Բադասյանը պնդում է՝ Աննա Վարդապետյանին վերաբերող սկանդալային տեսանյութը չի տեսել, նյութին էլ չի ծանոթացել, չնայած նմանատիպ հարցերն իրեն հետաքրքրում են

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասայանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում համառորեն պնդեց, թե ո՛չ տեսել է 168.am-ի հրապարակած սկանդալային հրապարակման տեսանյութը՝ Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանի կողմից կոնկրետ քրեական գործերին, տվյալ դեպքում՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանն անմիջական մասնակցություն ունենալու վերաբերյալ, ո՛չ ծանոթացել է հոդվածին, քանի որ դժվար է իրականն ու ոչ իրականն իրարից տարբերակել:

«Ճիշտն ասած՝ ես ծանոթ չեմ, այսինքն՝ չեմ ծանոթացել այդ նյութին, որովհետև համացանցում այնքան նյութեր կան, և ապատեղեկատվության շրջանակը այնքան լայն է, որ շատ դժվար է հիմա իրական և ոչ իրական լուրերը իրարից տարբերել: Դրա համար ես լրացուցիչ ժամանակ չեմ ծախսում նման նյութերին ծանոթանալու համար: Բայց որքան նաև էլի լրահոսից տեղյակ եմ, գլխավոր դատախազությունը դրան արձագանքել էր և կարծում եմ՝ դատախազությունից կարելի է ճշտել»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

Հարցին, թե Բադասյանին չի՞ հետաքրքրում, երբ վարչապետի խորհրդականը նման սկանդալի կենտրոնում է, ու որպես արդարադատության նախարարը՝ Բադասյանը չի հետաքրքրվո՞ւմ՝ հասկանալու, թե խնդիրն ինչում է, նա արձագանքեց՝ կրկնելով իրականն անիրականից տարբերակելու դժվարությունը:

«Ինձ շատ են հետաքրքրում նմանատիպ հարցերը, բայց ինչպես նշեցի սկզբում՝ հարցին պատասխանելիս, շատ դժվար է հիմա համացանցում տարբերակել իրական, ոչ իրական լուրերը, ինչ նպատակով է դա տարածվում, արդյո՞ք ընդհանրապես տակը փաստական հիմք կա, թե՞ ոչ: Ես ընդհանրապես ժամանակ չեմ ծախսում ավելորդ, կոնկրետ….»,- ասաց Ռ. Բադասյանը:

Լրագրողի՝ «Բայց դա ավելո՞րդ է» հարցին նա բացասական պատասխանեց տվեց՝ ևս մեկ անգամ ասելով, թե ժամանակ չունի բոլոր նյութերին ծանոթանալու համար:

«Ես ասում եմ՝ ես չգիտեմ՝ դա ընդհանրապես ինչ նյութ է, և ասում եմ՝ քանի որ այնքան մեծ է ապատեղեկատվության շրջանակը, ես ժամանակ հիմա չեմ ծախսում բոլոր նյութերին մանրամասն ծանոթանալու: Երբ որ արդեն հաստատվում է, որ ինչ-որ մի բան իրական է կամ որևէ փաստական տվյալի վրա է, համապատասխան…

Կա համապատասխան մարմին, որ արձագանքել է դրան, և համապատասխան մարմին, որն այդ ոլորտում ունի կոնկրետ գործառույթներ»,- ասաց արդարադատության նախարարը:

Լրագրողների հետ զրույցում Ռուստամ Բադասյանը հաստատեց, որ նախարարության համապատասխան ստորաբաժանումները մոնիտորինգի արդյունքում 168.am-ի հրապարակումը ներկայացրել են նախարարին, բայց չմոռացավ նորից կրկնել, թե ժամանակ չունի դրան ծանոթանալու համար:

«Բոլոր նյութերը՝ մոնիտորինգի արդյունքում, որոնք վերաբերելի են Արդարադատության նախարարությանը, ուղարկվում են իմ ծանոթացմանը: Բայց ես ստիպված եմ երրորդ անգամ կրկնել՝ նկատի ունենալով, որ այսօր համացանցում շատ տեղեկություններ են տարածվում, և դրանց, իմ դիտարկմամբ՝ գերակշիռ մեծամասնությունը, հետո պարզվում է, որ որևէ փաստական հիմք չի ունենում, ես ժամանակ լրացուցիչ չեմ ծախսում՝ բոլոր նյութերին ծանոթանալու համար: Եվ սպասում ենք որոշակի ժամանակահատված, եթե ինչ-որ մի բան հաստատվում է, կամ երկար է շրջանառվում, կամ անհրաժեշտություն է լինում ծանոթանալ, նոր ծանոթանում եմ»,- ասաց արդարադատության նախարարը:

