«Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ լուծում չի առաջարկում». Էդուարդ Շարմազանով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է տարածել ԳՇ-ի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարության առնչությամբ։

Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ իր համար լիովին հասկանալի է զինվորականության բարձրագույն հրամկազմի վրդովմունքը և բանակի դիրքորոշումը՝ միջամտելու իր իրավասություններից դուրս գտնվող քաղաքական գործընթացներին, ինչի պատճառը ոչ այլ ինչն էր, եթե ոչ՝ վարչապետի անզգույշ փորձը՝ իր կրած նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու:

«Դրանով հանդերձ, ուզում եմ ողջունել զինվորականության զուսպ պահվածքը՝ որոշ ուժերի կողմից նրան հակասահմանադրական գործողությունների մղելու կոչերի և դրդումների նկատմամբ: Նման պահվածքը ես գնահատում եմ՝ որպես բանակի ղեկավարության պետական մտածողության օրինակելի դրսևորում և երկիրը կործանարար ցնցումներից զերծ պահելու ազնիվ ձգտում, ինչն արժանի է մեր ողջ ժողովրդի անկեղծ երախտագիտությանը:

Միաժամանակ չափազանց վտանգավոր և դատապարտելի եմ համարում որոշ քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունները՝ ռազմական հեղաշրջումը որպես պետության առողջացման դրական միջոց ներկայացնելու՝ դա հիմնավորելով որոշ երկրներում արձանագրված հաջող օրինակներով (Հարավային Կորեա, Եգիպտոս): Այդպիսի օրինակներ, անշուշտ, կան, բայց տասնապատիկ ավելի շատ են այն դեպքերը, երբ հեղաշրջումները, դառնալով պարբերական, բառիս բուն իմաստով հանգեցրել են պետականության ոչնչացման և ժողովուրդների տևական տառապանքների (Աֆղանստան, Լիբիա, Սոմալի, Եմեն, Իրաք, Սիրիա, Լիբանան, Նիկարագուա և այլն)»,- նշված է առաջին նախագահի հայտարարության մեջ:

168.amի հետ զրույցում Հանրաապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով Լ. Տեր-Պետրոսյանի տարածած հայտարարությանը՝ նկատեց՝ այդ հայտարարությունը կարդալիս երկակի տպավորություն է  ստացել։

«Նախ՝ վերհիշենք, որ առաջին նախագահը պահանջել էր Նիկոլի հրաժարականը, նա իր հայտարարության մեջ հստակ ֆիքսում է՝ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանը փորձում է իր պարտության մեղքը գցել բանակի վրա։ Այսինքն՝ Տեր-Պետրոսյանը ևս գտնում է, որ պարտության մեղավորը Նիկոլն է, առաջին նախագահն էլ է ֆիքսել, որ նա է պարտության մեղավորը։ Այդ պարտության մեղավորն ինքն է, բայց նա այդքան պետական մտածողություն ու տղամարդկություն չունի, որ դա ընդունի, և փորձում է այդ պարտությունը գցել Գլխավոր շտաբի վրա։ Լևոն Տեր-Պետրոսյանը նաև ընդունում է, որ Գլխավոր շտաբի այդ հայտարարությունն արդարացված է, այսինքն՝ ստիպված արված հայտարարություն է, քանի որ Նիկոլը նման քայլերի է գնում։ Նա իր հայտարարության մեջ նաև կոչ է անում պետական, ռազմական հեղաշրջման չգնալ, և այլն։ Ես երբեք կողմ չեմ եղել, որ Հայաստանում բախումներ լինեն, բայց ես ուղիղ հարց ունեմ հարգարժան առաջին նախագահին՝ այս իրավիճակում՝ ո՞րն է  լուծումը, օր օրի մենք պետություն ենք կորցնում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Է. Շարմազանովն առաջարկում է Լևոն Տեր-Պետրոսյանին, որպեսզի իր երբեմնի հոգեզավակ Նիկոլ Փաշինյանի վրա ազդեցություն գործի, ու նա հրաժարական տա։

Ըստ նրա՝ միշտ էլ ասել են, որ իրենք դեմ են ցնցումներին, քանի որ ցանկացած ցնցում երկիրը կարող է տանել ավելի վատ հետևանքների, սակայն Նիկոլ Փաշինյանի ամեն օր մնալը ևս պետությունը կործանում, անունդն է գլորում։

«Սա է խնդիրը, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր այդ հայտարարության մեջ որևէ լուծում չի առաջարկում։ Բոլորս էլ գիտենք, որ երկրում իրավիճակը վատ է, ու Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, հիմա լուծումը ո՞րն է։ Իհարկե, ցնցումների գնալը ցանկալի չէ, բայց ստատիկ վիճակ չկա, երեկ ավելի լավ էր, քան այսօր»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը։

Նա նաև շեշտեց, որ եղել են լեգիտիմ իշխանություններ, որոնք կործանել են երկիրը, կա ընդամենը երկու օրինակ՝ Ադոլֆ Հիտլեր և Նիկոլ Փաշինյան, երկուսն էլ ընտրվել են մեծ ձայների քանակով։ Մեկը կործանել է Գերմանիան, մյուսը՝ Արցախը կործանելուց հետո, հիմա էլ Հայաստանն է կործանում։

«Այստեղ Հայաստանի ճակատագրի հարցն է, Տեր-Պետրոսյանը թող իր երբեմնի հոգեզավակին համոզի հրաժարական տալ, ասի, որ Հայաստանը կործանում է։ Նաև՝ այստեղ Օնիկ Գասպարյանի հարցը չէ, այստեղ բանակն է դուրս եկել Փաշինյանի գործունեության դեմ։ Այսպես երկար չի կարող շարունակվել, կամ այս կողմ է լինելու, կամ այն, այսպես երկիրն արնաքամ է լինում մեկ հոգու պատճառով։ Առաջիկա օրերը վճռական են լինելու Հայաստանի համար՝ Հայաստան կլինի՞, թե՞ ոչ։ Մենք երկիր ենք կորցնում»,- նշեց Է. Շարմազանովը։

Անդրադառնալով Տավուշից եկող հակասական տեղեկատվությանը, որ Սյունիքից հետո թշնամին սևեռվել է  Տավուշի վրա, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ կոնկրետ տեղեկատվություն չունի, սակայն հաշվի առնելով իշխանության գործելաոճը՝ ամեն ինչ սպասելի է։

«Իշխանությունը պաշտոնապես հերքում էր, որ պատերազմում պարտվում ենք, մինչև վերջին օրը Նիկոլն ասում էր, որ Շուշիի համար համառ մարտերը շարունակվում են, երկու ժամ հետո կապիտուլյացիա ստորագրեց։ 44 օր ասում էր՝ հաղթում ենք, ստում-ասում էին՝ Գետաշեն ենք հասել, գնալու ենք Գյուլիստան, ինչի՞ մասին է խոսքը։ Հաշվի առնելով, որ սրանց ամեն ինչը ստի վրա է կառուցված, չեմ էլ զարմանա, եթե Տավուշում ինչ-որ բան լինի»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։

Տեսանյութեր

Լրահոս