Ո՞ր ընկերությանն է պատկանում առևանգված ինքնաթիռը, և ի՞նչ սկանդալներով է նա հայտնի

Դեռևս նախորդ տարի հայտնի դարձավ, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) անգործության հետևանքով հայկական ավիաընկերություններն ընդգրկվեցին ԵՄ-ի «սև ցուցակում», որի պատճառով հայկական ավիաընկերությունները զրկվեցին դեպի Եվրոպա կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու իրավունքից:

Այսօր արդեն, ինչպես տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը, հայկական օդանավի առևանգում է տեղի ունեցել:

«Փետրվարի 21-ին ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից՝ հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին: Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալինից, և, ըստ պլանի՝ պետք է վայրէջք կատարեր Երևանում: Բայց դրա փոխարեն, օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ, տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում»,- գրել էր նա իր ֆեյսբուքյան էջում:

Հակոբ Ճաղարյանի հայտարարությանը հաջորդեց ՔԱԿ-ի հերքող և միևնույն ժամանակ հաստատող   հայտարարությունը. «Առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ»:

Նշենք, որ առևանգված օդանավը պատկանում է հայկական նորաստեղծ «Fly Armenia Airways»-ին, որի արտասահմանցի ներդրողը հայտնի է սկանդալներով՝ փողերի լվացում, պարտքերի կուտակում, զենքերի տեղափոխում, հետախուզում և այլն:

Թեև ՔԱԿ նախագահ Տաթևիկ Ռևազյանը դեռ ամիսներ առաջ մեծ ցնծությամբ Ազգային ժողովի ամբիոնից խոսեց և որպես իր արած աշխատանքի արդյունք՝ ներկայացրեց, թե ավիաընկերության՝ հայկական շուկա մուտք գործելով՝ որքան աշխատատեղ է ստեղծվելու, որքան օգուտ է երկիրը ունենալու, սակայն, երբ ավիաընկերությունը բերեց եռագույնը կրող իր առաջին օդանավը, ՔԱԿ-ից մեկ արձագանք անգամ չեղավ: Չի բացառվում, որ դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ նա արդեն գիտեր, թե ինչ պատմություններ են հաջորդելու ընկերության մուտք գործելուն:

 

Տեսանյութեր

Լրահոս