«Ինչպես սպասելի էր, իշխանությունը կրկին ոչ ադեկվատ գնահատեց ստեղծված իրավիճակը». Արման Աբովյանը՝ ռազմական դրությունը չհանելու մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն այսօր Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովին ներկայացրել էին ՀՀ-ում ռազմական դրությունը հանելու վերաբերյալ որոշման նախագիծ, որին, սակայն, հանձնաժողովի իշխանական պատգամավորները բացասական եզրակացություն տվեցին։

Լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց, որ իրենք կարծում են՝ ռազմական դրությունը հանելով՝ առաջին հերթին կթոթափվեր երկրում ստեղծված  լարվածությունը։

«Սակայն, ինչպես սպասելի էր, իշխանությունները կրկին ոչ ադեկվատ գնահատելով ստեղծված իրավիճակը, ցավոք պահպանեցին լարվածությունը։ Մենք պետք է ֆիքսենք՝ ոչ ադեկվատ գնահատականը իրավիճակին, որովհետև, երբ իշխանության ներկայացուցիչները բողոքում են, թե մարդիկ կես ժամ ուշ կարող են հասնել իրենց տուն, որովհետև Բաղրամյան պողոտան փակ է, և ասում են, որ դա քաղաքացիների իրավունքի խախտում է, պարզապես զավեշտալի է, որովհետև նոյեմբերի 10-ից հետո ամբողջ ազգի իրավունքներն են ոտնահարված»,- ասաց Արման Աբովյանը։

Ըստ նրա, եթե իշխանությունը խոսում է քաղաքացիների իրավունքների մասին, ապա ինչո՞ւ չեն խոսում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչների իրավունքների խախտման մասին։ Կամ ինչո՞ւ չեն խոսում, երբ ՀՀ քաղաքացին Հայաստանի տարածքով՝ Գորիսով գնում է ու տեսնում զենքերով թուրքերի ու ադրբեջանցիների։

«Այստեղ ոչ թե քաղաքացիների մասին է խոսքը, այլ առավել քաղաքական գործընթացների ձերբազատման բոլոր սահմանափակումներից։ Այսպես ասեմ՝ իշխանությունները վախենում են։ Օրինակ, ռազմական դրությունը շատ բաներ է սահմանափակում, օրինակ, տեղային ընտրություններ, բացի դրանից, գոյություն ունեն բազմաթիվ քաղաքական մեխանիզմներ, որոնք այս կամ այն կերպ իշխանությունը տեսնում է՝ որպես վտանգ»,- հավելեց Արման Աբովյանը։

Պատգամավորը նաև ընդգծեց, որ փողոցային պայքարը չի նվազելու այնքան ժամանակ, մինչև իշխանությունը չհեռանա։

Տեսանյութեր

Լրահոս