«Գործ ունենք ապաշնորհ գործունեության հետ, որի արդյունքում միջազգային հարթակներում խաթարվում է Հայաստանի հեղինակությունը». Վարդան Ոսկանյան

Հայաստանում օրեր առաջ վայրէջք կատարած իրանական «Ֆարս Էյր Քեշմ» ընկերության օդանավը  գտնվում է միջազգային սանկցիաների տակ։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն ասաց, որ այս ամենը բավականին մութ պատմություն է, հայկական բոինգի հետ կապված պատմությունն էլ անհասկանալի մնաց։

«Պատկան մարմինները դրա հետ կապված անհրաժեշտ պարզաբանումներ կամ մեկնաբանություններ չտվեցին, դրա համար շատ դժվար է ենթադրել, թե ինչ խնդրի հետ մենք գործ ունենք և ինչպիսի գործընթացներ են ընթանում։

Եթե փորձեմ ընդհանուր գնահատական հնչեցնել դրանց, ապա ակնհայտ է, որ մենք գործ ունենք հերթական, մեղմ ասած, ոչ պրոֆեսիոնալիզմի, եթե չասեմ՝ ապաշնորհ գործունեության հետ, որի արդյունքում, ըստ էության, միջազգային հարթակներում խաթարվում է Հայաստանի վարքն ու հեղինակությունը։ Այսինքն՝ ակնհայտ է, որ մենք Իրանի հետ պետք է ունենանք չափազանց սերտ բարեկամական հարաբերություններ և այդ հարաբերությունների համատեքստում օգտագործենք մեր ունեցած ողջ պոտենցիալը։ Սակայն բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան այնպես, որպեսզի առնվազն միջազգային հարթակներում նման խայտառակ իրավիճակի ականատես չլինենք։ Հետևաբար՝ դժվար է բացատրել, թե ինչ տրամաբանությամբ են առաջնորդվել և ինչ գործիքակազմով են աշխատել, որի հետևանքով մենք հայտնվել ենք նման շատ տարօրինակ իրավիճակում»,- ասաց Վարդան Ոսկանյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանը պետք է սեփական ջանքերով Իրանի հետ աշխատի՝ շատ դեպքերում ուշադրություն չդարձնելով այն պատժամիջոցներին, որոնք կիրառվում են Իրանի նկատմամբ, եթե այդ ամենը բխում է Հայաստանի կենսական շահերից։

«Կրկնում եմ՝ այդ ամենը պետք է արվի չափազանց նրբորեն, որպեսզի նման սկանդալային պատմությունների մեջ չհայտնվենք։ Ակնհայտ է, որ ներկա իշխանությունների այս ոլորտի պատասխանատուներն ունակ չեն նման գործունեության և ըստ էության իրականացնում են այնպիսի աշխատանք, եթե կարելի է այդ ամենն աշխատանք կոչել, որը հարցականի տակ է դնում ոչ միայն Հայաստանի հեղինակությունը, այլև հայ-իրանական հարաբերությունների ամբողջ համատեքստը։ Կարծում եմ՝ նման գործելաոճը չի կարող շարունակվել ու շարունակական լինել»,- ընդգծեց Վ. Ոսկանյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Նիկոլ Փաշինյանի ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հայտնել էր, որ հայկական ինքնաթիռ են առևանգել.

«Փետրվարի 21-ին ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից՝ հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին: Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալինից, և, ըստ պլանի՝ պետք է վայրէջք կատարեր Երևանում: Բայց դրա փոխարեն՝ օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ, տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր նա։

Տեսանյութեր

Լրահոս