պնդեց, որ այն 40 գեներալների ստորագրությունները, որոնք դրված են այդ հայտարարության տակ, առավել մեծ արժեք ունեն, քան ամբողջ բանակինը, և հայտարարությունը, իր կարծիքով՝ պետք է կյանքի կոչվի:
«Գեներալները բանակում կոտրված կմնան, եթե հայտարարել են մի բան ու չեն անում: Կարծում եմ, որ գեներալն իր որոշումը պետք է կյանքի կոչի, իսկ եթե որոշումդ կյանքի չես կոչում, չես կարողանում կյանքի կոչել, ապա քո տեղը բանակում չի, պետք է գնաս ձեր տուն»,- ասաց Հակոբյանը: