Բաժիններ՝

Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով…

Մեծ կամ Քառասնորդական պահքն այս տարի սկսվում է փետրվարի 15-ից և, ներառելով նաև Ավագ Շաբաթը, կտևի մինչև ապրիլի 4-ը` Ս. Հարության տոնը:

Պահքի կարևորությունն առավել հարազատորեն ըմբռնելու համար պիտի ընդգծենք, որ այն օրինադրվել է դեռևս դրախտում, և Աստծո կողմից մարդուն տրված առաջին պատվիրանը եղել է հենց պահք պահելը. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտութեան ծառից մի կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկահացու կդառնաք» (Ծննդ. 2:16-17): Եվ քանի դեռ մարդը պահում էր այդ պատվիրանը, հրեշտակներին հավասար էր: Սակայն երբ նախաստեղծները մահաբեր ճաշակմամբ խաբվեցին սատանայից և դուրս ելան պահքից, ընկան շնորհներից, լույսից մերկանալով` արտաքսվեցին դրախտից:

Պահքն Աստծուն սիրողների համար մեծ շնորհ է ու զարդ, որը սնուցում ու բնակակից է դարձնում սրբերին և մոտեցնում Աստծուն:

Ավետարանում պատմվում է, որ Քրիստոս Իր քարոզչությունը սկսելուց առաջ քառասուն օր առանձնացավ անապատում` աղոթքով և ծոմապահությամբ կենալու համար: «Միայն հացով չէ, որ ապրում է մարդ, այլ Աստծո ամեն խոսքով» (Ղուկ. 4:4): Այս ամենից ելնելով` առաքյալները Եկեղեցու զավակների համար պահքը սահմանեցին, իսկ հետագայում` 325 թվականին, Նիկիայի տիեզերական ժողովում հաստատվեցին պահեցողության կանոնները: Եկեղեցին Քրիստոսի օրինակին հետևելով` հաստատեց քառասնորդական պահքը, որը կոչվում է նաև Մեծ Պահք: Նախնական եկեղեցում նորադարձ քրիստոնյաներին հանձնարարվում էր քառասնօրյա պահեցողության և ապաշխարության շրջան, որից հետո միայն կարող էին մկրտվել:

Հայ եկեղեցում տարվա ընթացքում պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելողը և ամենաերկարատևը Մեծ Պահքն է:

Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորնհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում. «Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»: Այս պարագային կարևոր է նաև մեկ այլ ծայրահեղությունից զգուշանալը. պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող եղբայրակցին դատելու.«Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ. 14:3):

Պահքը կամ ծոմապահությունը ներանձնական վիճակ է, և այն պետք չէ կատարել ի ցույց մարդկանց, այլ` ի փառս Աստծո: Պահքի նպատակն է մեր մարմինը վարժեցնել սակավապետության, որպեսզի հարստացնենք մեր հոգևոր կյանքը: Եթե մեկն ինքնանպատակ է պահք պահում, այսինքն` փառասիրության, կեղծավորության կամ էլ նիհարելու համար, ապա այն Աստծուն ընդունելի չէ, որովհետև ապաշխարության նպատակով չէ:
«Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծաւորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ծոմ պահես, օծիր քո գլուխը և լուա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար. և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ»: (Մատթ. 6:16 – 18):

Վարդապետներն ասում են, որ այն պարագային է մարմնի պահքը գեղեցիկ, երբ հոգին իրեն զերծ է պահում մեղքերից: Եվ ի՞նչ օգուտ մարմինը պահքով նվազեցնելուց, եթե հոգին գիրացնում ենք մահացու մեղքերով: Պահքը հոգին սնուցելու միջոց է. շարականներ, ավետարանական ընթերցումներ, աղոթքներ, ահա այն ամենը, որոնցով պիտի սնվի հավատացյալ մարդու հոգին պահքի ընթացքում:

«Արդ, ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն եք կատարում և կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ: Հակառակության և կռիվների մեջ եք պահում և բռնցքահարում տկարին: Իսկ իմ ինչի՞ն է պետք այդպիսի ծոմապահության օրը. դուք պիտի գաք բողոքեք ինձ, և ես չպիտի լսեմ ձեզ: Այդպիսի ծոմապահությունը չէ, որ ես ընտրեցի, և ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդ իր անձն է տանջում: Եթէ պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի ծոմ և ընդունելի օր. այդպիսի ծոմապահությունը չէ, որ ես ընտրեցի, – ասում է Տերը: – Քանդիր անիրավության հանգույցը, խորտակիր քո վաճառականական խարդախությունն ու բռնությունը, ներիր ու արձակիր նեղյալներին և պատռիր բոլոր անիրավ մուրհակները»: (Եսայի 58:3–6):

Պահքն անպայման պետք է զուգորդվի աղոթքներով, որով կառաջնորդվենք դեպի ավետարանական ճշմարտություններ, դեպի հավատք, դեպի Աստված:
Մեծ պահքն ընդգրկում է վեց կիրակի: Այդ կիրակիները կապված են աստվածաշնչյան վեց պատմությունների հետ, որոնք կազմել են Հակոբոս Տյառնեղբայրը և Կյուրեղ Երուսաղեմացին: Այդ կիրակիներն են`Բուն բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի և Գալստյան: Այս անվանումներն ինքնըստինքյան ցույց են տալիս յուրաքանչյուր կիրակիի խորհուրդը, և բոլորը միսնաբար կազմում են «ոսկե շղթա», որոնցով ծանոթանում ենք մարդու անցած ճանապարհին` աշխարհի արարչագործությունից մինչև Քրիստոսի Երկրորդ գալուստը:

Մեծ պահքի առաջին կիրակին Բուն Բարեկենդանն է, որը ներկայացնում է Դրախտային երանական կյանքը` Ադամի և Եվայի բարի կենդանությունը: Եկեղեցու հայրերը Բարեկենդանը համեմատում են դրախտի փափկության, իսկ դրախտի տնկիներն ու բույսերը` Եկեղեցու մանուկների հետ: Կենաց ծառը Քրիստոսի օրինակն է Եկեղեցում, իսկ պտղաբեր ծառերն ու ծաղիկները` առաքյալների, մարգարեների, ավետարանիչների ու սուրբ վարդապետների, ովքեր Քրիստոսի անուշ բուրմունքն են. «Քրիստոսի անուշ բուրմունքն ենք Աստծո առջև» (Բ Կորնթ. 2:15):

Երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման կիրակի, որն իր անունն ու խորհուրդը ստացել է մարդու` դրախտից արտաքսվելու հինկտակարանյան պատմությունից: Ադամն ու Եվան կերան արգելված պտուղը` այսինքն` չհնազանդվեցին Աստծո պատվիրաններին, մեղք գործեցին, հետևելով օձի` չարի խորհուրդներին` հեռացան իրենց երջանկության աղբյուրից` Աստծուց: Մեծ պահքի երրորդ և հաջորդ կիրակիներն իրենց անուններն ու խորհուրդները ստացել են օրվա ավետարանական ընթերցվածքի գլխավոր առակներից:

Անառակի կիրակի է կոչվում Մեծ պահքի երրորդ կիրակին` մատնանշելով Հիսուսի պատմած՝ Անառակ որդու առակը (Ղուկ. 15:11-32): Առակը խտացնում է Քրիստոսի Ավետարանի հիմնական գաղափարը` Աստված հոգատար Հայր է մարդու համար, անսահման սիրող ու ներողամիտ: Անառակի կիրակիի խորհուրդը մարդու` անկումից վերելքը, կորստից փրկությունը, ընկած վիճակից վերականգնումն է, ինչը նաև Մեծ պահքի նպատակն է:

