Թուրքական լիրան կտրուկ արժեզրկվել է

Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահին՝ Նաջի Աղբալին մարտի 20-ին ազատելու՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումից հետո երկրի ազգային արժույթը՝ թուրքական լիրան 14 տոկոսով անկում է ապրել՝ հասնելով 8.4 լիրայի՝ մեկ դոլարի դիմաց: Սրընթաց անկումից հետո լիրան փորձել է փոքր-ինչ վերականգնման միտումներ դրսևորել, ամեն դեպքում՝ տարակուսանք առաջացնելով Թուրքիայի ղեկավարի որոշման առնչությամբ, քանի որ ԿԲ նախագահին փոխարինելու քայլն անակնկալ է եղել բոլորի համար:

Ուշագրավ է, որ Աղբալն առանցքային դերակատարում էր ունեցել վերջերս թուրքական լիրան պատմական գնանկումից փրկելու գործում: Նրան ազատելու մասին որոշումը ցնցել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ներդրողներին, ովքեր գոհունակությամբ էին հետևում Թուրքիայի ԿԲ վերջին շրջանի դրամային քաղաքականությանը:

Աղբալի փոխարեն ԿԲ նախագահի պաշտոնում է նշանակվել Շահափ Քավջըօղլուն: Սա վերջին երկու տարիների ընթացքում ԿԲ նախագահին փոխելու երրորդ դեպքն է: Ընդ որում, Աղբալին ազատելու պատճառների վերաբերյալ որևէ պաշտոնական մեկնաբանություն չի տրվել:

ԿԲ նոր նախագահը՝ Քավջըօղլուն, մասնագիտական շրջանակների կողմից ոչ այնքան հայտնի պրոֆեսոր է, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին իրավաբաններից:

Տեսանյութեր

Լրահոս