«Պատվիրակված գործողություն է, որը բացառապես ուղղված է Արկադի Համբարձումյանի դեմ»․ քաղաքապետարանը փորձում է քանդել գործարարի առանձնատան պարիսպը
Քաղաքապետարանի աշխատակիցներն այսօր առավոտյան գնացել էին գործարար Արկադի Համբարձումյանի առանձնատան տարածք և տեղեկացրել, որ պատրաստվում են որոշակի քաղաքաշինական աշխատանքներ կատարել, մասնավորապես՝ պետք է ապամոնտաժեն գործարարին պատկանող տարածքին հարակից պարիսպը, որը, ըստ քաղաքապետի՝ ինքնակամ կառույց է։
Արկադի Համբարձումյանի փաստաբան Արթուր Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մինչև քաղաքապետի այդ որոշումը, գործարարն օգտվելով իր իրավունքներից և հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության տվյալ ոլորտը կարգավորող օրենսդրությունը, դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ ինքնակամ պարիսպն օրինականացնելու խնդրանքով․
«Մինչ օրս նշված հարցի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանը վարչարարություն չի իրականացրել, և գործարարը մինչ օրս չի ստացել պատասխան՝ արդյո՞ք Երևանի քաղաքապետարանը բավարարում կամ մերժում է պարսպի օրինականացումը։ Դրան հակառակ՝ քաղաքապետարանը նախաձեռնել է գործողություն, այսպես կոչված, ինքնակամ պարսպի քանդման ուղղությամբ»,- ասաց գործարարի փաստաբանը, ապա հավելեց, որ պարսպի ապամոնտաժման վերաբերյալ որոշման բողոքարկման լսումները մինչև օրս չեն իրականացվել։
Ըստ փաստաբանի՝ սա պատվիրակված գործողություն է, որը բացարձակապես ուղղված է գործարար Արկադի Համբարձումյանի դեմ․
«Բոլորին հայտնի են Արկադի Համբարձումյանի քաղաքական հայացքները, վերջինս ընդդիմության անդամ է»։
Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ այս խնդրի հետապնդողն ու հարուցողը «Լույսեր» ՓԲԸ-ն է, որը գործարարի առանձնատան հարևանությամբ կառուցապատում է իրականացնում։ Նշված վայրում կառուցվում է 16 և 18 հարկանի 4 բարձրահարկ շենքեր, այդպիսով Համբարձումյանին պատկանող առանձնատան տարածքն ամբողջությամբ տեսանելի է դառնում․
«Ըստ մեզ՝ ապօրինի, անօրինական կառուցապատում է։ Կառուցապատման աշխատանքը, որը սկսվել է մոտավորապես 1 տարի, մի շարք նորմերի խախտմամբ է իրականացվում, և ոտնահարվում են Արկադի Համբարձումյանի և իր ընտանիքի անդամների իրավունքները…»։
Ամփոփելով խոսքը՝ Համբարձումյանի փաստաբանը նշեց, որ առանձնատան պարիսպը քանդելու քայլերը հատուկ են արվում՝ ի պատասխան իրենց դատավարական գործողությունների՝ ուղղված «Լույսեր» ՓԲԸ–ի՝ շինարարությունը կասեցնելու ուղղությամբ։
Նշենք նաև, որ գործարարի առանձնատան հարակից տարածքում էին քաղաքապետարանի և Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի աշխատակիցները։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արթուր Մովսիսյանը չցանկացավ լրագրողների հետ զրուցել և ներկայացնել խնդիրը։
Մանրամասները՝ տեսանյութում