Անիրավ տնտեսի կիրակի է կոչվում Մեծ պահքի չորրորդ կիրակին (Ղուկ. 16:1-8): Այս առակով Հիսուսը պատմում է զուտ աշխարհիկ, անիրավ մի տնտեսի մասին, ով ջանք չէր խնայում իր երկրային ու ֆիզիկական կյանքն ապահովելու համար: Երբ նրան ամբաստանում են տիրոջ առաջ, թե` վատնում է վերջինիս ունեցվածքը, տերը կանչում է նրան և հաշվետվություն պահանջում: Տնտեսն անհանգստանում է, որ կարող է բացահայտվել իր անազնվությունը, և կանչում է տիրոջ պարտապաններին ու նրանց հետ միասին փոխում մուրհակները: Իմանալով այս մասին` տերը գովում է նրան: Տնտեսի անազնվությունը չէ, սակայն, որ առակի խորհրդով գովաբանվում է: Այդ օրինակով Քրիստոսը գովում է նպատակին հասնելու մարդու աննահանջ ջանքն ու հնարամտությունը: Յուրաքանչյուր մարդ այս աշխարհում Աստծո կողմից նշանակված տնտես է, ով պետք է իմաստնաբար տնօրինի իր բաժին տնտեսությունը` կյանքը, խելքը, շնորհները, ինչպես նաև նյութական հարստությունն ու ունեցվածքը: Մեծ պահքի 24-րդ օրը, կոչվում է Միջինք: Այն հիշեցնում է, որ պահքը հասել է իր կեսին:

Դատավորի կիրակի է կոչվում Մեծ պահքի հինգերորդ կիրակին: Անիրավ դատավորի ու այրի կնոջ մասին առակը (Ղուկ. 18:1-8) պատմում է, թե ինչպես Աստծուց չվախեցող և մարդկանցից չամաչող մի դատավոր` հոգնելով այրի կնոջ անդադրում դիմումներից, ի վերջո արդարությամբ վճռում է նրա հարցը: Դատավորի կիրակին իր խորհրդով շեշտում է անձանձրույթ ու հարատև աղոթքի կարևորությունը, որը Հիսուսն Ինքն է Իր խոսքով ու կյանքով հաստատել: Քրիստոսն ուսուցանում է, որ չպետք է աղոթել ի ցույց մարդկանց, այլ Անիրավ դատավորի առակի այրի կնոջ նման` հարատև, ջերմեռանդ, մաքուր սրտով ու անկեղծ հավատով, որի առաջ տեղի տվեց անգամ անիրավությունը:

Գալստյան կիրակի է կոչվում Մեծ պահքի վեցերորդ կիրակին, որը նվիրված է Քրիստոսի երկրորդ Գալստյանը: Այդպես կոչելով` Եկեղեցին նախ հիշեցնում է Փրկչի առաջին Գալուստը` մարդեղությունը, որով հնարավոր դարձավ մարդու նորոգությունն, ու նրա առջև բացվեց փրկության դուռը: Իսկ Երկրորդ Գալստյան խորհուրդը հիշեցնում է, որ Տիրոջ Գալստյամբ սկսվելու է նոր դարաշրջան, բացվելու է վարագույրը «նոր երկնքի ու նոր երկրի» (Բ Պետրոս 3:13, Հայտն. 21:1):

Մեծ պահքի վերջին` յոթներորդ կիրակին կոչվում է Ծաղկազարդի կիրակի: Այն հիշատակությունն է Հիսուսի` իբրև Մեսիա, Երուսաղեմ հանդիսավոր մուտքի (Մատթ. 21:1-11, Մարկ. 11:1-11, Ղուկ. 19: 28-40, Հովհ. 12:12-19), երբ քաղաքի բնակիչները Հիսուսին դիմավորում ու ողջունում են ձիթենու կամ արմավենու կանաչ ոստերով և «Ովսաննա Բարձրյալին, օրհնյալ լինի Նա, որ գալիս է Տիրոջ անունով» բացականչություններով` ճանաչելով Նրան որպես Թագավոր: Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ նաև Տիրոջ խորհրդանշական մուտքն է Վերին Երուսաղեմ: Եթե երկրային Երուսաղեմ մտնելով` Նա պետք է խաչի վրա մատնվեր տառապագին մահվան, ապա երկնային Երուսաղեմում պետք է հավիտյան թագավորի: Այս իմաստով Քրիստոսի մուտքը Երուսաղեմ կոչվում է նաև Գալուստ, ինչի պատճառով և Ծաղկազարդի երեկոյան կատարվում է դռնբացեքի խորհրդանշական արարողությունը: Ծեսի ընդհանուր իմաստն այն է, որ Քրիստոս, Վերին Երուսաղեմ մտնելով, մեզ ևս արժանացնի փրկության դռնից ներս մտնելու շնորհին:

