«Այս դժոխային կրակն օգնում է, որ օխլոսին տեսնենք, ազգային կրողներն առանձնանում են». Արծրուն Պեպանյան

«Պատմական դաժան անցյալի բերումով՝ ժողովրդի գերակշիռ մասի մոտ կա հոգեմտավոր շեղում, իրենք պետության զգացողություն չունեն, ազգի, հայրենիքի զգացողությունը շատ թուլացած է, և տարիներ շարունակ ահազանգում եմ, որ մեր առաջնային խնդիրն այդ խեղումը, շեղումը շտկելն է, և ջանում եմ քաղաքական դաշտի համար դա դարձնել օրակարգային: Առ այսօր ինձ դա չի հաջողվել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքական վերլուծաբան, գրող Արծրուն Պեպանյանը:

Նա նշեց, որ համաշխարհային փորձը տարիներ շարունակ ուսումնասիրելուց հետո 2007թ. ներկայացրել է վերոնշյալ խնդիրը լուծելու մի տարբերակ. «Եվ նորից փորձ եմ արել, որպեսզի քաղաքական դաշտին տեղ հասցնեմ, որ մենք այս խնդիրն ունենք և եթե այն չլուծենք, մեր երկիրը հանձնելու ենք թուրքերին: Ասում եմ՝ մեր ժողովրդի գերակշիռ մասը չունենալով այդ հատկանիշները՝ ակամա իրականացնում է թուրքական ծրագիր, իր երկիրը սարքելու փոխարեն՝ քանդում է: Իմ ասածները չլսեցին՝ մի շարք պատճառներով:

ՀՀ-ում չկա իշխանություն, որին ես տեղեկացրած չլինեմ: Այնպես որ, ոչ մեկը չի կարող ասել, որ տեղյակ չէին: Իշխանություններին միշտ ձեռնտու է անմակարդակ ժողովուրդ ունենալը՝ հեշտ կառավարելի է, կարող ես խաբել, ձայները գնել: Ընդդիմության մեջ էլ ոչ մեկը չի կարող ասել, որ տեղյակ չէր, բոլորը տեղյակ են: Այսօր ոչ մեկը սուրբ չէ: Այն ժամանակ ինձ ասում էին՝ այս մարդը նպատակային կերպով փորձում է անցյալով պայմանավորել կամ ժողովրդի վրա գցել մեղքը, որպեսզի իշխանությունների վրայից պատասխանատվությունը քչացնի:

Ընդդիմությունը որ նման բան ասեր, ասեր՝ ժողովուրդ, այս 100 մեղքը որ կա՝ 30-ի համար դուք եք մեղավոր, իրենց թիմային շահերից բխում էր, որ դա չասեն: Ես առաջարկում էի իրականացնել ժողովրդի մտածողության արմատական վերափոխում, դա քայլերի բարդ համակարգ է»:

Արծրուն Պեպանյանն ասաց, որ քանի որ ժողովուրդն ուներ հիվանդություն, եթե ոչ մի միջամտություն էլ չլիներ՝ այն խորանալու էր. «Հատկապես, որ մենք ընտրություններ էինք անում, ես ասում էի, որ ամեն մի ընտրություն խորացնում է այդ հիվանդությունը՝ դուք ջարդում եք ժողովրդին, իրեն չի կարելի տանել ընտրությունների: Այն, ինչ ես առաջարկում էի հանուն հայրենիքի, որ չարվեց, դրսի ուժերը, շատ լավ իմանալով մեր ժողովրդի այս պրոբլեմները, ու ինձանից էլ լավ իմանալով և իրենք էլ ունենալով որոշակի ծրագիր, արեցին Հայաստանում հակառակը այն քայլերի, որը ես էի առաջարկում: Իրենք ասացին՝ եկեք՝ այս ժողովրդին էլ ավելի հիվանդացնենք, օխլոսացած հատվածին է՛լ ավելի օխլոսացնենք:

Մենք ունենք նաև թուրքացած հայեր, որը ես չեմ հայտնաբերել՝ 100 տարի առաջ են հայտնաբերել, որոնք ատում են Հայաստանը, հային, հայոց պատմությունը, նրանց էլ ակտիվացնենք, կիսահայերին էլ բերենք օխլոս, և էլ ավելի խորացնենք, հասարակությանը դարձնենք քաղաքականապես իմպոտենտ, այդ հանգամանքն օգտագործելով՝ իշխանության բերենք այնպիսի մարդկանց, որոնք այս ծրագիրը կիրականացնեն»:

Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ նաև հանրության գիտակցության մեջ դրվեց, որ նախկին իշխանությունները հրեշ են, իրենց կուտեն. «Մարդիկ այնքան են բթացել, որ այս իրականությունը համեմատում են 2018թ. մարտից առաջ եղած իրականության հետ, և իրենց համար այն իրականությունը սարսափելի է, հասկանո՞ւմ եք: Երբ հայրենիքի մեծ մասը չունես, այսքան զոհեր, հայրենիքի այս մասն էլ վտանգի տակ է, միևնույն է, այս մարդկանց ուղեղն անջատած է, այդ սարսափը, որ նստեցրել են նրանց գիտակցության մեջ, չեն կարողանում հաղթահարել:

Ես 2007թ., որ լուծման տարբերակներ էի առաջարկում, այն ժամանակ ժողովրդի հիվանդությունը չէր հասցրել ինքնաբերաբար խորանալ, և դրսի ուժերը դեռ այդքան չէին աշխատել: Բայց, ցավոք, շատերը չէին էլ տեսնում այդ հիվանդությունը, մտածում էին՝ ես ծայրահեղացնում եմ, և մենք այդ առիթը բաց թողեցինք: Հիմա շատ ավելի դժվար է: Բայց ես հետևյալն եմ տեսնում՝ ենթադրենք, ոչինչ չենք անում. Արտաքին ուժերի ծրագիրը սկսում է իրականանալ, իրենք էլ օգտվում են մեր ժողովրդի հոգեմտավոր շեղումներից, և ենթադրենք՝ 20 տարի հետո Հայաստան չի լինի, անունը կարող է մնալ, բայց համարյա հայ չլինի, կամ հայի տեսակը հնարավորություն չունենա վերարտադրվելու, ով ասես՝ լցվի:

Ենթադրենք՝ 20 տարվա է, ես առաջարկում եմ, որ փորձենք այդ ժամանակը ձգել՝ 40 տարի սարքել: Սրա համար անհրաժեշտ է, որ այս պահի դրությամբ ազգային նախաձեռնություններն ի մի գան, որոշակիորեն դիմադրությունը մեծանա»:

Արծրուն Պեպանյանը մի օրինակ բերեց՝ իրավիճակն ավելի պատկերավոր ներկայացնելու համար. «Պատկերացրեք՝ ունեք մի մետաղյա գունդ, որը տարիներ շարունակ գտնվել է դրսում, վրայի կեղևը ժանգոտել է: Եթե այդ գունդը տանում ես ինչ-որ մեկին, ոչ ոք չի նայում, որովհետև պիտանի չէ: Հայաստանը հիմա այդ կարգի է:

Վրայի կեղևը համարում եմ օխլոսին՝ ժողովրդի այն տեսակը, որ ազգի, հայրենիքի զգացողություն չունի, բայց իրենք մեծաքանակ են, ու դու որ Հայաստանին նայում ես, շփվում ես, հիմնականում իրենց ես տեսնում, իրենց վարքն է հասարակական կյանքում ընդունված, և ոչ, ասենք՝ իմ, և կարծիք են կազմում դրանով, ու լավ կարծիք չի լինում: Մենք էլ գոհ չենք իրականությունից, որովհետև այդ օխլոսը շատ է: Հիմա գիտե՞ք ինչ վիճակ է. Այս գունդը դրել են ուժեղ կրակի վրա, որից ինքը սկսել է տաքանալ-տաքանալ, որից կեղևը պետք է ճաքճքի, թափվի, որոշակի աստիճանի տաքացնելուց հետո իրական միջուկը երևալու է, և քո ջերմությունն իրեն է հասնելու:

Այդ միջուկը սկսելու է տաքանալ, ազգային ուժերն էլ փոքր հալված կտորներ են, որոնք ներքաշվելու են այդ միջուկի մեջ և մեծանան:

Կրակը տառապանքն է, ճիշտ է՝ մենք տառապում ենք, բայց այս դժոխային կրակն օգնում է, որ մենք օխլոսին տեսնենք, ազգային կրողներն առանձնանում են, օխլոսը հիմա մասամբ իշխանամերձ է, բայց այդ միջուկի ներքևում է: Երբ միջուկը համախմբվի, դառնալու է դիմադրողունակ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս