«Նիկոլը պետք է հուշագիր կնքի իր պատգամավորների հետ, որովհետև չի վստահում, հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է ընդդիմությունը պարտավորվի թեկնածու չառաջադրել»․ Իշխան Սաղաթելյան
«Որևէ մեկը դեմ չէ արտահերթ ընտրությանը, այդ մասին բազմաթիվ անգամ ասել ենք, խնդիրը հետևյալն է՝ ի՞նչ հարց ենք մենք լուծում արտահերթ ընտրությունների միջոցով»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինելու են ոչ մրցակցային, անվստահելի, և ճգնաժամը ընտրությունների արդյունքում ավելի է խորանալու, որովհետև այդ ընտրությունները չեն ունենալու լեգիտիմություն։
«Այն մարդը, ով ամբողջ պատերազմի ընթացքում խաբել է մեր ժողովրդին, ով հանրահավաք անելու համար կիրառում է մի հսկայական պետական մեխանիզմներ և լծակներ, ով իր իշխանությունը պահելու համար ընդունակ է ամեն ինչի, այդ մարդը ո՞նց կարող է մեր երկրում ապահովել հավասար պայմաններով մրցակցային և նորմալ ընտրություններ։ Բոլոր նրանք, ովքեր գտնում են, որ ընտրությունները միջոց են ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար, մեր կարծիքով՝ ընտրությունները կարող են ավելի խորացնել ճգնաժամը, եթե այդ ընտրությունները կազմակերպեն այսօրվա իշխանությունները»,- ասաց Սաղաթելյանը։
«Հայրենիքի փրկության շարժումն» ասում է, որ իր օրակարգում որևէ բան չի փոխվել, սակայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասում է՝ եթե Փաշինյանը հրաժարական տա՝ իրենք պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու։ Այս համատեքստում «Հայրենիքի փրկության շարժումը» շարունակելո՞ւ է համագործակցել «Բարգավաճ Հայաստանի» հետ, Սաղաթելյանից հետաքրքրվեցին լրագրողները:
«Իհարկե շարունակելու ենք համագործակցել, համատեքստում «Հայրենիքի փրկության շարժումը» շարունակում է գործել, մեր փողոցային անհնազանդության ակցիաները, մեր հայտարարած օրակարգն ուժի մեջ է»,- ասաց նա։
Չկա՞ ռիսկ, որ խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանի հետ կարող է համաձայնության գալ, կազմակերպել ընտրություններ, և այս ողջ գործընթացից «Հայրենիքի փրկության շարժումը» դուրս մնա, հետաքրքրվեցին լրագրողները։
«Ամբողջ պրոբլեմն այն է, որ եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է ընտրություններ կազմակերպել՝ կարող է ազատ կազմակերպել, խորհրդարանական 2 ընդդիմադիր խմբակցություններն այդտեղ որևէ անելիք չունեն։ Եթե ինքն ուզում է ընտրություններ կազմակերպել և այլ նպատակ չի հետապնդում՝ թող գնա կազմակերպի, ի՞նչ է ուզում «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից։ Ես վստահ եմ, որ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի հետ պետք է որ հուշագիր չստորագրի։ Հայտնի է պահանջը, որ առաջարկում են ստորագրել հուշագիր, կարծում եմ՝ Ծառուկյանը հուշագիր չի ստորագրի, ու կարծեմ՝ այդ մասին նաև ինքն է ասել»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։
Լրագրողները Իշխան Սաղաթելյանին հիշեցրին, որ նման նախադեպ կա, երբ Ծառուկյանը Փաշինյանի հետ հուշագիր ստորագրեց, ինչին ի պատասխան՝ «Հայրենիքի փրկության շարժման» համակարգողն ընդգծեց, որ 2018 թվականի աշնանը Փաշինյանն ԱԺ-ում քաղաքական մեծամասնություն չուներ․
«Այն ժամանակ քաղաքական մեծամասնությունը Հանրապետական կուսակցությունն էր, և այն ժամանակ այդ հուշագրի մեջ տրամաբանություն կար, հիմա չկա։ Հիմա կարծում եմ՝ Նիկոլը պետք է գնա հուշագիր կնքի իր խմբակցության պատգամավորների հետ, որովհետև ինքն իրենց չի վստահում, հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է ընդդիմությունը պարտավորվի, որ թեկնածու չի առաջադրելու։ Անկախ նրանից՝ ընդդիմությունը կառաջադրի՛, թե չի՛ առաջադրի, միևնույն է, քաղաքական մեծամասնությունն իրենք են, կարող է նույնիսկ առաջադրելու դեպքում իրենք գնան, ընտրեն իրենց թեկնածուին կամ չընտրեն՝ խորհրդարանը լուծարվի։ Այս պարագայում մնում է անհասկանալի՝ ինչո՞ւ է ինքն ուզում ընդդիմությունից պարտավորվածություն, որ թեկնածու չառաջադրեն, մի պարզ պատճառով՝ փաստում է, որ ինքը չունի նաև քաղաքական մեծամասնություն, այսինքն՝ իր խորհրդարանի պատգամավորները գերի են ընկել՝ Նիկոլի, իր նեղ թիմի շահերին սպասարկելու իմաստով․․․»։
Մանրամասները՝ տեսանյութում