Ծաղկազարդին հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ: Այն հիշատակությունն է Երուսաղեմ մտնելուց հետո Քրիստոսի կյանքի վերջին յոթ օրերի իրադարձությունների և նախապատրաստությունը` Քրիստոսի Հարության տոնի: Շաբաթը կոչվում է Ավագ, որովհետև ամենամեծն ու նշանակալին է հիշատակվող դեպքերի թե կարևորությամբ և թե խորհրդով:

Ավագ երկուշաբթի հիշատակությունն է Հիսուսի` անպտուղ թզենուն անիծելու (Մարկ. 11:12-14, 20-25, Մատթ. 21:18-19) և Երուսաղեմի տաճարը լումայափոխներից ու աղավնավաճառներից մաքրելու (Մարկ. 11:15-19, Մատթ. 21:12-17, Ղուկ. 19:45-48, Հովհ. 2:13-22): Անպտուղ թզենու չորացման դրվագն օրինակն ու խորհրդանիշն է հավատի ու դրա հրաշագործ զորության. «…Եթե հավատ ունենաք և չերկմտեք, ոչ միայն կանեք այդ թզենուն պատահածը, այլ թեկուզ և այդ լերանն ասեք` ելիր ու ծովը ընկիր, այն կկատարվի: Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք»,-ուսուցանում է Հիսուսը (Մատթ. 21:20-22): Թզենին խորհրդանշում է անպտուղ մարդուն:

Ավագ երեքշաբթին եկեղեցական Տոնացույցով նվիրված է Տասը կույսերի առակին (Մատթ. 21:1-13): Առակով Հիսուսն այլաբանորեն պատասխանում է Իրեն տրված` Երկնքի արքայության մասին հարցերին և հայտնում այնտեղ մտնելու պայմանները. հարատև աղոթք և հավատի արգասավոր գործեր:

Ավագ չորեքշաբթին հիշատակությունն է մի կնոջ ձեռքով Բեթանիայում Հիսուսի գլուխը և ոտքերը նարդոսի թանկարժեք յուղով օծելու (Մատթ. 26:6-13, Մարկ. 14:3-9, Հովհ. 12:1-11): Խորհրդանշական այս օծումը մատնանշում է Հիսուսի` Տեր և Թագավոր լինելը, ինչպես նաև նախագուշակում Նրա չարչարանքներն ու մահը. «…Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով` նա Իմ թաղվելը կանխանշեց»: Չորեքշաբթին նաև մատնության օրն է, երբ աշակերտներից Հուդա Իսկարիովտացին 30 արծաթով համաձայնեց մատնել Հիսուսին:

Ավագ հինգշաբթի առավոտյան Եկեղեցին հիշատակում է Վերջին կամ Խորհրդավոր ընթրիքը, որի ժամանակ հաստատվեց Հաղորդության խորհուրդը: Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուսը, օրհնելով և աշակերտներին բաժանելով հացն ու գինին, դրանք ներկայացրեց որպես Իր Մարմինը և Արյունը, այսինքն` Նրա կամավոր զոհաբերությունը խաչի վրա հանուն մարդկության փրկության: Վերնատանը աշակերտների հետ զատկական սեղան նստելուց առաջ Հիսուսը մեկ առ մեկ լվանում է աշակերտների ոտքերը: Աստված լվանում է Իր արարածների ոտքերը` ցույց տալով Իր կատարյալ սերը նրանց հանդեպ և խոնարհության ու հեզության օրինակ դառնալով` հորդորում նրանց նույն կերպ վարվել միմյանց հանդեպ:

Քրիստոսի մատնությանը, չարչարանքներին ու խաչելությանը նվիրված Ավագ Ուրբաթի արարողությունները կոչվում են Խավարման կարգ: Ավետարանական ընթերցումները հիշատակում են Հուդայի մատնությունը, Հիսուսի` Գեթսեմանիի այգում աղոթքը, ձերբակալությունը, քահանայապետերի կողմից հարցաքննվելը, չարչարանքներն ու խաչելությունը, Պետրոսի երեք անգամ ուրանալն ու զղջալը: Ավագ Ուրբաթը Հիսուսի չարչարանքների ու խաչելության հիշատակության խորհուրդն է: Այդ օրը նշվում է նաև Հիսուսի` խաչից իջեցման և թաղման հիշատակը:

