Արդարադատության նախարարին պետք է հիշեցնել, որ ինքն արդարադատության նախարարն է

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում համառորեն պնդել է, թե ո՛չ տեսել է 168.amսկանդալային տեսանյութը՝ Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանի կողմից կոնկրետ քրեական գործերին, տվյալ դեպքում՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանն անմիջական մասնակցություն ունենալու վերաբերյալ, ո՛չ ծանոթացել է հոդվածին, քանի որ դժվար է իրականն ու ոչ իրականն իրարից տարբերակել:

«Ճիշտն ասած՝ ես ծանոթ չեմ, այսինքն՝ չեմ ծանոթացել այդ նյութին, որովհետև համացանցում այնքան նյութեր կան, և ապատեղեկատվության շրջանակն այնքան լայն է, որ շատ դժվար է հիմա իրական և ոչ իրական լուրերն իրարից տարբերել: Դրա համար ես լրացուցիչ ժամանակ չեմ ծախսում նման նյութերին ծանոթանալու համար: Բայց որքան նաև էլի լրահոսից տեղյակ եմ, գլխավոր դատախազությունը դրան արձագանքել էր, և կարծում եմ՝ դատախազությունից կարելի է ճշտել»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

Լրագրողների հիշեցմանը, որ առաջին դեպքը չէ, երբ այս իշխանության տարբեր ներկայացուցիչներ մեղադրվում են դատական իշխանությանը միջամտելու մեջ, Բադասյանը, սովորույթի համաձայն՝ հիշեց նախկիններին ու հետևյալ կերպ արձագանքեց.

«Այդ մեղադրանքներին արձագանք եղել է, և ես կարծում եմ, որ ժամանակին այն հեռախոսային արդարադատությունը, որն իրականացվել է տարիներ շարունակ, վերացված է, և այս կոնտեքստում, բնականաբար, միշտ փորձում են թիրախավորել մեր իշխանությանը, և որոշ տեղեկություններ, որոշ ինչ-որ փոքր միջադեպեր կամ մտացածին միջադեպեր օգտագործում են՝ վարկաբեկելու համար մեր իշխանությանը, ինչ ևս բնական է»:

Ճեպազրույցի այլ մանրամասների չենք անդրադառնում, քանի որ ամեն ինչը վերոբերյալ մտքերի գրեթե նույնական վարիացիաներն էին:

Իսկ հիմա՝ ըստ էության ու հերթով:

Սկանդալային տեսանյութը 168.am-ը հրապարակել է մարտի 10-ին: Այսօր մարտի 16-ն է, և ցայսօր որևէ մեկը որևէ իրավապահ կառույցից՝ ԱԱԾ, Քննչական կոմիտե թե Դատախազություն, կամ կառավարության թիվ 1 մասնաշենքից չեն հերքել տեսանյութում նշված փաստերը:

Ավելին, ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Արթուր Այվազյանը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ անձնական էլեկտրոնային փոստին ապօրինի հասանելիություն են ստացել և ներբեռնել տեղեկություններ։

Սրանով Քննչական կոմիտեն, ըստ էության, առնվազն չի հերքել, որ հիշյալ էլեկտրոնային փոստը պատկանում է քննիչին, և, որ տարածված տեղեկությունը ներբեռնվել է քննիչի էլեկտրոնային փոստից։

Ուրեմն Գլխավոր դատախազությունը մի ամբողջ օր ուսումնասիրել է հրապարակումն ու այն խնդրահարույց համարելով՝ ուղարկել ԱԱԾ, ուր մի քանի օր մանրամասն քննության առնելով, այլ տարբերակ չունենալով, թերևս, երեկվա դրությամբ նյութեր էին նախապատրաստվում, բայց Ռուստամ Բադասյանը չի կարդացել և չի տեսել մեր հրապարակումը, որովհետև այն արժանահավատ չի համարել:

Արդարադատության նախարարին, թերևս, պետք է հիշեցնել, որ ինքն արդարադատության նախարարն է ու առնվազն պարտավոր է շատ մանրամասն ծանոթանալ երկրի ողջ իրավապահ համակարգը, հասարակական-քաղաքական ու մեդիա շրջանակները փոթորկած հրապարակմանը, ինչը, վստահ ենք, արել է: Պարզապես չգիտի՝ ինչ անի. Գնահատական տալ չի կարող, չի էլ կարող ասել՝ սուտ է…

Ինչ վերաբերում է նախկինում տարիներ շարունակ իրականացված հեռախոսային արդարադատության վերաբերյալ նրա պնդումներին, Ռուստամ Բադասյանի հիշողությունը մեկ անգամ ևս թարմացնենք. Այդ ձեր իշխանության օրոք են հրապարակվել ԱԱԾ տնօրեն-ՀՔԾ պետ-Նիկոլ Փաշինյան հեռախոսազրույցների գաղտնալսումները, ձեր իշխանության իրավապահ համակարգի ղեկավարներն էին դատավորին ցուցում տալիս ՀՀ երկրորդ նախագահին ուզած-չուզած կալանք տալ, Յուրի Խաչատուրովին մի քանի օր պահել, որ խելքը գլուխը գա, ձեր վարչապետն էր շշուկով հրահանգներ տալիս վերոնշյալ անձանց… Մոռացե՞լ եք…

Այնպես որ, արդարադատության նախարարին մի քիչ կրեատիվությունը արդարանալիս հեչ չէր խանգարի:

Տեսանյութեր

Լրահոս