Բադասյանի խոսքով՝ որպեսզի իրեն այդ հանգամանքը մտահոգի կամ չմտահոգի, պետք է իմանա՝ այն հիմնված է ինչ-որ փաստական հանգամանքների վրա՞, թե՞ ոչ:

«Իսկ ինչպե՞ս իմանամ, եթե դա կոնկրետ այլ մարմինների տիրույթում է, այլ մարմինների գործառույթների տիրույթում…

Ես արդարադատության նախարարն եմ և առաջարկում եմ ծանոթանալ արդարադատության նախարարի գործառույթներին: Ես ո՛չ օպերատիվ հետախուզական գործառույթ եմ իրականացնում, ո՛չ միջոցառումներ կարող եմ իրականացնել և պարզել՝ իրակա՞ն է, իրական չէ՞, որից հետո կորոշեմ՝ մտահոգվե՞մ, թե՞ չմտահոգվեմ»,- հավելեց նա:

Քաղաքական թիմի ներկայացուցչի խոսքով՝ եղածին քաղաքական գնահատական կտա, երբ որևէ փաստ հաստատված կամ հերքված կլինի:

Լրագրողների հիշեցմանը, որ առաջին դեպքը չէ, երբ այս իշխանության տարբեր ներկայացուցիչներ մեղադրվում են դատական իշխանությանը միջամտելու մեջ, Բադասյանը սովորույթի համաձայն՝ հիշեց նախկիններին ու հետևյալ կերպ արձագանքեց.

«Այդ մեղադրանքներին արձագանք եղել է, և ես կարծում եմ, որ ժամանակին այն հեռախոսային արդարադատությունը, որն իրականացվել է տարիներ շարունակ, վերացված է, և այս կոնտեքստում, բնականաբար, միշտ փորձում են թիրախավորել մեր իշխանությանը և որոշ տեղեկություններ, որոշ ինչ-որ փոքր միջադեպեր կամ մտացածին միջադեպեր օգտագործում են՝ վարկաբեկելու համար մեր իշխանությանը, ինչ ևս բնական է»:

Հարցին, թե ՀՔԾ պետ-ԱԱԾ տնօրեն-Նիկոլ Փաշինյան հեռախոսային արդարադատությո՞ւնը նկատի ուներ, նա  պատասխանեց.

«Չէ, այն նկատի ունեմ, որը տարիներ շարունակ Հայաստանում եղել է՝ մինչև հեղափոխությունը: Դրա մասով համապատասխան պատասխանատուները պարզաբանումներ ներկայացրել են»:

Հիշեցնենք, որ 168.am-ն իր իր էլեկտրոնային հասցեին սկանդալային տեսանյութեր էր ստացել, որոնցում հստակ երևում է, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում գործով քննիչին՝ Արթուր Այվազյանին։

Նույն քննիչ Արթուր Այվազյանը, ըստ մեր ներկայացրած տեսանյութերի, էլեկտրոնային նամակագրությամբ Աննա Վարդապետյանին է փոխանցում բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ: Տեսանյութերում նաև կան տարբեր մարդկանց անուններով word (և այլ) փաստաթղթեր, որոնք, ինչպես պարզեցինք, այդ գործով վկաների անուններն են ներառել: Այդ մարդկանց անուններով փաստաթղթերի առկայությունը նախաքննական մարմնի և Նիկոլ Փաշինյանի՝ իրավական գծով խորհրդականի նամակագրության մեջ ողջամիտ հիմք է տալիս ենթադրելու, որ պետական պաշտոնատար անձինք համագործակցված կերպով, փաստորեն, «աշխատել են» նաև վկաների հետ:

Հիշեցնենք նաև, որ Դատախազությունից մարտի 11-ին նախ 168.am-ին տեղեկացրել էին, թե մարտի 10-ի մեր ներկայացրած նյութերը ուսումնասիրվում են, ապա ասել էին, որ ուղարկել են ԱԱԾ, մինչդեռ երեկ՝ մարտի 15-ին, սկանդալային հրապարակումից 5 օր անց ԱԱԾ-ից 168.am-ին հայտնել էին, թե դեռ նոր նյութեր են նախապատրաստվում:

 

Տեսանյութեր

Լրահոս