«Փաշինյանի ԺՊ լինելու դեպքում կա մեծ վտանգ, որ  ընտրությունները կկեղծվեն»․ Իշխան Սաղաթելյան

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ հունիսի 20-ին ընտրություն կազմակերպելու վերաբերյալ, փաստ չէ, որ տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ»,-  Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։

Նա ընդգծեց, որ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենալու համար անհրաժեշտ է, որպեսզի վարչապետը 2 անգամ հրաժարական տա, այդ ժամանակահատվածում չընտրվի վարչապետ, լուծարվի խորհրդարանը, և նոր միայն ՀՀ նախագահը նշանակի խորհրդարանական ընտրություններ։

Անդրադառնալով Փաշինյանի ընտրությունների մասին ֆեյսբուքյան գրառմանը՝ Սաղաթելյանն ասաց․

«Այն ֆեյսբուքյան ստատուսը, որ՝ հունիսի 20-ին տեղի է ունենալու ընտրություններ, և դա վերջնական է՝ դա մեր մոտ հավատ չի ներշնչում։ Այս ժամանակահատվածում մի քանի անգամ իրենք խոսել են արտահերթ ընտրության մասին, շատ արագ հրաժարվել են, պատերազմի ընթացքում 44 օր ստով և կեղծիքով կերակրել են մեզ։ Մենք ունենք բավարար բոլոր հիմքերը՝ կասկածելու, որ հունիսի 20-ին տեղի է ունենալու ընտրություն։ Գուցե խորհրդարանը վարչապետ ընտրի, գուցե Նիկոլ Փաշինյանն ասի, որ երկրում COVID-ը մեծ ծավալ ունի՝ հրաժարվում եմ․․․ Ես որևէ հիմք չունեմ իրեն հավատալու ու շարունակելու եմ չհավատալ, քանի դեռ դա փաստ և իրականություն չէ, որովհետև ինքը հայտնի է, չէ՞, իր խաբելով»։

Սաղաթելյանը նշեց, որ «Հայրենիքի փրկության շարժումը» գտնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ և կարևոր պայման են երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, սակայն կա մեծ վտանգ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր պաշտոնակատար լինելու դեպքում,  արդյունքները կկեղծվեն․

«Կա մեծ վտանգ, որ դա չի լինելու մրցակցային, հավասար պայմաններով, մեծ է հնարավորությունը, որ այդ ընտրությունները կեղծվելու են, և իրականում այդ ընտրությունները կարող են լինել ոչ թե ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք, այլ ստեղծված իրավիճակից նոր ճգնաժամ սկսվի։

Հետևաբար՝ «Հայրենիքի փրկության շարժումը» շարունակում է պնդել, որ այն օրակարգը, այն ճանապարհային քարտեզը, որն առաջարկել էր՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու, ճիշտ ու արդյունավետ ճանապարհային քարտեզն է, ինչ մենք մինչ այս առաջարկել էինք»։

Հարցին, թե շարունակելո՞ւ են փակ պահել Բաղրամյան պողոտան, Սաղաթելյանը պատասխանեց, որ իրենց բողոքի և անհնազանդության ակցիաները շարունակվելու են․

«Հնարավոր է մարտավարության տարբեր փոփոխություն, բայց այս պահին խոսել արտահերթ խորհրդարանական ընտրության մասին, որն ըստ էության գոյություն չունի, և կա ընդամենը մի հայտարարություն, անիմաստ ենք համարում մտնել այդ օրակարգի մեջ»։

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» կուսակցությունների՝ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտարարություններին, Սաղաթելյանն ասաց, որ նրանք, ինչպես նաև շարժման բազմաթիվ կուսակցություններ նախապես ասել էին, որ եթե լինեն ընտրություններ, իրենք կմասնակցեն, և սա իրենց համար անակնկալ չէր։ Իսկ ինչ վերաբերում է ՀՅԴ-ի՝ ընտրություններին մասնակցել-չմասնակցելուն, ապա նա ասաց․

«Այս օրակարգի մեջ մենք չենք մտնելու։ Անկախ նրանից՝ շարժման որ կուսակցությունն ինչ դիրքորոշում կունենա՝ «Դաշնակցությունը» մինչև վերջ պայքարելու է այն օրակարգի համար, որն ինքը հայտարարել է, նույնիսկ, եթե մենակ էլ մնանք՝ շարունակելու ենք ամբողջ ծավալով մեր պայքարը, որպեսզի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հեռացվի։ Մենք երբեք դեմ չենք եղել արտահերթ ընտրություններին, բայց գտնում ենք, որ այդ արտահերթ ընտրությունները չպետք է կազմակերպի ինքը։ Եթե այսքան պայքարից հետո, անկախ մեր կամքից, տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այդ ժամանակ նոր «Դաշնակցությունը» կքննարկի իր մասնակցության ձևաչափը, օրակարգը, կամ՝ մասնակցո՞ւմ է, թե՞ ոչ»։

Ամփոփելով խոսքը՝ Սաղաթելյանը հայտնեց, որ առաջիկայում կունենան խորհրդի նիստ, որից հետո հայտարարությամբ հանդես կգան։

Տեսանյութեր

Լրահոս