Շաբաթ երեկոյան, ինչպես Ս. Ծննդյան տոնի նախորդ երեկոյան, եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ:

Քրիստոսի հրաշափառ Հարությունը մարդկության պատմության ամենակարևոր ու առանցքային իրադարձությունն է: Քրիստոսի Հարությունը մանրամասն նկարագրված է չորս Ավետարաններում (Մատթ. 21:1-20, Մարկ. 16:1-18, Ղուկ. 24:1-49, Հովհ. 20:1-29): Շաբաթ երեկոյան, երբ Քրիստոսի Մարմինը դրվեց գերեզման, խավարն արդեն տիրապետող էր դարձել: Խավար էր նաև մարդկանց հոգիներում` Քրիստոսի աշակերտների ու հետևորդների, ովքեր տրտում և հուսաբեկ, շփոթված ու իրարամերժ զգացումներով ցրվել էին: Հակապատկերն է կիրակի առավոտը, երբ յուղաբեր կանայք գնում են Քրիստոսի գերեզման` Նրա մարմինը օծելու և խնկարկելու: Նրանք գտնում են վեմը մի կողմ գլորված և գերեզմանը` դատարկ: Նրանց դիմավորում են երկու լուսազգեստ հրեշտակներ, ովքեր և ավետում են Քրիստոսի հուսաբեր Հարությունը: Տիրոջ Հարությամբ քանդվեցին առաջին մարդկանց մեղքով հավիտենական կյանքի ճանապարհը պատնեշող բոլոր արգելքները, և փրկության հույսով իմաստավորվեց ու լուսավորվեց մարդու կյանքը: Զատիկը հին հրեաների մոտ եգիպտական գերությունից ազատագրվելու տոնն է, իսկ քրիստոնյաների մոտ` Քրիստոսի Հարության: «Զատիկ» նշանակում է զատվել, բաժանվել. նկատի է առնվում հրեաների` եգիպտական գերությունից բաժանումը, իսկ Քրիստոսի Հարությամբ` մեղքից ու մահից զատվելը և վերջնական իմաստով` դեպի Աստված վերադարձը:

Միմյանց կարմիր հավկիթներ նվիրելը Զատկի տոնի սովորույթներից է: Համաձայն ավանդության` Մարիամ Մագդաղենացին, Հռոմում ներկայանալով Տիբերիոս կայսերը (14–37 թթ.) և վկայելով իր քրիստոնեական հավատը, նրան կարմիր ներկած հավկիթ է նվիրում` ասելով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Ձուն խորհրդանշում է նոր կյանքի սկզբնավորումը, իսկ կարմիր գույնը` Քրիստոսի կենդանարար արյունը: Քրիստոսի խաչելությունը համընկավ գարնանային գիշերահավասարի, իսկ Հարությունը` հրեական զատկի լուսնի լրման հետ: Քրիստոնեության սկզբնական շրջանում Քրիստոսի Հարությունը տոնում էին հրեաների պասեքի տոնի օրը: 325թ. Նիկիայի տիեզերական առաջին ժողովի սահմանած կարգի համաձայն` Քրիստոսի Հարության տոնը նշվում է գարնանային գիշերահավասարից հետո լուսնի լրմանը հաջորդող կիրակի օրը, այսինքն` կարող է նշվել մարտի 22-ից ապրիլի 25-ն ընկած 35-օրյա ժամանակահատվածում:

Պահքը լուծում ենք սուրբ Զատիկից մեկ օր առաջ` շաբաթ երեկոյան, Ճրագալույցի Պատարագից հետո: Բուն բարեկենդանի կիրակիից մինչև սուրբ Զատիկ հիսուն օր է, որոնցից քառասունութը բուն պահքի օրերն են:

Մեծ պահքի շրջանին և առհասարակ պահոց օրերին պսակ և մատաղ չեն անում:

qahana.am

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս