Լիբիայի նոր կառավարությունը պետք է ազատ ընտրություններ ապահովի երկրում. Բլինկեն
Միացյալ Նահանգները ողջունում է Լիբիայի Ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի) կողմից Աբդել Համիդ Դբեյբայի նոր Ազգային միասնության կառավարության (ԱՄԿ) հաստատումը: Մարտի 10-ին տարածված գրավոր հայտարարության մեջ այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
«Մենք ողջունում ենք Ներկայացուցիչների պալատի այսօրվա վստահության քվեն այն թեկնածությունների ցուցակի հավանությամբ, որոնք Դբեյբան առաջադրել է ազգային միասնության ժամանակավոր կառավարությունում: Դա ուղենիշ է արդյունավետ եւ միասնական ազգային միասնության ժամանակավոր կառավարության ստեղծման ուղղությամբ Լիբիական քաղաքական երկխոսության ֆորումի ճանապարահային քարտեզի կատարման ճանապարհին,- նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:Մենք այդ նոր ղեկավաությանը կոչ ենք անում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու դեկտեմբերի 24-ին ազատ եւ արդարացի ազգային ընտրությունների ապահովման համար՝ որպես հանգուցային քայլ տասնամյա հակամարտությանը վերջ դնելու նպատակով վերջնական քաղաքական որոշման ճանապարտհին»:
Բլինկենը «բոլոր կողմերին կոչ է արել պահպանելու ներկայիս դրական խթանը եւ պաշտպանելու Լիբիայում հրադադարի համաձայնագրի համակողմանի կատարումը, ապահովելու զենքի մատակարարումների՝ ՄԱԿ-ի բռնարգելքի համակողմանի պահպանումը եւ վերջ դնելու օտարերկրյա միջամտությանը»: «Բոլոր լիբիական եւ միջազգային կողմերը պետք է պաշտպանեն այդ քայլերը՝ ներառյալ բոլոր օտարերկրյա ուժերի եւ վարձկանների անհապաղ դուրսբերումը»,- եզրափակել է պետքարտուղարը: Լիբիայի Ներկայացուցիչների պալատը մարտի 10-ին վստահության քվե է տայտել Դբեյբայի Ազգային միասնության կառավարությանը: Քվեարկությունը կատարվել է բաց, 134 ներկա պատգամավորներից 132-ը քվեարկել է կողմ, երկուսը ձեռնպահ են մնացել, 36 օրենսդիրներ բացակայել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: